ԵՐԵՄԻԱ. Chapter 39

1 Իսկ Երուսաղէմը գրաւուելու ժամանակ, Յուդայի երկրի Սեդեկիա արքայի իններորդ տարում, տասներորդ ամսին, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ինքը իր ամբողջ զօրքով եկաւ հասաւ Երուսաղէմ եւ պաշարեց այն։
2 Սեդեկիայի տասնմէկերորդ տարում, չորրորդ ամսին, ամսի իններորդ օրը, քաղաքը ճեղք տուեց,
3 եւ բաբելացիների արքայի բոլոր զօրավարները՝ Ներգէլը, Սարասարը, Սարմագադը, Նաբուսարսեքիմը, Ռափսարիսը եւ Ներգէլը, Սարասարը, Ռաբմագը ու բաբելացիների արքայի այլ իշխաններ, մտան եւ բազմեցին միջին դռան առաջ։
4 Իսկ երբ Յուդայի երկրի Սեդեկիա արքան եւ բոլոր կռուող մարդիկ տեսան նրանց, գիշերով փախան եւ արքունի այգու ճանապարհով, պարիսպների միջեւ գտնուող դարպասով ելան քաղաքից, դուրս եկան Արաբիայի ճանապարհը։
5 Նրանց հետապնդեցին քաղդէացիների զօրքերը եւ Երիքովի Արաբոթում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսաւ։
6 Բաբելացիների արքան Դեբլաթայում Սեդեկիայի առաջ սպանեց նրա որդիներին։ Բաբելացիների արքան նաեւ կոտորեց Յուդայի երկրի ողջ ազատանուն,
7 իսկ Սեդեկիայի աչքերը կուրացրեց, կապեց նրան պղնձէ շղթաներով, որպէսզի նրան տանեն Բաբելոն։
8 Քաղդէացիները հրով այրեցին թագաւորի տունն ու ժողովրդի տները, քանդեցին Երուսաղէմի պարիսպները։
9 Ժողովրդի մնացած մասին, քաղաքում մնացածներին եւ իրենց կողմն անցածներին, ինչպէս եւ ժողովրդի թափթփուկներին Նաբուզարդան դահճապետը քշեց Բաբելոն։
10 Աղքատ ու ընչազուրկ ժողովրդին Նաբուզարդան դահճապետը թողեց դարձեալ Յուդայի երկրում եւ նոյն օրն իսկ նրանց տուեց այգիներ ու ջրարբի հողեր։
11 Իսկ Երեմիային բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան յանձնելով Նաբուզարդան դահճապետի ձեռքը՝ պատուիրեց նրան ու ասաց.
12 Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրայ. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի՝ կ՚անես դրա համար։
13 Ապա Նաբուզարդան դահճապետին ու Նաբուսազաբան ներքինապետին, Ներգէլին, Սարասարին, Ռոբոգոմին ու բաբելացիների արքայի բոլոր մեծամեծներին ուղարկեցին Երեմիայի մօտ,
14 նրան հանեցին բանտից եւ յանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, եւ նա ապրում էր ժողովրդի մէջ։
15 Մինչ Երեմիան բանտի գաւթում նեղութեան մէջ էր, Տէրը խօսեց նրա հետ եւ ասաց.
16 Գնա յայտնի՛ր Աբդիմելէք Եթովպացուն, թէ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես այդ քաղաքի մասին ասած իմ խօսքը պիտի գործադրեմ չարիքի եւ ոչ թէ բարիքի համար. դա պիտի կատարուի այն օրը, քո աչքի առաջ։
17 Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ, - ասում է Տէրը։ - Քեզ ոչ թէ պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
18 այլ անպայման պիտի ազատեմ քեզ. դու սրով չպիտի ընկնես, եւ քո անձը քեզ համար պիտի լինի վերստին գտնուած, քանզի դու յոյսդ ինձ վրայ դրիր, - ասում է Տէրը։