ԵՐԵՄԻԱ. Chapter 24

1 Տէրն ինձ ցոյց տուեց թուզով լի երկու կողով, որոնք դրուած էին Տիրոջ տաճարի առաջ այն բանից յետոյ, երբ բաբելացիների արքայ Նաբուքոդոնոսորը Երուսաղէմից գերեց Յուդայի երկրի արքայ Յովակիմի որդի Յեքոնիային, Յուդայի երկրի իշխաններին, արհեստաւորներին, դարբիններին ու մեծամեծներին եւ տարաւ նրանց Բաբելոն։
2 Կողովներից մէկը լցուած էր անչափ քաղցր թուզով, ինչպիսին լինում է վաղահաս թուզը, իսկ երկրորդ կողովը՝ ժանտահամ թուզով, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում։ Տէրն ինձ ասաց. Ի՞նչ ես տեսնում, Երեմիա՛։
3 Ասացի. Թուզ, քաղցր թուզ, շատ քաղցր թուզ, նաեւ՝ ժանտ թուզ, անչափ ժանտ, որ իր դառնութեան պատճառով չի ուտւում։
4 Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասաց.
5 Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. ինչպէս այդ քաղցր թուզն է, այդպէս են ինձ համար Յուդայի երկրի գերեալները, որոնց այդտեղից ուղարկեցի Քաղդէացիների երկիրը բարիք անելու համար.
6 եւ իմ աչքը պիտի պահեմ նրանց վրայ բարութեան համար, նրանց պիտի պատսպարեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց եւ ոչ թէ քանդեմ, պիտի տնկեմ նրանց եւ ոչ թէ արմատախիլ անեմ։
7 Ես նրանց այնպիսի սիրտ եմ տալու, որ ճանաչեն ինձ, թէ ես եմ Տէրը. թող նրանք ինձ համար ժողովուրդ լինեն, իսկ ես նրանց համար կը լինեմ Աստուած, որպէսզի նրանք իրենց ամբողջ սրտով ի՛նձ դառնան։
8 Իսկ ինչպէս այդ ժանտ թուզը, որն իր դառնութեան պատճառով չի ուտւում, այդ վիճակին պիտի մատնեմ Յուդայի երկրի արքայ Սեդեկիային, նրա մեծամեծներին, Երուսաղէմում մնացածներին, այդ երկրում մնացածներին եւ Եգիպտոսում բնակուողներին։
9 Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների մէջ՝ նախատինքի, անարգանքի, ատելութեան ու անէծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։
10 Դրանց վրայ պիտի ուղարկեմ սուր, սով ու մահ, մինչեւ որ անհետանան այն երկրից, որը տուեցի իրենց եւ իրենց հայրերին։