ԵՐԵՄԻԱ. Chapter 36

1 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի չորրորդ տարում Տէրը խօսեց ինձ հետ՝ ասելով.
2 Քեզ համար մատեա՛ն վերցրու եւ նրա մէջ գրի՛ր այն ամէնը, ինչ ասել եմ քեզ Իսրայէլի, Յուդայի երկրի եւ բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խօսեցի քեզ հետ՝ Յուդայի երկրի արքայ Յոսիայի օրերից մինչեւ այժմ.
3 թերեւս Յուդայի տունն իմանայ այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպէսզի իւրաքանչիւրը յետ դառնայ իր չար ճանապարհից, եւ ես քաւիչ լինեմ նրա անօրէնութիւններին ու նրա մեղքերին։
4 Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, եւ Բարուքը Երեմիայի բերանից մատեանում գրի առաւ այն բոլոր խօսքերը, որ Տէրը յայտնել էր նրան։
5 Երեմիան Բարուքին պատուիրեց ու ասաց. Ես կալանքի մէջ եմ եւ չեմ կարող մտնել Տիրոջ Տունը.
6 դու կը գնաս եւ այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խօսքերը, պահեցողութեան օրը Տիրոջ Տանը այդ մատեանից կ՚ընթերցես ի լուր ժողովրդի, կ՚ընթերցես նաեւ ի լուր Յուդայի երկրի բոլոր մարդկանց, որոնք եկած կը լինեն իրենց քաղաքներից։
7 Թերեւս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, եւ ամէնքն իրենց չար ճանապարհներից յետ դառնան, քանզի սաստիկ են զայրոյթն ու բարկութիւնը, որ Տէրն արտայայտեց այդ ժողովրդի դէմ։
8 Եւ Ներիայի որդի Բարուքն ամէն ինչ կատարեց այնպէս, ինչպէս պատուիրել էր նրան Երեմիա մարգարէն՝ Տիրոջ Տան մէջ մատեանից ընթերցել Տիրոջ պատգամները։
9 Յուդայի երկրի արքայ Յոսիայի որդի Յովակիմի հինգերորդ տարում, իններորդ ամսին, Երուսաղէմի ամբողջ բնակչութիւնը, Յուդայի երկրի քաղաքներից Երուսաղէմ եկած համայն ժողովուրդը եւ Յուդայի տունը հաւաքուեցին Տիրոջ առաջ պահեցողութեան համար։
10 Իսկ Բարուքը Տիրոջ Տանը, Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գաւթում, Տիրոջ Տան Նոր դարպասի մուտքի մօտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատեանից կարդաց Երեմիայի խօսքերը։
12 Երբ Սափանիայի որդի Գամարիայի որդի Միքիան այդ մատեանից լսեց Տիրոջ բոլոր պատգամները,
13 իջաւ թագաւորի տունը, ատենադպրի դիւանը, ուր նստած էին բոլոր իշխանները՝ Եղիսամա ատենադպիրը, Սամէայի որդի Դալիան, Աքոբորի որդի Եղնաթանը, Սափանիայի որդի Գամարիան, Անանիայի որդի Սեդեկիան եւ շատ ուրիշ իշխանաւորներ։
14 Միքիան նրանց հաղորդեց իր լսած այն բոլոր խօսքերը, որ մատեանից ընթերցել էր Բարուքը՝ ի լուր ամբողջ ժողովրդի։
15 Այն ժամանակ բոլոր իշխանները Քուսիի որդի Սելոմի որդի Նաթանի որդի Յուդիին ուղարկեցին Բարուքի մօտ եւ յայտնեցին. Այն մատեանը, որ ընթերցում էիր ի լուր ժողովրդի, ա՛ռ քո ձեռքը եւ ե՛կ այստեղ։ Ներիայի որդի Բարուքը մատեանն իր ձեռքն առաւ ու գնաց նրանց մօտ։
16 Նրան ասացին. Հապա նորի՛ց կարդա, որ մենք էլ լսենք։ Եւ Բարուքը կարդաց, որ լսեն։
17 Իսկ երբ նրանք բոլոր պատգամները լսեցին, միմեանց հետ խորհուրդ արին ու ասացին Բարուքին. Մենք այդ բոլոր բաները կը հաղորդենք արքային։
18 Բարուքին հարց տուին՝ ասելով. Դէ մեզ պատմի՛ր՝ ո՞րտեղից գրեցիր այդ բոլոր խօսքերը, ո՞ւմ բերանից։
19 Բարուքը նրանց պատասխանեց. Երեմիայի՛ բերանից. նա՛ է ինձ պատմել այդ բոլոր բաները, իսկ ես թանաքով գրել եմ այս մատեանի մէջ։
20 Իշխանները Բարուքին ասացին. Գնա թաքնուի՛ր Երեմիայի հետ. թող ոչ ոք չիմանայ, թէ որտեղ էք գտնւում։
21 Մատեանը պահ տալով Եղիսամա ատենադպրի տանը՝ նրանք գնացին սրահ, արքայի մօտ, եւ արքային պատմեցին ամէն բան։
22 Իսկ արքան մատեանը բերելու ուղարկեց Յուդիին, որն այն բերեց Եղիսամա ատենադպրի տնից։ Յուդին, ի լուր թագաւորի եւ ի լուր թագաւորի շուրջը գտնուող բոլոր իշխանների, ընթերցեց մատեանը։
23 Թագաւորը, որովհետեւ իններորդ ամիսն էր, նստած էր ձմեռային պալատում, իսկ նրա դիմաց գտնւում էր վառուող կրակարանը։
24 Ու երբ Յուդին ընթերցում էր երեք կամ չորս էջ, թագաւորը ատենադպրի զմելիով կտրում էր այն ու նետում կրակարանի կրակի մէջ, մինչեւ որ ամբողջ մատեանը կրակարանի բոցի մէջ ոչնչացաւ։
25 Թագաւորն ու նրա բոլոր պաշտօնեաները, որ լսեցին այդ բոլոր խօսքերը, չաղաչեցին եւ չպատառոտեցին իրենց պատմուճանները։
26 Եղնաթանը, Դալիան եւ Գամարիան թէպէտ յուշեցին արքային չայրել մատեանը, բայց նա նրանց չլսեց։
27 Արքան հրաման տուեց արքայորդի Յերեմիէլին, Եսրիէլի որդի Սարէային եւ Աբդիէլի որդի Սեղեմիային, որ բռնեն Բարուք ատենադպրին եւ Երեմիա մարգարէին, սակայն սրանք հեռացան ու թաքնուեցին։
28 Այն բանից յետոյ, երբ թագաւորն այրեց մատեանը, ուր Բարուքը Երեմիայի բերանից գրի էր առել նրա բոլոր խօսքերը, Տէրը խօսեց Երեմիայի հետ՝ ասելով.
29 Նորից դու մի այլ մատեան վերցրո՛ւ եւ նրա մէջ գրի՛ր նախորդ բոլոր խօսքերը, որոնք տեղ էին գտել առաջին մատեանում, որ այրեց Յուդայի երկրի Յովակիմ արքան։
30 Իսկ Յուդայի երկրի Յովակիմ արքային էլ կ՚ասես, թէ այսպէս է ասում Տէրը. Դու վառեցիր մատեանն այն եւ ասացիր՝ ՚ Ինչո՞ւ նրա մէջ գրեցիր ու յայտնեցիր, թէ բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից՚՚՚։
31 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Յուդայի երկրի Յովակիմ արքայի մասին. Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դաւթի աթոռին, եւ նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տօթի, իսկ գիշերը՝ ցրտի մէջ։
32 Իր անօրէնութիւնների համար պատժելու եմ նրան, նրա ցեղին ու նրա պաշտօնեաներին, նրանց վրայ, Երուսաղէմի բնակչութեան վրայ եւ Յուդայի երկրի վրայ բերելու եմ այն բոլոր չարիքները, որոնց մասին յայտնեցի նրանց, բայց նրանք չլսեցին։
33 Եւ Երեմիան մի այլ մատեան վերցրեց ու յանձնեց Ներիայի որդուն՝ Բարուք ատենադպրին, որը նրա մէջ Երեմիայի բերանից գրի առաւ այն մատեանի բոլոր խօսքերը, որ կրակի մէջ այրել էր Յուդայի երկրի արքայ Յովակիմը։ Այդ մատեանի մէջ ուրիշ խօսքեր եւս աւելացան, առաւել, քան նախորդ խօսքերը։