ԵՐԵՄԻԱ. Chapter 26

1 Այս է Տիրոջ խօսքը՝ ասուած Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի թագաւորութեան սկզբում.
2 այսպէս է ասում Տէրը. Կանգնի՛ր Տիրոջ Տան գաւթում եւ Յուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տունը, յայտնի՛ր այն բոլոր բաները, որ պատուիրեցի քեզ մարգարէանալու նրանց համար։
3 Ոչ մի բան չպակասեցնես։
4 Թերեւս լսեն, ու ամէն մէկը յետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ յետ կանգնեմ այն չարութիւններից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի։
5 Ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. Եթէ ինձ չլսէք, չընթանաք ձեզ համար կարգած իմ օրէնքով,
6 ականջ չդնէք իմ ծառայ մարգարէների խօսքերին, որոնց ես կանխաւ ուղարկեցի ձեզ մօտ, - ուղարկեցի, բայց դուք չլսեցիք, -
7 ապա այդ Տունը կը դարձնեմ Սելոմի նման, իսկ այս քաղաքն աշխարհի բոլոր ցեղերի անէծքին կը դատապարտեմ։
8 Տիրոջ Տան մէջ այս խօսքերն ասելիս՝ քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը լսեցին Երեմիային։
9 Իսկ երբ Երեմիան դադարեց խօսելուց՝ ամբողջ ժողովրդին ասելով ամէն բան այնպէս, ինչպէս նրան հրամայել էր Տէրը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարէներն ու ողջ ժողովուրդը եւ ասացին.
10 Դու մահ պիտի գտնես, որովհետեւ Տիրոջ անունից մարգարէացար եւ ասացիր, թէ այս Տունը պիտի դառնայ Սելոմի նման, եւ այս քաղաքը պիտի ամայանայ բնակիչներից։ Ժողովուրդը Տիրոջ Տան մէջ կուտակուեց Երեմիայի շուրջը։
11 Յուդայի երկրի իշխանները, լսելով այս բաները, թագաւորի պալատից եկան Տիրոջ Տունը եւ նստեցին Տիրոջ Տան նոր դարպասի առաջ։
12 Քահանաներն ու սուտ մարգարէներն իշխաններին եւ ողջ ժողովրդին ասացին. Այդ մարդը մահուան դատավճռի է արժանի, որովհետեւ, ինչպէս ձեր իսկ ականջներով լսեցիք, մարգարէացաւ այս քաղաքի մասին։
13 Իսկ Երեմիան բոլոր իշխաններին եւ ողջ ժողովրդին ասաց. Տէրն ինձ ուղարկեց այս Տան եւ քաղաքի վերաբերեալ մարգարէանալու այն բոլոր խօսքերը, որ լսեցիք.
14 ուրեմն ձեր ճանապարհներին ու ձեր գործերին ուղի՛ղ ընթացք տուէք եւ ակա՛նջ դրէք ձեր Տէր Աստծու ձայնին, որպէսզի Տէրը յետ կանգնի այն չարութիւններից, որոնց մասին յայտնեց ձեզ։
15 Ես ահաւասիկ ձեր ձեռքին եմ. վարուեցէ՛ք ինձ հետ, ինչպէս ձեզ համար օգտակար կամ լաւ կը համարէք։
16 Բայց լա՛ւ իմացէք, որ եթէ դուք ինձ սպանէք, անմեղ արեան տակ պիտի ընկնէք դուք եւ այս քաղաքն ու իր բնակիչները, քանզի արդարեւ Տէրն ինձ ուղարկեց ձեզ մօտ՝ ձեր ականջին ասելու այս բոլոր խօսքերը։
17 Այն ժամանակ իշխաններն ու ողջ ժողովուրդն ասացին քահանաներին եւ սուտ մարգարէներին. Այդ մարդը մահուան դատավճռի ենթակայ չէ, որովհետեւ Տէր Աստծու անունից խօսեց մեզ հետ։
18 Երկրի ծերերից մի քանի մարդիկ ոտքի ելան եւ ասացին հաւաքուած ողջ ժողովրդին.
19 Յուդայի երկրի արքայ Եզեկիայի ժամանակ Միքիէ Մորստացին մարգարէացել է եւ ասել Յուդայի երկրի ամբողջ ժողովրդին. Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. ՚ Սիոնն, ինչպէս ագարակ, արօրով պիտի հերկուի, Երուսաղէմը պիտի վերածուի այգեպանների հիւղակների, իսկ այդ Տան լեռը՝ մայրու անտառի։
20 Բայց արդեօք Յուդայի երկրի Եզեկիա արքան եւ համայն Հրէաստանը դրա համար նրան սպանեցի՞ն. միթէ չվախեցա՞ն Տիրոջից ու չխնդրեցի՞ն Տիրոջը. եւ Տէրը հրաժարուեց այն բոլոր չարութիւններից, որ ասել էր նրանց դէմ։ Իսկ մենք ինքներս մեծ չարիք ենք բերելու մեզ։
21 Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամէայի որդի Ուրիան, որ մարգարէութիւն արեց Տիրոջ անունից. մարգարէութիւն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերեալ՝ յար եւ նման Երեմիայի բոլոր ասածներին։
22 Նրա բոլոր խօսքերը լսեցին Յովակիմ արքան, նրա բոլոր մեծամեծները եւ բոլոր իշխանները։ Նրանք ուզում էին սպանել նրան։ Ուրիան, լսելով, վախեցաւ ու փախաւ գնաց Եգիպտացիների երկիրը։
23 Իսկ Յովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքոբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։
24 Նրանք հանեցին նրան այնտեղից եւ բերին Յովակիմ արքայի մօտ. սա սրով սպանեց նրան եւ գցեց հասարակաց գերեզմանոցը։
25 Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թէ նա ժողովրդի ձեռքը մատնուի, ու սպանեն նրան։