ԵՐԵՄԻԱ. Chapter 41

1 Պատահեց այնպէս, որ եօթներորդ ամսին թագաւորազարմ Եղիսամայի որդի Նաթանի որդի Իսմայէլը թագաւորի պաշտօնեաների եւ տասը մարդու ուղեկցութեամբ եկաւ Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մօտ, եւ նրանք միասին հաց կերան Մասեփայում։
2 Ապա Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած տասը տղամարդկանցով վեր կացաւ, սրով հարուածեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային եւ սպանեց նրան, որին բաբելացիների արքան երկրի վրայ վերակացու էր դրել։
3 Բոլոր հրեաներին եւս, որոնք Գոդողիայի հետ Մասեփայում էին, ինչպէս նաեւ այնտեղ գտնուած բոլոր քաղդէացիներին, որոնք պատերազմող մարդիկ էին, Իսմայէլը կոտորեց։
4 Իսկ Գոդողիայի սպանութեան յաջորդ օրը, երբ դեռ ոչ ոք այդ մասին չգիտէր,
5 Սիւքէմից, Սաղէմից եւ Շամրինից մարդիկ եկան, ութսուն տղամարդ, մօրուքները սափրած, զգեստները պատառոտած, կոծ անելով, ձեռքներին՝ ընծաներ եւ կնդրուկ, որպէսզի տանեն Տիրոջ Տունը։
6 Մասեփայում նրանց ընդառաջ ելաւ Նաթանի որդի Իսմայէլը. նա գնում էր ու լաց լինում։ Իսկ երբ մօտեցաւ նրանց, ասաց. Մտէ՛ք Աքիկամի որդի Գոդողիայի մօտ։
7 Հէնց որ քաղաքամէջ հասան, Նաթանի որդի Իսմայէլն իր հետ եղած մարդկանցով քաղաքի մէջ կոտորեց նրանց եւ լցրեց ջրհորը։
8 Այնտեղ տասը մարդ կար, որոնք ասացին Իսմայէլին. Մեզ մի՛ սպանիր, որովհետեւ մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու իւղ։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։
9 Իսկ ջրհորը, որի մէջ Իսմայէլը լցրել էր այն բոլոր մարդկանց դիակները, որոնց կոտորել էր Գոդողիայի պատճառով, մի մեծ ջրհոր էր, որը Իսրայէլի Բաասա արքայի վախից շինել էր Ասա արքան. Նաթանի որդի Իսմայէլն այն լցրեց սպանուածներով։
10 Իսմայէլը գերեվարեց Մասեփայում մնացած ամբողջ ժողովրդին եւ թագաւորի դուստրերին՝ Մասեփայում եղած ժողովրդի թափթփուկների հետ միասին, որոնց Նաբուզարդան դահճապետը յանձնել էր Աքիկամի որդի Գոդողիային։ Նաթանի որդի Իսմայէլը առաւօտ կանուխ ելաւ գնաց միւս կողմը՝ ամոնացիների մօտ։
11 Երբ Կարէի որդի Յովնանը եւ զօրքերի բոլոր հրամանատարները, որոնք նրա հետ էին, լսեցին այն բոլոր չարիքների մասին, որ գործել էր Նաթանի որդի Իսմայէլը, հաւաքեցին իրենց բոլոր զինուորներին
12 եւ շարժուեցին, որպէսզի գնան պատերազմ մղեն Նաթանի որդի Իսմայէլի դէմ։ Նրան հանդիպեցին Գաբաւոնում, յորդ ջրերի մօտ։
13 Իսկ երբ Իսմայէլի հետ եղած ամբողջ ժողովուրդը նկատեց Կարէի որդի Յովնանին եւ բոլոր զօրապետներին, որ նրա հետ էին, ուրախացաւ։
14 Ամբողջ ժողովուրդը, որին Իսմայէլը գերել էր Մասեփայում, անցաւ նրանց կողմը, եկաւ Կարէի որդի Յովնանի մօտ։
15 Բայց Նաթանի որդի Իսմայէլը ութ տղամարդու հետ փրկուեց Յովնանի ձեռքից եւ ընկաւ ամոնացիների մօտ։
16 Ապա Կարէի որդի Յովնանն ու բոլոր զօրապետները, որ նրա հետ էին, Մասեփայից վերցրին ժողովրդի այն մասը, որ մնացել էր, ազատեցին նրանց Նաթանի որդի Իսմայէլի ձեռքից այն բանից յետոյ, երբ սա սպանեց Աքիկամի որդի Գոդողիային, գաբաւոնացիների երկրից առան հզօր ու պատերազմող մարդկանց, կանանց, տղամարդկանց ու ներքինիներին,
17 գնացին ու կանգ առան Բերութքամամ երկրում, Բեթղահէմի դիմաց, որպէսզի քաղդէացիների երկիւղից անցնեն գնան Եգիպտացիների երկիրը։
18 Նրանք վախենում էին նրանցից, քանի որ Իսմայէլն սպանել էր Աքիկամի որդի Գոդողիային, որին բաբելացիների արքան երկրի վրայ կառավարիչ էր կարգել։