ԵՐԵՄԻԱ. Chapter 37

1 Յովակիմի որդի Յեքոնիայի փոխարէն թագաւորեց Յոսիայի որդի Սեդեկիան, որին Յուդայի երկրի վրայ թագաւոր կարգեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան։
2 Սա, իր ծառաներն ու երկրի ժողովուրդը եւս ականջ չդրին Տիրոջ խօսքերին, որ նա յայտնել էր Երեմիա մարգարէի միջոցով։
3 Սեղեմիայի որդի Յովաքաղին եւ Մաասիայի որդի Սոփոնիային, որոնք քահանաներ էին, Սեդեկիա արքան ուղարկեց Երեմիա մարգարէի մօտ՝ ասելով. Դու մեզ համար աղօթի՛ր մեր Տէր Աստծուն։
4 Իսկ Երեմիան գնում գալիս էր ամբոխի մէջ, եկաւ ու նրան բանտ չէին գցել։ Այն ժամանակ Փարաւոնի զօրքը ելաւ Եգիպտացիների երկրից, որի մասին լսելով՝ քաղդէացիները, որոնք պաշարել էին Երուսաղէմը, հեռացան Երուսաղէմից։
5 Տէրը խօսեց Երեմիա մարգարէի հետ եւ ասաց.
6 Այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. այսպէս կ՚ասէք Յուդայի երկրի արքային, որն ինձ մօտ է ուղարկել ձեզ՝ խնդրելու այս բանը. ահա Փարաւոնի զօրքը, որը եկել է ձեզ օգնութեան, նորից պիտի վերադառնայ Եգիպտոս,
7 իսկ քաղդէացիները կրկին պիտի վերադառնան այստեղ. պիտի պատերազմեն այս քաղաքի դէմ, պիտի գրաւեն եւ հրով պիտի այրեն այն։
8 Այսպէս է ասում Տէրը. Դուք ձեզ մի՛ խաբէք այն բանով, թէ՝ Քաղդէացիները ելան հեռացան մեզնից։ Նրանք ձեզնից ձեռք չեն քաշելու։
9 Անգամ եթէ ձեզ հետ կռուող քաղդէացիների ամբողջ զօրքը կոտորէք, այն վիրաւորները, որոնք մնալու են նրանցից, ամէն կողմից պիտի բորբոքուեն ու հրով այրեն այս քաղաքը։
10 Երբ քաղդէացիների բանակը եգիպտացիների զօրքերի ահից հեռացաւ Երուսաղէմից,
11 Երեմիան դուրս եկաւ Երուսաղէմից, որպէսզի գնայ Բենիամինի երկիրը եւ այնտեղ, ժողովրդի մէջ, գնի իր բաժին հողը։
12 Նա եկաւ հասաւ Բենիամինի դուռը։ Այդտեղ մի մարդ կար, որին հանդիպեց նա, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան։ Սա բռնեց Երեմիա մարգարէին՝ ասելով. Դու փախել ես եւ ուզում ես քաղդէացիների մօտ գնալ։
13 Իսկ Երեմիան ասաց. Սուտ ես ասում, ես չեմ փախչում քաղդէացիների մօտ։ Բայց նա չլսեց նրան։ Սարուն Երեմիային ձերբակալեց եւ բերեց իշխանների մօտ։
14 Իշխանները զայրացան Երեմիայի վրայ, գանահարեցին ու բանտարկեցին նրան Յովնաթան ատենադպրի ապարանքում, քանի որ սրա ապարանքը բանտի էին վերածել։
15 Երեմիան ընկաւ Այերինոթ, այն տունը, որտեղ գուբն էր։ Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր։
16 Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան։ Իր տան մէջ թագաւորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. Տիրոջ կողմից որեւէ պատգամ չկա՞յ արդեօք։ Իսկ Երեմիան ասաց՝ այո՛, կայ։ Ապա ասաց. Բաբելացիների թագաւորի ձեռքը պիտի մատնուես։
17 Քո եւ քո պաշտօնեաների ու ժողովրդի հանդէպ ի՞նչ մեղք գործեցի, - ասաց Երեմիան Սեդեկիա թագաւորին, - որ դու ինձ բանտ ես նստեցրել։
18 Իսկ ո՞ւր են ձեր այն մարգարէները, որոնք մարգարէութիւն էին անում ու ասում, թէ բաբելացիների արքան չի գալու այս երկիրը՝ ձեզ վրայ։
19 Արդ, լսի՛ր, աղաչում եմ, տէ՛ր իմ արքայ, թող աղերսանքս հասնի քո սրտին. ինչո՞ւ ես ինձ նորից յետ դարձնում Յովնաթան ատենադպրի տունը, որ այնտեղ մեռնեմ։
20 Սեդեկիա արքան հրաման արձակեց, եւ նրան գցեցին բանտի գաւիթը։ Նրան դրսից հացագործներն օրը մի նկանակ հաց էին տալիս, մինչեւ որ հացը քաղաքից բոլորովին կտրուեց։ Եւ Երեմիան մնաց բանտի գաւթում։