ԵՐԵՄԻԱ. Chapter 43

1 Երբ Երեմիան վերջացրեց ամբողջ ժողովրդին յայտնել նրա Տէր Աստծու բոլոր խօսքերը, որոնք նրան էր յղել Տէր Աստուած,
2 այն ժամանակ Օսէի որդի Յեզոնիան, Կարէի որդի Յովնանը եւ բոլոր ամբարտաւան մարդիկ Երեմիային ասացին. Դու սուտ ես խօսում. մեր Տէր Աստուած քեզ չի ուղարկել մեզ մօտ ասելու, թէ՝ Մի՛ մտնէք Եգիպտոս՝ այնտեղ բնակուելու համար,
3 այլ քեզ մեր դէմ է գրգռում Ներիայի որդի Բարուքը, որպէսզի մեզ մատնես քաղդէացիների ձեռքը, որ կոտորեն եւ գերի տանեն մեզ Բաբելոն։
4 Կարէի որդի Յովնանը, բոլոր զօրապետներն ու ամբողջ ժողովուրդը չանսացին Տիրոջ ձայնին՝ բնակուելու Յուդայի երկրում։
5 Կարէի որդի Յովնանը եւ բոլոր զօրապետներն առան Յուդայի երկրի բոլոր մնացորդներին, որոնք Յուդայի երկրում ապրելու համար վերադարձել էին այն բոլոր ազգերի մօտից, ուր ցրուած էին նրանք,
6 տղամարդկանց, կանանց ու մանուկներին, թագաւորի դուստրերին եւ այն անձանց, որոնց Նաբուզարդան դահճապետը թողել էր Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, ինչպէս եւ Երեմիա մարգարէին ու Ներիայի որդի Բարուքին,
7 եւ գնացին Եգիպտացիների երկիրը, որովհետեւ չանսացին Տիրոջ ձայնին, եւ հասան Տափնաս։
8 Տափնասում Տէրն իր խօսքն ուղղեց Երեմիային եւ ասաց.
9 Դու մեծ մեծ քարե՛ր վերցրու, թաղի՛ր Տափնասում, աղիւսատան թաքստոցի մէջ, Փարաւոնի ապարանքի մուտքի մօտ՝ ի տես Յուդայի երկրի մարդկանց,
10 եւ ասա՛ նրանց. այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. ահաւասիկ ես կ՚ուղարկեմ ու կը բերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրայ, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրայ կանգնած՝ նա պիտի կապի իր զէնքերը,
11 պիտի գայ ու հարուած հասցնի Եգիպտացիների երկրին, ում մահ է վիճակուած՝ պիտի դատապարտի մահուան, ում գերութիւն՝ գերութեան, ում սուր՝ սրի։
12 Նրանց աստուածների տան մէջ կրակ պիտի գցի, պիտի այրի նրանց ու գերի տանի։ Պիտի քրքրի Եգիպտացիների երկիրը, ինչպէս հովիւն է քրքրում իր հագուստները, եւ այդտեղից հանգիստ պիտի դուրս գայ։
13 Պիտի խորտակի Եգիպտացիների երկրում գտնուող Արեգ քաղաքի սիւները եւ նրանց աստուածների մեհեաններն այրի հրով։