ԵՐԵՄԻԱ. Chapter 32

1 Այս է այն խօսքը, որ Յուդայի երկրի Սեդեկիա արքայի տասներորդ տարին, այն է՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարին, Տէրն ուղղեց Երեմիային։
2 Այն ժամանակ բաբելացիների արքայի զօրքը պաշարել էր Երուսաղէմը, իսկ Երեմիա մարգարէն կալանաւորուած էր Յուդայի երկրի թագաւորի ապարանքի բանտի սրահում, որտեղ արգելափակել էր նրան Սեդեկիա արքան՝ ասելով.
3 Ինչո՞ւ դու մարգարէութիւն ես անում եւ ասում, թէ այսպէս է ասում Տէրը՝ Ահաւասիկ ես այս քաղաքը բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի յանձնեմ, նա պիտի վերցնի դա,
4 եւ Յուդայի երկրի Սեդեկիա արքան չպիտի փրկուի քաղդէացիների ձեռքից, պիտի մատնուի բաբելացիների թագաւորի ձեռքը, դէմառդէմ պիտի խօսի նրա հետ, եւ իր աչքերը պիտի տեսնեն նրա աչքերը։
5 Սեդեկիան պիտի մտնի Բաբելոն եւ պիտի նստի այնտեղ, մինչեւ որ այցելութեան գամ իրեն, - ասում է Տէրը. - ինչո՞ւ էք մարտնչում քաղդէացիների դէմ, որից ոչ մի յաջողութիւն չէք ունենալու։
6 Եւ Տէրը, խօսքն ուղղելով Երեմիային, ասում է.
7 Ահա քո հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը քեզ մօտ է գալու եւ ասելու. Դու քեզ համար գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, որովհետեւ ազգակցութեան կարգով պատշաճ է, որ դո՛ւ առնես այն որպէս սեփականութիւն։
8 Եւ իմ հօրեղբայր Սելոմի որդի Անամայէլը, ըստ Տիրոջ խօսքի, ինձ մօտ բանտի սրահը եկաւ եւ ասաց ինձ. Գնի՛ր իմ ագարակը, որը գտնւում է Անաթոթում, Բենիամինի երկրում, որովհետեւ քեզ է յարմար ձեռք բերել այդ ժառանգութիւնը, քանզի աւագը դու ես։ Այն ժամանակ ես հասկացայ, որ դա Տիրոջ խօսքն է,
9 եւ իմ հօրեղբօր որդի Անամայէլից գնեցի ագարակը, որն Անաթոթում է։ Նրա համար կշռեցի արծաթը՝ տասնեօթը սիկղ.
10 մուրհակ գրեցի ու կնքեցի, վկաներ դրեցի եւ արծաթը կշեռքով կշռեցի։
11 Ապա, ըստ հրամանի ու իրաւունքի, վերցրի սեփականութեան մասին կնքուած մուրհակն ու չկնքուածը
12 եւ սեփականութեան մասին մուրհակը իմ հօրեղբօր որդի Անամայէլի ներկայութեամբ այնտեղ գտնուողների աչքի առաջ տուեցի Մաասի որդի Ներիայի որդի Բարուքին։ Բանտի սրահում նստած բոլոր հրեաների առաջ նրանք ստորագրեցին սեփականութեան մասին մուրհակը։
13 Ու նրանց առաջ պատուիրեցի Բարուքին՝ ասելով.
14 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը, Իսրայէլի Աստուածը. Վերցրո՛ւ այդ մուրհակները, սեփականութեան մասին կնքուած մուրհակը ու չկնքուած մուրհակը եւ դի՛ր խեցէ ամանի մէջ, որ պահպանուեն բազում օրեր։
15 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը, Իսրայէլի Աստուածը. Այս երկրի մէջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնուեն։
16 Երբ սեփականութեան մասին մուրհակը յանձնեցի Ներիայի որդի Բարուքին, աղօթեցի Տիրոջը եւ ասացի.
17 Տէ՛ր, ո՛վ դու Տէր, քո մեծ զօրութեամբ եւ քո յաղթ բազկով դու ստեղծեցիր երկինքն ու երկիրը. չկայ ոչ մի բան, որ կարողանայ թաքնուել քեզնից։
18 Հազարաւոր սերունդների ողորմածութիւն ես անում եւ հայրերի մեղքերի պատիժը նրանցից յետոյ հատուցում ես նրանց որդիներին։ Մե՛ծ եւ հզօ՛ր Աստուած, քո անունը Զօրութիւնների Տէր է,
19 խորհուրդներով մեծ ես եւ գործերով՝ զօրաւոր։ Ո՛վ դու Ամենակալ մեծանուն Տէր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրայ՝ իւրաքանչիւրին հատուցելու համար ըստ իր ճանապարհի եւ ըստ իր գործերի արդիւնքի։
20 Դու հրաշքներ ու սքանչելիքներ կատարեցիր Եգիպտացիների երկրում, նաեւ մինչեւ այժմ՝ Իսրայէլում ու ողջ աշխարհի մարդկանց մէջ, քեզ համար ստեղծեցիր մի անուն, որ կայ առ այսօր.
21 Իսրայէլի քո ժողովրդին դու դուրս հանեցիր Եգիպտացիների երկրից հրաշքներով ու սքանչելիքներով, հզօր ձեռքով ու յաղթ բազկով եւ մեծամեծ տեսիլքներով։
22 Նրանց տուեցիր այս երկիրը, ինչպէս երդուել էիր իրենց հայրերին՝ տալ նրանց մի երկիր, որ կաթ ու մեղր է բխեցնում։
23 Նրանք մտան եւ ժառանգեցին այն, բայց ականջ չդրին քո ձայնին եւ չընթացան ըստ քո հրամանների, եւ այն ամէնը, ինչ պատուիրեցիր նրանց անել, չկատարեցին, այլ արեցին այնպէս, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։
24 Եւ ահա զօրքն այս քաղաքի վրայ է հասել, որպէսզի այն գրաւի, ու քաղաքը մատնուել է քաղդէացիների ձեռքը, որոնք պատերազմում են նրա հետ սրի, սովի ու մահուան միջոցով։ Ինչպէս ասել էիր, այդպէս էլ եղաւ. դու ինքդ էլ տեսնում ես։
25 Իսկ դու, Տէ՛ր, ասում ես ինձ, թէ՝ Արծաթով քեզ համար ագարակ գնիր։ Ես մուրհակ գրեցի ու կնքեցի եւ վկաներ դրեցի, բայց քաղաքը մատնուեց քաղդէացիների ձեռքը։
26 Եւ Տէրը խօսքն ինձ ուղղեց՝ ասելով.
27 Ահա ես բոլոր մարմնաւորների Տէր Աստուածն եմ. միթէ որեւէ բան ինձնից կարո՞ղ է թաքուն մնալ։
28 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. Այդ քաղաքը պիտի մատնուի քաղդէացիների ձեռքը եւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը, որը պիտի գրաւի դա։
29 Պիտի գան քաղդէացիները, որպէսզի պատերազմեն այդ քաղաքի դէմ եւ հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստուածներին, որպէսզի ինձ դառնութիւն պատճառէին։
30 Իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ իրենց մանկութիւնից սկսած իմ աչքերի առաջ միմիայն չարիք էին գործում։ Իսրայէլացիներն իրենց ձեռքի գործերով բարկացրին ինձ, - ասում է Տէրը։ -
31 Այն օրից, ինչ շինեցի այդ քաղաքը, մինչեւ այսօր այն գոյութիւն ունեցաւ ինձ բարկացնելու եւ զայրացնելու համար.
32 իմ աչքի առաջ պէտք է ջնջել դա այն բոլոր չարիքների համար, որ ինձ դառնացնելու նպատակով կատարեցին իսրայէլացիներն ու Յուդայի երկրի մարդիկ, իրենք, իրենց թագաւորներն ու իրենց մեծամեծները, իրենց քահանաներն ու իրենց մարգարէները, Յուդայի երկրի տղամարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները։
33 Նրանք իրենց թիկունքնե՛րը դարձրին ինձ եւ ոչ թէ երեսները։ Սկզբից եւեթ ես սովորեցրի նրանց, սովորեցրի, բայց չուզեցին խրատ ընդունել։
34 Իրենց պղծութիւնները դրեցին այն Տան մէջ, որը կրում է իմ անունը։
35 Իրենց աղտեղութիւնների համար Ենոմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց տղաներին ու աղջիկներին նուիրաբերեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատուիրել նրանց, եւ ոչ էլ մտքովս անցել էր կատարել տալ նրանց այդ պղծութիւնը՝ Յուդայի երկիրը յանցանքի մէջ մեղադրելու համար։
36 Արդ, այսպէս է ասում Տէր Աստուած Իսրայէլի այդ քաղաքի վերաբերմամբ, որի մասին դու ասացիր, թէ մատնուեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը՝ սրի, սովի ու գերութեան։
37 Ահա ես նրանց կը հաւաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրիւ տուեցի նրանց իմ բարկութեամբ, զայրոյթով ու մեծ ցասումով. նրանց կը վերադարձնեմ այս վայրերը, յոյսով կը բնակեցնեմ նրանց,
38 նրանք ինձ համար ժողովուրդ կը լինեն, իսկ ես նրանց համար կը լինեմ Աստուած։
39 Եւ ես կը տամ նրանց մի այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից ի բարօրութիւն իրենց, իսկ իրենցից յետոյ՝ ի բարօրութիւն իրենց որդիների։
40 Նրանց հետ կը կնքեմ յաւիտենական ուխտ, որից չեմ հրաժարուի՝ բարութիւն անելով նրանց, եւ իմ երկիւղը կը դնեմ նրանց սրտերի մէջ, որպէսզի նրանք չապստամբեն իմ դէմ։
41 Բարութիւն անելու համար այցի կը գնամ նրանց, հաւատով, իմ ամբողջ սրտով եւ իմ ամբողջ հոգով նրանց կը տնկեմ այս երկրում։
42 Արդարեւ, այսպէս է ասում Տէրը. Ինչպէս որ այդ ժողովրդի վրայ բերեցի այս բոլոր մեծամեծ չարիքները, այնպէս էլ նրա համար կը բերեմ բարիքներ, ինչպէս ասել էի դրանց մասին։
43 Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թէ թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնուել են քաղդէացիների ձեռքը։
44 Նրանք արծաթով ագարակներ պիտի գնեն, մուրհակներ պիտի գրեն եւ վկաներ կարգեն Բենիամինի երկրում եւ Երուսաղէմի շրջակայքում, Յուդայի երկրի քաղաքներում եւ լերան քաղաքներում, Սեփելայի քաղաքներում եւ Նագեբի քաղաքներում, որովհետեւ նրանց պիտի վերադարձնեմ գերութիւնից, - ասում է Տէրը։