ԵՐԵՄԻԱ. Chapter 9

1 Ո՞վ կը տար իմ գլխին ջուր եւ իմ աչքերին՝ արտասուքի աղբիւրներ, որ ես զօր ու գիշեր ողբայի այս ժողովրդին եւ իմ ժողովրդի դստեր վիրաւորներին։
2 Ո՞վ կը տար ինձ անապատում մի խղճուկ օթեւան, որ ես թողնէի իմ ժողովրդին, հեռանայի նրանից, քանզի բոլորն էլ անխտիր շնացող ենեւ անարգների բազմութիւն։
3 Նրանք լարեցին իրենց լեզուներն ինչպէս աղեղ. ստութի՛ւնը եւ ոչ թէ հաւատքը զօրացաւ երկրի վրայ, որովհետեւ նրանք չարութիւնից չարութիւն գնացին եւ ինձ չճանաչեցին, - ասում է Տէրը։
4 Իւրաքանչիւրդ ձեր ընկերոջից զգո՛յշ եղէք եւ յոյս մի՛ դրէք ձեր եղբայրների վրայ, որովհետեւ ամէն եղբայր խաբելով խաբում է, եւ ամէն բարեկամ ընթանում է նենգութեամբ։
5 Իւրաքանչիւրն այպանում է իր բարեկամին, ճշմարտութիւն չեն խօսում. նրանց լեզուն սովորեց սուտ խօսել։
6 Նրանք զրկանքներ են պարգեւել եւ չեն դադարել կուտակելուց վաշխ վաշխի վրայ եւ նենգութիւն նենգութեան վրայ. նրանք չկամեցան ճանաչել ինձ, - ասում է Տէրը։
7 Դրա համար էլ այսպէս է ասում Աստուած՝ Զօրութիւնների Տէրը. Ահաւասիկ ես կրակով պիտի հալեմ նրանցեւ պիտի փորձեմ նրանց, որովհետեւ չարութիւնների պատճառով ուրիշ ինչպէ՞ս վարուեմ իմ ժողովրդի դստեր հետ։
8 Նրանց նենգաւոր լեզուները խոցոտող նետ են։ Նրանց բերանի խօսքերը իրենց ընկերոջ հետ խաղաղութեան մասին են խօսում, իսկ նրանք իրենց սրտում թշնամութիւն ունեն։
9 Միթէ սրանց համար չե՞մ պատժելու նրանց, - ասում է Տէրը, -կամ այդպիսի ազգից ես վրէժխնդիր չե՞մ լինելու։
10 Կոծեցէ՛ք լեռների վրայ եւ ձա՛յն բարձրացրէք անապատի բլուրների վրայ, ողբացէ՛ք, որովհետեւ անցորդ մարդկանց բացակայութեան պատճառով դրանք ամայացան եւ չեն լսում անասունների ձայները։ Երկնային թռչուններից մինչեւ անասունները բոլորը ցրուեցին ու գնացին։
11 Երուսաղէմը գերութեան եմ մատնելու եւ այն տալու եմ վիշապներին բնակութեան համար, իսկ Յուդայի երկրի քաղաքներն աւերածութեան եմ ենթարկելու, այնպէս որ բնակիչներ չլինեն։
12 Ով իմաստուն այր է, թող հասկանայ այս բանը, եւ ում տրուած է Տիրոջ բերանի խօսքը, թող նա մեզ պատմի, թէ ինչի՛ համար կորստեան դատապարտուեց երկիրը։ Լքուեց ինչպէս անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։
13 Եւ Տէրն ինձ ասում է. Քանի որ դրանք թողեցին իմ օրէնքը, որ դրել էի նրանց աչքի առաջ, եւ ականջ չդրեցին իմ ձայնին,
14 հետեւեցին իրենց չար սրտերի հաճոյքներին ու այն կուռքերին, որոնց հետեւել սովորեցրին իրենց հայրերը,
15 դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահաւասիկ այդ ժողովրդին կերակրելու եմ վտանգով եւ խմեցնելու եմ դառնութեան ջուր։
16 Դրանց ցրելու եմ այն ազգերի մէջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը եւ ո՛չ էլ իրենք։ Դրանց վրայ սուր եմ արձակելու, մինչեւ որ սրով կոտորեմ դրանց, - ասում է Զօրութիւնների Տէրը։
17 Մտածեցէ՛ք եւ կանչեցէ՛ք լալական կանանց, որ գան,եւ մարդ ուղարկեցէք՝ կանչելու վարժ եղերամայրերի.թող նրանք գուժեն,
18 թող ստիպեն, թող ողբան ձեզ վրայ։ Թող ձեր աչքերն արտասուք թափեն, իսկ ձեր արտեւանունքները ջուր հոսեցնեն։
19 Սիոնում տարածուեց տխուր մի ձայն. Ինչպէ՜ս թշուառացանք ու խիստ ամաչեցինք, որովհետեւ լքեցինք երկիրը, թողեցինք մեր բնակավայրերը։
20 Կանա՛յք, լսեցէ՛ք Տէր Աստծու պատգամները, եւ թող ձեր ականջներն ընկալեն նրա բերանի խօսքերը։ Ձեր դուստրերին կոծե՛լ սովորեցրէք, իսկ կինն իր ընկերոջը թող սովորեցնի ողբալ,
21 քանզի մահը ձեր պատուհաններով բարձրացաւ եւ մտաւ ձեր երկիրը՝ տներից դուրս՝ մանուկներին, իսկ երիտասարդներին հրապարակներից ջնջելու համար։
22 Այսպէս է ասում Տէրը. Թող մարդկանց դիակները խայտառակութեան օրինակ դառնան ձեր երկրի դաշտերի երեսին. թող լինեն ինչպէս խոտն է մնում հնձողից յետոյ, եւ չի լինի մէկը, որ այն հաւաքի։
23 Այսպէս է ասում Տէրը. Թող իմաստունն իր իմաստութեամբ չպարծենայ, թող հզօրն իր զօրութեամբ չպարծենայ,
24 եւ թող մեծն իր մեծութեամբ չպարծենայ, այլ պարծեցողը թող այս բանով պարծենայ՝ իմանալ եւ ճանաչել ինձ, թէ ես եմ Տէր Աստուածը, որ երկրի վրայ իրաւ դատաստան, ողորմութիւն ու արդարութիւն եմ անում, որոնք հաճելի են ինձ, - ասում է Տէրը։
25 Ահա գալու են օրեր, - ասում է Տէրը, -երբ ես պատժելու եմ անթլփատ մնացած բոլոր թլփատուածներին՝
26 Եգիպտոսին եւ Յուդայի երկրին, եդոմացիներին ու ամոնացիներին, մովաբացիներին եւ երեսներն ածիլած բոլոր անապատաբնակներին։ Եթէ բոլոր ազգերն անթլփատ են մարմնով, ապա Իսրայէլի ողջ տունն անթլփատ է իր սրտով։