ԵՐԵՄԻԱ. Chapter 25

1 Այս է Երեմիային ուղղուած խօսքը՝ Յուդայի երկրի ժողովրդի մասին, ասուած Յուդայի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն, -
2 այն խօսքը, որ յայտնեց Երեմիա մարգարէն Յուդայի երկրի համայն ժողովրդին եւ Երուսաղէմի բնակիչներին՝ ասելով.
3 Յուդայի երկրի արքայ Ամոնի որդի Յոսիայի տասներեքերորդ տարուց մինչեւ այսօր, այսինքն՝ քսաներեք տարի, Տէրը խօսեց ինձ հետ, ու ես վաղ առաւօտից իսկ խօսում էի ձեզ հետ, ասում, բայց դուք չլսեցիք։
4 Վաղօրօք արձակեցի ու ձեզ մօտ ուղարկեցի իմ ծառաներին՝ մարգարէներին, բայց դուք չլսեցիք, չանսացիք ու ձեր ականջներով չլսեցիք։
5 Ասում էի. Ամէնքդ դարձէ՛ք ձեր չար ճանապարհից, ձեր չար ընթացքից, որպէսզի բնակուէք այդ երկրում, որ յաւիտեանս յաւիտենից տուել եմ ձեզ ու ձեր հայրերին։
6 Չգնա՛ք օտար աստուածների յետեւից՝ նրանց ծառայելու եւ երկրպագելու համար, չբարկացնէ՛ք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի չչարչարեմ ձեզ։
7 Բայց դուք ինձ չլսեցիք, - ասում է Տէրը, - քանզի բարկացրիք ինձ ձեր ձեռքի գործերով, որպէսզի չարչարեմ ձեզ։
8 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Քանի որ չհաւատացիք իմ խօսքերին,
9 ահա ես կ՚ուղարկեմ, կ՚առնեմ հիւսիսի բոլոր ցեղերին, - ասում է Տէրը, - նաեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, եւ նրանց կը բերեմ այդ երկրի վրայ, դրա բնակիչների վրայ, այն բոլոր ցեղերի վրայ, որ դրա շուրջն են, կը բնաջնջեմ դրանց, կը մատնեմ աւարի ու ապականութեան, սուլոցի ու յաւիտենական նախատինքի։
10 Դրանց միջից կը վերացնեմ ուրախութեան ձայնը եւ ձայնը ցնծութեան, փեսայի ձայնը եւ ձայնը հարսի, երկանքի ձայնը եւ լոյսը ճրագի։
11 Այդ ողջ երկիրը կը վերածուի աւերի ու ապականութեան, նրա բնակիչները եօթանասուն տարի կը ծառայեն այդ ցեղերին եւ բաբելացիների արքային։
12 Իսկ երբ լրանայ եօթանասուն տարին, վրէժխնդիր կը լինեմ բաբելացիների արքայից եւ այդ ազգից՝ իրենց անօրէնութիւնների համար, - ասում է Տէրը, - ինչպէս եւ Քաղդէացիների երկրից. դրանք կը դարձնեմ յաւիտենապէս ամայի։
13 Այդ ամբողջ երկրի վրայ կը բերեմ այն ամէնը, ինչ ասել եմ նրա մասին ըստ այն ամենի, ինչ գրուած է այս գրքում, որ մարգարէացել է Երեմիան բոլոր ազգերի մասին, որոնց ծառայել են նրանք։
14 Դրանք բազում ցեղեր են եւ մեծամեծ թագաւորութիւններ. նրանց ես պիտի հատուցեմ ըստ իրենց անօրէնութիւնների, ըստ իրենց ձեռքի գործերի։
15 Այսպէս է ասում ինձ Տէր Աստուածն Իսրայէլի. Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից եւ խմեցրու բոլոր ազգերին, որոնց մօտ կ՚ուղարկեմ քեզ.
16 նրանք կը խմեն այն ցմրուր եւ խելքները կը թռցնեն այն սրի ահից, որ ես նրանց վրայ եմ ուղարկելու։
17 Ես վերցրի բաժակը Տիրոջ ձեռքից եւ խմեցրի այն բոլոր ազգերին, որոնց մօտ ուղարկեց ինձ Տէրը՝
18 Երուսաղէմին եւ Յուդայի երկրի քաղաքներին, նրա թագաւորներին եւ նրա իշխաններին՝ մատնելու դրանք աւերի ու անապատի, սուլոցի ու անէծքի, ինչպէս որ այս օրերում են,
19 նաեւ եգիպտացիների արքայ Փարաւոնին, նրա պաշտօնեաներին եւ նրա մեծամեծներին, նրա ամբողջ ազգին եւ ամբողջ խառնիճաղանջ զօրքին,
20 նաեւ կղզու բոլոր թագաւորներին եւ այլազգիների երկրի բոլոր թագաւորներին՝ Ասկաղոնին ու Գազային, Ակկարոնին ու Ազոտոսի մնացորդներին,
21 եդոմացիներին, մովաբացիներին եւ ամոնացիներին,
22 նաեւ Տիւրոսի բոլոր թագաւորներին, սիդոնացիների բոլոր թագաւորներին եւ այն կղզու թագաւորներին, որ գտնւում է ծովի միւս կողմում,
23 Դեդանին, Թեմանին, Բոկին եւ բոլոր նրանց, ովքեր երեսներն են ածիլում,
24 նաեւ արաբացիների բոլոր թագաւորներին եւ անապատում ապրող խառնիճաղանջ ցեղերի բոլոր թագաւորներին.
25 նաեւ Զամբրիի բոլոր թագաւորներին, Ելամի բոլոր թագաւորներին ու պարսից բոլոր թագաւորներին.
26 նաեւ միմեանցից հեռու կամ իրար մօտ հիւսիս-արեւելքի բոլոր թագաւորներին, ինչպես նաեւ երկրի բոլոր թագաւորներին, որոնք կան աշխարհի երեսին։ Իսկ ամենավերջում պիտի խմի Սիսակ թագաւորը։
27 Ապա կ՚ասես նրանց. այսպէս է ասում Իսրայէլի Ամենակալ Տէր Աստուածը. Պիտի խմէք ու հարբէք, յիմարանաք ու կործանուէք եւ ոտքի չէք կանգնելու այն սրի պատճառով, որ ես ուղարկելու եմ ձեզ վրայ։
28 Իսկ երբ այնպէս լինի, որ խմելու համար քո ձեռքից չկամենան ընդունել բաժակը, կ՚ասես նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Խմելով պիտի հարբէք,
29 որովհետեւ չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրայ դրուած է իմ անունը։ Իսկ դուք մաքո՞ւր պիտի դուրս գաք։ Ո՛չ, մաքուր չէք դուրս գալու, քանզի ես սրի կոչ արձակեցի ամենքի դէմ, ովքեր բնակւում են երկրի վրայ, - ասում է Զօրութիւնների Տէրը։
30 Դու էլ նրանց համար կը մարգարէանաս իմ այս բոլոր պատգամները եւ կ՚ասես նրանց. Տէրն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տայ, իր ձայնը, հրամանի իր խօսքը պիտի արձակի իր տեղից, եւ նրանք, այգեկութ անողների պէս, երկրի բոլոր բնակիչներին պատասխան պիտի տան, թէ մահը վրայ հասաւ երկրից,
31 քանզի Տէրն ազգերի մէջ դատաստան պիտի տեսնի, պիտի դատի ամէն մարդու, եւ ամբարիշտները սրի են մատնուելու, - ասում է Տէրը։
32 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Ահա չարիքները պիտի անցնեն մի ազգից միւսին, երկրի ծագերից մեծ մրրիկ պիտի բարձրանայ,
33 եւ Աստծու ամէն օր աշխարհի մի ծայրից մինչեւ միւսը պիտի գտնուեն Տիրոջ կողմից խոցուածներ։ Նրանք կոծի չեն արժանանալու, չեն հաւաքուելու, ինչպէս աղբ՝ թափուած են մնալու դաշտի երեսին։
34 Գո՛յժ բարձրացրէք եւ աղաղակեցէ՛ք, ո՛վ հովիւներ, ողբացէ՛ք, ոչխարների հօտի խոյե՛ր, որովհետեւ հասան ձեր մորթուելու եւ ցիրուցան լինելու օրերը. պիտի զոհ գնաք ինչպէս ընտիր խոյեր։
35 Հովիւները փախչելու տեղ չեն գտնելու, իսկ ոչխարների հօտի խոյերը՝ փրկութիւն։
36 Ահա լսւում է հովիւների գոյժի ձայնը, ոչխարների հօտի խոյերի աղաղակը, քանզի Տէրը ոչնչացրեց նրանց արօտները։
37 Տիրոջ բարկութեան ու ցասման պատճառով վերացաւ խաղաղութեան գեղեցկութիւնը։
38 Նրանք լքեցին երկիրը, ինչպէս առիւծն՝ իր որջը, եւ նրանց երկիրն անապատ դարձաւահեղ սրի բարկութիւնից ու ցասումից, Տիրոջ բարկութիւնից ու ցասումից։