ԵՐԵՄԻԱ. Chapter 33

1 Աստուած երկրորդ անգամ իր խօսքն ուղղեց Երեմիային, որ տակաւին փակուած էր բանտի սրահում, եւ ասաց.
2 այսպէս է ասում Տէրը, որ արարեց երկիրը, ստեղծեց եւ հաստատեց այն. Տէր է նրա անունը։
3 Կանչի՛ր ինձ, եւ ես պատասխան կը տամ քեզ, կը պատմեմ քեզ մեծամեծ ու զօրաւոր բաների մասին, որ դու չգիտես։
4 Այո՛, այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի այս քաղաքի տների մասին եւ Յուդայի երկրի արքայի ապարանքի մասին, որոնք քանդուել են պատնէշներ եւ մարտկոցներ կառուցելու նպատակով,
5 որպէսզի եկողները մարտնչեն քաղդէացիների դէմ եւ դրանք լցնեն այն մարդկանց դիակներով, որոնց հարուածեցի իմ բարկութեամբ ու զայրոյթով եւ իմ երեսը շուռ տուի նրանցից նրանց բոլոր չարութիւնների պատճառով։
6 Ահաւասիկ ես պիտի բուժեմ նրանց վէրքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղութեան ձայնը եւ ապահովութիւն պիտի բերեմ նրանց։
7 Պիտի վերադարձնեմ Յուդայի երկրի եւ Երուսաղէմի գերեալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մէջ։
8 Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրաւութիւններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլեւս չպիտի յիշեմ նրանց յանցանքները, որ կատարեցին իմ հանդէպ՝ ապստամբելով իմ դէմ։
9 Նրանք ինձ համար ուրախութիւն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան երկրի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բաների մասին, որ ես անելու եմ Երուսաղէմի եւ Յուդայի երկրի համար, երկիւղ պիտի կրեն ու դառնանան դրանց համար կատարած իմ բոլոր բարիքների եւ խաղաղութեան գործերի շնորհիւ։
10 Այսպէս է ասում Տէրը. Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում էք, թէ մարդկանցից ու անասուններից թափուր է, Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմից դուրս, որոնք աւերակների են վերածուել, որովհետեւ չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ, այդ նոյն տեղում դարձեալ պիտի հնչեն
11 ձայնն ուրախութեան եւ ձայնը ցնծութեան, ձայնը փեսայի եւ ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ Գոհութի՛ւն մատուցեցէք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, եւ յաւիտենական է նրա ողորմութիւնը։ Օրհնութեան նուէրներ պիտի բերեն Տիրոջ Տունը, քանզի այդ երկրի գերեալներին առաջուայ վիճակին պիտի վերադարձնեմ, - ասում է Տէրը։
12 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Մարդ ու անասունից զուրկ այդ աւերակ վայրում եւ դրա բոլոր քաղաքներում դարձեալ պիտի լինեն հովուական իջեւաններ ու ոչխարների հօտերի մակաղատեղիներ։
13 Լեռնային քաղաքներում, Սեփելայի քաղաքներում ու Նագեբի քաղաքներում, Բենիամինի երկրում, Երուսաղէմի շրջակայքում եւ Յուդայի քաղաքներում դարձեալ ոչխարների հօտեր են անցնելու դրանք հաշուողի ձեռքի տակով, - ասում է Տէրը։ -
14 Ահա օրեր են գալու, - ասում է Տէրը, - եւ ես հաստատ կատարելու եմ իմ բարի խօսքերը, որ յայտնեցի Իսրայէլի տան մասին եւ Յուդայի տան մասին։
15 Այն օրերում եւ այն ժամանակ Դաւթի համար մի արդար շառաւիղ պիտի ծնեմ, որն իրաւունք ու արդարութիւն պիտի պաշտպանի երկրի վրայ։
16 Այն օրերում Յուդայի երկիրը պիտի փրկուի, եւ Երուսաղէմը յոյսով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչուի՝ Տէրն է մեր արդարութիւնը։
17 Տէրն այսպէս է ասում. Դաւթի սերնդից Իսրայէլի տան գահին նստող մարդ չպիտի պակասի,
18 եւ ղեւտացի քահանաներից իմ առաջ ամէն օր ողջակէզ մատուցող, զոհաբերութիւն անող եւ խունկ ծխող մարդ չպիտի պակասի։
19 Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիա մարգարէին՝ ասելով.
20 այսպէս է ասում Տէրը. Եթէ կարողանաք խափանել ցերեկուայ իմ ուխտը եւ գիշերուայ իմ ուխտը այնպէս, որ ցերեկն ու գիշերը իրենց ժամանակին չլինեն,
21 ապա կը խափանուի նաեւ իմ ուխտը, որ կնքել եմ իմ ծառայ Դաւթի հետ, նաեւ իմ պաշտօնեաների՝ ղեւտացի քահանաների հետ, թէ՝ չի ունենայ նա որդի, որ թագաւորի նրա գահի վրայ։
22 Ինչպէս որ անթուելի են երկնքի աստղերը, եւ անչափելի ծովի աւազը, այդպէս էլ պիտի բազմացնեմ իմ ծառայ Դաւթի սերունդը եւ ղեւտացիներին՝ իմ պաշտօնեաներին։
23 Տէրը, իր խօսքն ուղղելով Երեմիա մարգարէին, ասում է.
24 Չե՞ս տեսնում՝ ի՛նչ է խօսում այդ ժողովուրդը՝ ասելով, թէ՝ Աստուած, որ ընտրել էր երկու ազգատոհմերի, աչքից գցեց նրանց։ Այդպիսով նրանք զայրացնում են իմ ժողովրդին, կարծես թէ նրանց համար նա այլեւս ազգ չէ։
25 Այսպէս է ասում Տէրը. Եթէ ցերեկուայ ու գիշերուայ, երկնքի ու երկրի մասին իմ ուխտը չեմ հաստատել,
26 ապա Յակոբի եւ իմ ծառայ Դաւթի սերունդը կ՚անարգե՞մ, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերնդի վրայ նրա սերնդից իշխան չե՞մ դնի. ո՛չ, ես նրանց գերեալներին պիտի վերադարձնեմ, պիտի ողորմեմ նրանց։