ԵՐԵՄԻԱ. Chapter 19

1 Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. Գնա քեզ համար ձե՛ռք բեր կաւից շինուած մի կուժ, ժողովրդի աւագներից եւ քահանաների աւագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ,
2 բարձրացի՛ր նրանց որդիների գերեզմանոցը, որը գտնւում է Քարսիդի դռների մուտքի առաջ, եւ յայտնի՛ր այնտեղ այն բոլոր բաները, որ պիտի խօսեմ քեզ հետ։
3 Կ՚ասես նրանց. Ո՛վ Յուդայի երկրի թագաւորներ, Հրէաստանի մարդիկ եւ Իսրայէլի բնակիչներ, լսեցէ՛ք Տիրոջ պատգամը։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ այդ վայրի վրայ ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով որ լսի՝ ականջները դժժան,
4 որովհետեւ նրանք լքեցին ինձ, այս վայրն ինձ համար օտար դարձրին, այստեղ խունկ ծխեցին օտար աստուածներին, որոնց իրենք եւ իրենց հայրերը չէին ճանաչում։ Յուդայի երկրի թագաւորներն այս վայրը լցրին անմեղների արեամբ։
5 Բահաղին բագիններ կանգնեցրին, որպէսզի իրենց որդիներին, որպէս Բահաղի ողջակէզների, հրով այրեն, մի բան, որ ես չեմ պատուիրել եւ չեմ ասել, ոչ էլ անցել է իմ մտքով։
6 Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - երբ այդ վայրի անունն այլեւս չի կոչուելու Գլորման վայր կամ Ենոմացիների գերեզման, այլ՝ Կոտորածի ձոր։
7 Այդտե՛ղ պիտի խափանեմ Յուդայի երկրի խորհուրդը եւ խորհուրդը Երուսաղէմի. սրով, ինչպէս եւ նրանց հոգիները փնտռողների ձեռքով նրանց դիտապաստ պիտի գցեմ իրենց թշնամիների առաջ։ Նրանց դիակներն իբրեւ կերակուր պիտի տամ երկնքի թռչուններին ու երկրի գազաններին։
8 Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ ապականութեան ու ենթարկեմ սուլոցի. ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի եւ սուլի նրա կրած բոլոր հարուածների համար։
9 Նեղութեան ու պաշարման մէջ՝ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները եւ մարմինները դուստրերի, իւրաքանչիւրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։
10 Կը փշրես կուժն այն մարդկանց առաջ, որ բարձրանալու են քեզ հետ,
11 ու կ՚ասես նրանց. այսպէս է ասում ինձ Զօրութիւնների Տէրը. ՛՛Նոյն կերպ էլ պիտի խորտակեմ այդ ժողովրդին ու այդ քաղաքը, ինչպէս որ փշրւում է խեցեղէն ամանը, որն այլեւս չի կարող վերականգնուել։ Եւ թող նրանք թաղուեն Տափեթում՝ թաղելու տեղ չլինելու պատճառով։
12 Այդպէս պիտի վարուեմ այդ վայրի հետ, - ասում է Տէրը, - նաեւ բնակչութեան հետ, որ դրա մէջ է՝ այդ քաղաքը մատնելով կործանման։
13 Ու թող Երուսաղէմի տներն ու Յուդայի երկրի թագաւորների տները դառնան սպանութեան վայր այն պղծութիւնների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ, նրանց տանիքների վրայ, խունկ էին ծխում երկնքի բոլոր զօրութիւններին եւ նուէրներ ընծայաբերում օտար աստուածներին։
14 Երեմիան եկաւ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տէրը՝ մարգարէանալու այնտեղ։ Նա կանգնեց Տիրոջ Տան սրահում եւ ասաց ամբողջ ժողովրդին.
15 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահաւասիկ այս քաղաքի վրայ բերելու եմ ամենայն չարիք, ինչպէս ասացի նրա մասին, նաեւ սրա միւս բոլոր քաղաքների ու աւանների վրայ, քանզի նրանք խստապարանոց դարձան, որպէսզի չլսեն իմ խօսքերը։