ԵՐԵՄԻԱ. Chapter 38

1 Մատթանի որդի Սափատիան, Պասքորի որդի Գոդողիան, Սեղեմիայի որդի Յովաքաղը եւ Մելքիայի որդի Պասքորը լսեցին Երեմիայի խօսքերը, որ նա ասում էր ամբողջ ժողովրդին, թէ՝
2 այսպէս է ասում Տէրը. Ով որ մնայ այս քաղաքում, սրով, սովով ու ժանտախտով պիտի մեռնի, իսկ ով գնայ քաղդէացիների մօտ, պիտի ապրի. նրա համար իր հոգին վերագտնուածի պէս պիտի լինի, նա պիտի փրկուի։
3 Այսպէս է ասում Տէրը. Այդ քաղաքը պիտի մատնուի բաբելացիների թագաւորի զօրքի ձեռքը, պիտի գրաւեն դա։
4 Եւ իշխաններն ասացին թագաւորին. Թող սպանուի այս մարդը, որովհետեւ այդպիսով նա թուլացնում է բազուկները կռուող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, եւ բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խօսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թէ օգուտի եւ խաղաղութեան խօսքեր է ասում ժողովրդին, այլ՝ չարութեան։
5 Իսկ Սեդեկիա արքան, ամենեւին ձեռնհաս չլինելով նրանց դէմ որեւէ բան անելու, ասաց. Ահա նա ձեր ձեռքում է։
6 Առան Երեմիային եւ նրան գցեցին թագաւորի որդի Մելքիայի գուբը, որ գտնւում էր բանտի գաւթում։ Երեմիային պարաններով իջեցրին գուբը։ Իսկ գբի մէջ բոլորովին ջուր չկար, այլ լոկ տիղմ էր։ Երեմիան մնաց տիղմի մէջ։
7 Եթովպացի Աբդիմելէքը, ներքինի մի մարդ, որը թագաւորի ապարանքում էր, լսեց, որ Երեմիային գցել էին գուբը։ Արքան նստած էր Բենիամինի դռանը,
8 երբ թագաւորական ապարանքից նրա մօտ գնաց Աբդիմելէքը, խօսեց թագաւորի հետ ու ասաց.
9 Տէ՛ր արքայ, այդպէս վարուելով Երեմիա մարգարէի հետ՝ այդ մարդիկ, ըստ ամենայնի, չարիք գործեցին, որովհետեւ նրան նետեցին գուբը, որի ներսում նա մեռնելու է։ Դու չարիք գործեցիր՝ սովի միջոցով մահուան մատնելով Աստծու մարդուն, քանզի այս քաղաքում հաց չկայ։
10 Թագաւորը եթովպացի Աբդիմելէքին հրաման տուեց ու ասաց. Այստեղից դու քեզ հետ վերցրո՛ւ երեսուն մարդ, մարգարէին հանեցէ՛ք այն գբից, որպէսզի չմեռնի։
11 Աբդիմելէքն իր հետ վերցրեց մարդկանց, գնաց թագաւորի ապարանքը, գետնափոր գանձատունը, այնտեղից առաւ հին կապերտներ ու հին պարաններ եւ դրանք իջեցրեց Երեմիայի մօտ, գբի մէջ։
12 Աբդիմելէք Եթովպացին Երեմիային ասաց. Հին կապերտներն ու բրդերը դի՛ր քո թեւատակերին, պարանների տակ։
13 Երեմիան այդպէս էլ արեց։ Նրան պարաններով քաշեցին եւ հանեցին գբից։ Երեմիան նստեց բանտի գաւթի մէջ։
14 Սեդեկիա արքան մարդ ուղարկեց եւ մարգարէին կանչեց իր մօտ, Ասսալիսայի կացարանը, որը գտնւում էր Տիրոջ տաճարի մէջ։ Արքան նրան ասաց. Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թէ ինձնից պահես։
15 Իսկ Երեմիան թագաւորին ասաց. Եթէ պատմեմ քեզ, արդեօք ինձ մահով չե՞ս մեռցնի, իսկ եթէ քեզ որեւէ խրատ տամ, ինձ չե՞ս լսի։
16 Սեդեկիա արքան գաղտնի երդում տուեց նրան եւ ասաց. Կենդանի է Տէրը, որ մեր մէջ այս շունչն է արարել. քեզ չեմ սպանելու եւ չեմ մատնելու այն մարդկանց ձեռքը, որոնք քո հոգին են պահանջում։
17 Երեմիան նրան ասաց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Եթէ ելնես գնաս բաբելացիների արքայի զօրավարի մօտ, ապա քո անձը ողջ կը մնայ, եւ այս քաղաքը հրով չի այրուի, կ՚ապրէք դու էլ, քո տունն էլ։
18 Իսկ եթէ չգնաս բաբելացիների արքայի իշխանների մօտ, այս քաղաքը կը մատնուի քաղդէացիների ձեռքը, հրով կ՚այրեն դա, ու դու նրանց ձեռքից չես փրկուի։
19 Սեդեկիա արքան Երեմիային ասաց. Ես կասկած ունեմ քաղդէացիների մօտ փախած հրեաների նկատմամբ. գուցէ ինձ մատնեն նրանց ձեռքը, եւ նրանք ծաղրուծանակի ենթարկեն ինձ։
20 Իսկ Երեմիան ասաց. Չեն մատնի քեզ, սակայն լսի՛ր Տիրոջ խօսքերը, որ ես յայտնում եմ քեզ. քեզ համար լաւ կը լինի, եւ քո անձը կը փրկուի։
21 Իսկ եթէ չկամենաս գնալ, ապա արդիւնքը կը լինի այն բանը, ինչ Տէրն ինձ ցոյց է տուել։
22 Ահաւասիկ այն բոլոր կանայք, որոնք մնացել են քո՝ Յուդայի երկրի թագաւորիդ տանը, պիտի տարուեն բաբելացիների արքայի իշխանների մօտ։ Նրանք պիտի ասեն. Մարդիկ, որոնք քեզ հետ հաշտութեան մէջ էին, քեզ խաբեցին եւ յաղթեցին, մոլորութեան մէջ գցեցին քո ոտքերը եւ երես դարձրին քեզնից։
23 Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդէացիների մօտ, եւ դու էլ նրանց ձեռքից չես փրկուելու, որովհետեւ բաբելացիների թագաւորի ձեռքով պիտի բռնուես, իսկ այս քաղաքը պիտի այրուի հրով։
24 Եւ թագաւորը նրան ասաց. Ո՛վ դու մարդ, թող ոչ ոք չիմանայ այդ բաների մասին, թէ չէ կը մեռնես։
25 Իսկ եթէ իշխանները լսեն, որ խօսեցի քեզ հետ, եւ գան քեզ մօտ ու ասեն. Պատմի՛ր մեզ՝ ի՛նչ խօսեցիր արքայի հետ, մեզնից մի՛ թաքցրու, մենք քեզ չենք սպանի կամ թէ՝ Արքան քեզ ի՞նչ ասաց, -
26 ապա նրանց կ՚ասես. ՚ Ես գութ աղերսեցի արքայի առաջ, որ ինձ նորից յետ չդարձնի Յովնաթանի տունը, որ այնտեղ մեռնեմ։
27 Եւ բոլոր իշխանները եկան Երեմիայի մօտ ու հարցուփորձ արին նրան. նա պատմեց նրանց այն ամէնը, ինչ պատուիրել էր նրան թագաւորը, ու նրան հանգիստ թողին, որովհետեւ ոչինչ յայտնի չդարձաւ։
28 Ու Երեմիան նստեց բանտի գաւթում մինչեւ այն ժամանակ, երբ Երուսաղէմը գրաւուեց։