ԵՐԵՄԻԱ. Chapter 14

1 Տիրոջ խօսքը, որ նա ասաց Երեմիային երաշտի մասին։
2 Սուգ մտաւ Հրէաստանը, նրա դռները մնացին թափուր, խաւարը պատեց երկիրը, եւ Երուսաղէմն աղաղակ բարձրացրեց։
3 Նրանց մեծամեծներն իրենց երիտասարդներին ջրի ուղարկեցին. նրանք եկան ջրհորները եւ ջուր չգտան. իրենց ամանները դատարկ յետ բերեցին։ Ամաչեցին ու ամօթահար ծածկեցին իրենց գլուխները։
4 Երկրագործութիւնը դադարեց, որովհետեւ հողն առանց անձրեւի մնաց. մշակներն ամօթահար եղան, ծածկեցին իրենց գլուխները։
5 Հանդում եղնիկները ձագ ծնեցին, սակայն թողեցին իրենց ձագերին, որովհետեւ բուսականութիւն չկար.
6 ցիռերը դաշտերում վիշապների պէս օդ ծծեցին, նրանց աչքերը դուրս ընկան, որովհետեւ խոտ չկար։
7 Թէպէտ մեր մեղքերը կանգնեցին մեր դէմ, բայց դու, Տէ՛ր, վարուի՛ր յանուն քո անուան։ Բազում են մեր մեղքերը քո առաջ.
8 մեղք ենք գործել քո հանդէպ, ո՛վ յոյսդ Իսրայէլի։ Տէ՛ր, նեղութեան ժամին փրկի՛ր մեզ։ Ինչո՞ւ երկրի վրայ պանդխտի պէս եղար կամ երկրի մի բնակչի պէս, որ իր իջեւանն է վերադառնում։
9 Միթէ դու քնած մի մա՞րդ ես, կամ մի ա՞յր, որ զուրկ է փրկելու կարողութիւնից։ Բայց դու, Տէ՛ր, մեր մէջ ես, եւ քո անունը դրուած է մեզ վրայ, մի՛ մոռացիր մեզ։
10 Այսպէս է ասում Տէրն այդ ժողովրդին. Այդպէս սիրեցին նրանք թափառել ու իրենք իրենց չխնայեցին. եւ Աստուած բարեհաճ չեղաւ նրանց հանդէպ. այժմ պիտի յիշի նրանց անիրաւութիւնները եւ պիտի պատժի նրանց իրենց մեղքերի համար։
11 Տէրն ինձ ասում է. Այն ժողովրդին բարիք անելու համար մի՛ աղօթիր։
12 Եթէ ծոմ էլ պահեն, ես չեմ լսելու նրանց խնդրանքները. եթէ ողջակէզներ ու զոհեր մատուցեն, դրան էլ հաճութիւն ցոյց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց։
13 Իսկ ես ասում եմ. Ո՛վ դու, որ Տէր Աստուած ես, ահա մարգարէներն ասում են նրանց, թէ՝ Սուր չէք տեսնելու, սով չի լինելու ձեր մէջ, քանզի ճշմարտութիւն ու խաղաղութիւն պիտի շնորհուեն երկրի եւ այդ տեղի վրայ։
14 Տէրն ինձ ասում է. Մարգարէներն իմ անունով սուտ մարգարէութիւն են անում. ես ո՛չ ուղարկել եմ նրանց, ո՛չ պատուէր եմ տուել նրանց եւ ո՛չ էլ խօսել եմ նրանց հետ. նրանք ձեզ մարգարէանում են սուտ տեսիլներ, սնոտի գուշակութիւններ ու հմայութիւններ եւ իրենց սրտի ցանկութիւնները։
15 Դրա համար Տէրն այսպէս է ասում մարգարէների մասին. Նրանք մարգարէութիւն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատուիրել եմ նրանց, որ ասեն, թէ՝ Սուր ու սով չպիտի լինի այս երկրում։ Մահուան քայքայիչ հիւանդութեամբ եւ սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարէները,
16 նաեւ այն ժողովուրդը, որի համար նրանք մարգարէանում են. նրանք սրից ու սովից ընկած պիտի մնան Երուսաղէմի ճանապարհներին, թէ՛ նրանք, թէ՛ նրանց կանայք եւ թէ՛ նրանց որդիներն ու դուստրերը. եւ նրանց թաղող չպիտի լինի. իրենց չարութիւնն իրենց վրայ պիտի թափեմ։
17 Կ՚ասես նրանց նաեւ այս խօսքը. Զօր ու գիշեր ձեր աչքերից արտասո՛ւք թափեցէք, եւ թող վերջ չլինի դրան, քանզի իմ ժողովրդի կոյս աղջիկը մեծ կոտորածի, ամենացաւագին հարուածների ենթարկուեց։
18 Դաշտ եմ դուրս գալիս՝ եւ ահա սրից վիրաւորուածներ, քաղաք եմ մտնում՝ եւ ահա սովից տանջուողներ, որովհետեւ մարգարէն ու քահանան գնացին իրենց չճանաչած երկիրը։
19 Միթէ իսպառ երե՞ս թեքեցիր Յուդայի երկրից, կամ նրանից բոլորովին հեռացա՞ւ քո հոգին. ինչո՞ւ այնպէս հարուածեցիր մեզ, բժշկութիւն չլինի մեզ համար։ Խաղաղութիւն ակնկալեցինք, բայց բարի բան չկատարուեց, սպասեցինք բժշկութեան ժամին, բայց ահա խռովութիւն եղաւ։
20 Տէ՛ր, գիտակցեցինք մեր մեղքերը եւ մեր հայրերի անիրաւութիւնները, քանզի մեղք գործեցինք քո առաջ։
21 Քո անուան համար մեղմի՛ր բարկութիւնդ, կորստեան մի՛ մատնիր քո փառքի աթոռը. յիշի՛ր, մի՛ խզիր քո ուխտը, որ կապել ես մեզ հետ։
22 Հեթանոսական կուռքերի մէջ կա՞յ արդեօք մի կուռք, որ անձրեւ բերի, կամ թէ կարո՞ղ է երկինքը ինքն իրեն հեղեղ տեղալ. այդ անողը միթէ դու ինքդ չե՞ս, ո՛վ Տէր Աստուած մեր, եւ մենք քեզ վրայ ենք դնում մեր յոյսը, քանզի դու ես այդ ամէնը կատարում։