ԵՐԵՄԻԱ. Chapter 30

1 Այս է այն խօսքը, որ Տէրն ուղղեց Երեմիային՝ ասելով.
2 Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատեանի մէջ։
3 Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ Իսրայէլի իմ գերեալ ժողովրդին, նաեւ Յուդայի երկրի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը, - ասում է Տէրը, - որ տուեցի նրանց հայրերին, որպէսզի տիրեն նրան։
4 Սրանք են այն խօսքերը, որ խօսեց Տէրը Իսրայէլի եւ Յուդայի երկրի մասին.
5 այսպէս է ասում Տէրը. Սարսափի ձայն պիտի լսէք, ձայնը ահեղ գոյժի, որից մարդկանց մէջքերը պիտի դողան, եւ փրկութիւն ու հանգստութիւն չպիտի լինի։
6 Հարցրէ՛ք ու տեսէ՛ք, թէ երբեւէ արուն ծնե՞լ է. հապա ինչո՛ւ ամէն տղամարդու տեսնում եմ իր ձեռքերը մէջքին պահած, ինչպէս ծննդկան կինը, եւ բոլորի դէմքի գոյնը դալուկ դարձած.
7 քանզի մեծ է այն օրը, եւ նրա նմանը չկայ։Դա Յակոբի համար սարսափելի նեղութեան ժամանակ է լինելու, բայց նա փրկուելու է դրանից։
8 Այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը, - նրանց պարանոցից խորտակելու եմ լուծը, խզելու եմ նրանց կապանքները. նրանք այլեւս օտարներին հարկատու չեն մնալու,
9 այլ ծառայելու են իրենց Տէր Աստծուն. նրանց համար վերականգնելու եմ իրենց Դաւիթ արքային։
10 Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառայ Յակոբ, - ասում է Տէրը, - չզարհուրես, ո՛վ Իսրայէլ, որովհետեւ ահաւասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերութեան երկրից։ Պիտի վերադառնայ Յակոբը, հանգստութիւն պիտի գտնի ու բարեկեցիկ կեանք ունենայ, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
11 Ահա ես քեզ հետ եմ, - ասում է Տէրը, - որպէսզի փրկեմ քեզ եւ կործանեմ այն ազգերին, որոնց մէջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարութեամբ եմ պատժելու եւ քաւութիւն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ։
12 Այսպէս է ասում Տէրը. Սաստկացրի քո տառապանքը. քո կրած հարուածները ցաւագին են,
13 քո դատը պաշտպանող չկայ։ Դու բժշկուեցիր քո ցաւերից, բայց դա քեզ օգուտ չբերեց։
14 Քո բոլոր բարեկամները քեզ մոռացան եւ չեն հարցնում քո մասին։ Իբրեւ սոսկալի խրատ՝ ես թշնամական հարուածներ հասցրի քեզ։ Քո բոլոր անօրէնութիւնների պատճառով բազմացան մեղքերդ։
15 Քո կրած հարուածների համար ի՞նչ ես աղաղակ բարձրացրել։ Բայց ես քեզ չեմ ոչնչացնելու։ Բուռն են քո ցաւերը. դրանք սաստկացան քո բազում անօրէնութիւնների պատճառով, դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են։
16 Սակայն ամէնքը, որ յօշոտում էին քեզ, իրե՛նք պէտք է յօշոտուեն, քո բոլոր թշնամիները պիտի յօշոտեն իրենց մարմինները։ Քո անօրէնութիւնները բազմացան ու յաճախակի դարձան. դրանք քո մեղքերի՛ հետեւանքն են։ Քեզ աւերողներն իրե՛նք պիտի աւերի ենթարկուեն, քո բոլոր աւարառուներին ես աւարի պիտի մատնեմ։
17 Քո ցաւագին վէրքերին բժշկութիւն պիտի բերեմ, պիտի բժշկեմ քեզ, - ասում է Տէրը, - որովհետեւ, Սիո՛ն, դու աստանդական կոչուեցիր. ասացին՝ Դա է ձեր որսը, բայց ով որ փնտռի՝ չի գտնի նրան։
18 Այսպէս է ասում Տէրը. Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կը վերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կը վերականգնուի։
19 Այնտեղից կը ծաւալուի երգիչների ու պարողների ձայնը։ Պիտի բազմացնեմ նրանց, եւ նրանք չպիտի նուազեն, պիտի տարածեմ նրանց, եւ նրանք չպիտի թուլանան։
20 Նրանք առաջուայ պէս ելումուտ պիտի անեն. նրանց օրէնքներն իմ աչքին հաստատուն պիտի դառնան։ Դատաստան պիտի կարդամ նրանց նեղողների գլխին,
21 որոնց հանդէպ նրանք աւելի զօրաւոր պիտի լինեն։ Իրենց իշխանը իրենց միջի՛ց պիտի ելնի։ Պիտի հաւաքեմ նրանց, ու նրանք պիտի վերադառնան ինձ մօտ, քանզի ո՞վ ինքն իրեն սիրտ կ՚անի դառնալ Տիրոջ մօտ, - ասում է Տէրը։ -
22 Դուք ինձ համար ժողովուրդ կը լինէք, իսկ ես ձեզ համար կը լինեմ Աստուած։
23 Ահա Տիրոջ բարկութիւնը ցասմամբ բորբոքուեց, մրրիկի պէս բորբոքուեց նրա բարկութիւնն ամբարիշտների վրայ։
24 Տիրոջ բարկութիւնն ու զայրոյթը կը գան ու յետ չեն շրջուի, մինչեւ որ նա կատարի իր սրտի կամքը։ Վերջին օրերին դուք կը հասկանաք դա։