ԵՐԵՄԻԱ. Chapter 21

1 Սա է Տիրոջ խօսքը, ուղղուած Երեմիային, երբ Սեդեկիան վերջինիս մօտ ուղարկեց Մելքիայի որդի Պասքորին եւ Մասիայի որդի Սոփոնիա քահանային՝ յայտնելով.
2 Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յարձակուեց մեզ վրայ. գուցէ Տէրն ըստ իր բոլոր հրաշքների՝ մի բան անի մեզ համար եւ վանի նրան մեզնից։
3 Իսկ Երեմիան նրանց ասաց. Այսպէ՛ս ասացէք Սեդեկիային.
4 Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ահաւասիկ ես շուռ եմ տալու ձեր պատերազմական զէնքերը, որ բռնել էք ձեռքներիդ եւ նրանցով կռւում էք բաբելացիների արքայի ու քաղդէացիների դէմ, որոնք պարսպի դրսից պաշարել են ձեզ։ Այդ զէնքերը հաւաքելու եմ քաղաքի մէջ։
5 Ես էլ պիտի պատերազմեմ ձեր դէմ՝ ձեռքս երկարած, բազուկս բարձրացրած, սրտմտութեամբ, բարկութեամբ ու մեծ ցասմամբ։
6 Այդ քաղաքի բնակիչներին, մարդ թէ անասուն, պիտի կոտորեմ սոսկալի մահով, ու նրանք պիտի մեռնեն։
7 Իսկ դրանից յետոյ, - ասում է Տէրը, - Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, իր ծառաներին ու ժողովրդին, որ այդ քաղաքի մէջ փրկուած կը լինեն մահից, սրից ու սովից, պիտի մատնեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, իրենց թշնամիների ձեռքը, այն մարդկանց ձեռքը, ովքեր հետամուտ էին սպանելու նրանց. նրանք սրի սայրով պիտի կոտորեն դրանց։ Ես չեմ խնայելու դրանց, չեմ ողորմելու դրանց եւ չեմ գթալու դրանց։
8 Ու ժողովրդին կը յայտնես. Այսպէս է ասում Տէրը. ՚ Ահաւասիկ ես ձեր դիմաց դրել եմ կեանքի ճանապարհը եւ մահուան ճանապարհը։
9 Ով որ նստի այդ քաղաքում, սրով, սովով ու մահով պիտի մեռնի, իսկ նա, ով ելնի ու կանգնի քաղդէացիների առաջ, որոնք պաշարել են ձեզ, պիտի ապրի. նրա հոգին իրեն պարգեւ պիտի լինի, եւ նա ողջ պիտի մնայ։
10 Երեսս դէպի այդ քաղաքը դարձրի չարութի՛ւն անելու համար եւ ոչ թէ բարութիւն, - ասում է Տէրը. - այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա։
11 Ո՛վ Յուդայի երկրի թագաւորի տուն եւ Դաւթի տուն, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը։
12 Այսպէս է ասում Տէրը. Առաւօտից սկսած արդա՛ր դատաստան արէք, իրաւապա՛հ եղէք, զրկուածին փրկեցէ՛ք նրան զրկողի ձեռքից, որպէսզի իմ բարկութիւնը չբորբոքուի որպէս կրակ. թէ չէ այն կը վառուի, եւ ձեր անիրաւ ընթացքի պատճառով ոչ ոք չի լինի, որ հանգցնի։
13 Ահա ես կանգնած եմ քո դէմ, ո՛վ դու, որ բնակւում ես Տիւրոսի ծործորներում ու դաշտերում, - ասում է Տէրը. - դուք էիք, որ ասում էիք. Ո՞վ կը զարհուրեցնի մեզ, կամ ո՞վ կը մտնի մեր բնակատեղին։
14 Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կը պատժեմ ձեզ, - ասում է Տէրը, - կրակ կը վառեմ ձեր անտառներում, եւ նա ամէն ինչ կը լափի իր շուրջը։