ԵՐԵՄԻԱ. Chapter 17

1 Յուդայի երկրի մեղքերը գրուած են երկաթէ գրչով, ադամանդէ գրչածայրով,որոնք փորագրուած պիտի լինեն նրանց սրտերի տախտակներին եւ նրանց զոհասեղանների եղջիւրներին, մինչեւ այն ժամանակ,
2 քանի դեռ նրանց որդիները կը յիշեն իրենց մեղքերըեւ իրենց պաշտամունքի անտառները՝ վարսաւոր ծառերի տակ, բարձր բլուրների եւ ամայի լեռների վրայ։
3 Քո զօրութիւնը, քո բոլոր գանձերը եւ քո մեղսառիթ բարձունքները, քո բոլոր սահմանների մէջ, աւարի պիտի մատնեմ։
4 Թող նկուն լինես ու զրկուես քո ժառանգութիւնից, որ քեզ տուեցի։ Քո թշնամիների ձեռքով քեզ պիտի արտաքսեմ մի երկիր, որը չգիտես դու, քանզի իմ բարկութեան մէջ կրակ է վառուել եւ այն յաւիտեան պիտի բորբոքուի։
5 Այսպէս է ասում Տէրը. Թող անիծեալ լինի այն մարդը, որ իր յոյսը կը դնի մարդու վրայ՝ ապաւինելով նրա մարմնին ու բազկին, իսկ նրա սիրտը կ՚ապստամբի Տիրոջ դէմ։
6 Նա կը լինի ինչպէս վայրի մոշին անապատում եւ, երբ բարիքը գայ, չի նկատի. կը բնակուի անապատի աղուտներում, մի աղտաղտուկ երկրում, ուր երբեք չեն ապրի։
7 Բայց թող օրհնեալ լինի այն մարդը, որ յոյսը Տիրոջ վրայ կը դնի, որ Տէրը նրա յոյսը կը դառնայ։
8 Նա կը լինի ինչպէս հոսող ջրերի մօտ աճած ծառ եւ իր արմատները կը ձգի դէպի ջրերի հոսանքը. երբ տօթը հասնի՝ չի վախենայ.նրա սաղարթն անտառի պէս կը տարածուի իր շուրջը. երաշտ տարուց չի վախենայ եւ չի դադարի պտուղ տալուց։
9 Սիրտը խոր է, քան ամէն բան. մարդ արարած է, ո՞վ կարող է ճանաչել նրան։
10 Ես՝ Տէրս, քննում եմ սրտերը եւ փորձում երիկամները, որպէսզի իւրաքանչիւրին հատուցեմ ըստ իր ընթացքի եւ ըստ իր գործերի արդիւնքի։
11 Կաքաւը ձայն տուեց, հաւաքեց նրանց, որոնց ինքը չէր ծնել. այնպէս էլ նա, ով անարդար ճանապարհով հարստութիւն է դիզում, իր օրերի կէսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին պիտի զգայ իր անմտութիւնը։
12 Ո՛վ Տէր, ակնկալութի՛ւն Իսրայէլի, դու, որ ի սկզբանէ բարձրացած ես մեր սրբարանի փառքի աթոռը,
13 բոլոր նրանք, որ քեզ թողեցին, պիտի ամաչեն։ Քեզնից հեռացածները պիտի կորչեն երկրի խորքում, որովհետեւ լքեցին Տիրոջը՝ կենաց ջրի աղբիւրը։
14 Բժշկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես բուժուած կը լինեմ, փրկի՛ր ինձ, Տէ՛ր, եւ ես փրկուած կը լինեմ, քանզի դու ես իմ պարծանքը։
15 Ահաւասիկ նրանք ինձ ասում են. Ո՞ւր է Տիրոջ խօսքը, թող այստեղ հասնի։
16 Իսկ ես չձանձրացայ գալ քո յետեւից եւ չցանկացայ մարդու համար աղէտալի օր։ Դու ինքդ իսկ գիտես, որ ինչ իմ շուրթերից ելնում է, այդ լինում է քո ներկայութեամբ։
17 Ինձնից մի՛ օտարացիր, չար օրը խնայի՛ր դու ինձ։
18 Իմ հալածիչնե՛րը թող ամօթահար լինեն, եւ ոչ թէ ես ամաչեմ, նրա՛նք թող զարհուրեն, եւ ոչ թէ ես զարհուրեմ. սեւ օ՛ր բեր նրանց գլխին, կրկնակի հարուածի ենթարկելով՝ կոտորի՛ր նրանց։
19 Այսպէս է ասում Տէրը. Գնա կանգնի՛ր քո ժողովրդի դռներին, որտեղով մտնում ու ելնում են Յուդայի երկրի թագաւորները, նաեւ՝ Երուսաղէմի բոլոր դռներին.
20 ու կ՚ասես նրանց. Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի թագաւորնե՛ր, համա՛յն Հրէաստան եւ դուք, Երուսաղէմի բոլո՛ր բնակիչներ, որ մտնում էք այդ դռներով։
21 Այսպէս է ասում Տէրը. Զգո՛յշ եղէք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձէք շաբաթ օրը, Երուսաղէմի դռներով դուրս մի՛ ելնէք,
22 շաբաթ օրը ձեր տներից բեռներ մի՛ հանէք, ոչ մի գործ մի՛ արէք եւ շաբաթ օրը սո՛ւրբ պահեցէք, ինչպէս պատուիրեցի ձեր հայրերին։
23 Բայց նրանք չլսեցին, չխոնարհեցրին իրենց ականջները եւ աւելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը, որպէսզի չլսեն ինձ եւ խրատ չընդունեն։
24 Եւ եթէ լինի այնպէս, - ասում է Տէրը, - որ լաւ լսէք ինձ՝ շաբաթ օրը բեռ չբերէք այդ քաղաքի դռներով, շաբաթ օրը սուրբ պահէք, այդ օրը ոչ մի գործ չանէք,
25 ապա այդ քաղաքի դռներով ներս պիտի մտնեն թագաւորներ ու իշխաններ, որպէսզի նստեն Դաւթի աթոռին. նրանք պիտի բարձրանան իրենց կառքերն ու հեծնեն իրենց երիվարները, նրանք ու նրանց իշխանները, Յուդայի երկրի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչները. եւ այդ քաղաքը յաւիտեան բնակուած պիտի լինի։
26 Ու ամէն կողմից Յուդայի երկրի քաղաքներից պիտի գան Երուսաղէմ, պիտի գան նաեւ Բենիամինի երկրից, դաշտերից, լեռնավայրերից եւ հարաւի կողմերից՝ բերելով ողջակէզներ, խունկ, ընծայ ու կնդրուկ եւ օրհնութիւն պիտի մատուցեն Տիրոջ Տան մէջ։
27 Իսկ եթէ ինձ չլսէք՝ շաբաթ օրը սուրբ չպահէք, շաբաթ օրը բեռներ բարձէք եւ մտնէք Երուսաղէմի դռներով, ապա կրակ կը վառեմ նրա դռներին, որն ամէն կողմից կը լափի Երուսաղէմն ու չի հանգչի։