ԵՐԵՄԻԱ. Chapter 49

1 Ամոնացիների մասին
2 Այսպէս է ասում Տէրը. Միթէ Իսրայէլը որդիներ չունի՞ եւ կամ միթէ ժառանգորդ չունի՞։ Ինչո՞ւ Մեղքոմը տիրեց Գադի հողերին, ու Մեղքոմի ժողովուրդը նրա քաղաքներում է բնակւում։
3 Դրա համար էլ, - ասում է Տէրը, - օրեր են գալու, երբ Ռաբոթում ամոնացիներին գոյժ պիտի տամ քաղաքների մասին, որոնք անապատի պիտի վերածուեն ու անհետանան, նրանց բագինները հրով պիտի այրուեն, եւ Իսրայէլը պիտի ստանայ իր իշխանութիւնը, - ասում է Տէրը։
4 Աղաղակի՛ր, Եսեբո՛ն, որովհետեւ Գեհը կործանուեց, բողո՛ք բարձրացրէք, ո՛վ Ռաբայի դուստրեր, քո՛ւրձ հագէք, մոլեգնեցէ՛ք, սգացէ՛ք եւ ցանկապատերի շուրջն այս ու այն կո՛ղմ թափառեցէք, որովհետեւ Մեղքոմն իր քրմերի ու իշխանների հետ միասին գերի է գնում։
5 Ինչո՞ւ ես ցնծում քո խորանների մէջ, ո՛վ Զեփ, եւ քո դաշտերում, ո՛վ անզգամ դուստր, որ ապաւինել էիր քո գանձերին եւ ասում էիր, թէ՝ Ո՞վ պիտի գայ ինձ վրայ։
6 Ահա ամէն կողմից սարսափ պիտի բերեմ քեզ՝քո շուրջը բնակուողներից, - ասում է Զօրութիւնների Տէրը. - դուք ցրուելու էք ամէն կողմ, ու ոչ ոք չի լինելու, որ հաւաքի թափառականներին։
7 Դրանից յետոյ եմ վերադարձնելու գերեալ ամոնացիներին, - ասում է Տէրը։
8 Եդոմի մասինԱյսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Այլեւս իմաստութիւն չկայ Թեմանում, հանճարեղները խելակորոյս եղան. գնաց նրա իմաստութիւնը, ծաղրի առարկայ դարձաւ նրա երկիրը։
9 Գնացէ՛ք ապրելու թաքուն եւ դժուարին տեղերում, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետեւ նրանց վրայ պիտի բերեմ մի ժամանակ,երբ գամ պատժելու նրանց։
10 Այգեկութ անողները վրայ հասան եւ մնացորդներ չեն թողնելու քո մէջ, ինչպէս գիշերուայ գողեր՝ իրենց ձեռքերը դնելու են նրանց վրայ։
11 Ես կործանեցի Եսաւին եւ նրա թաքստեան տեղերը յայտնի դարձրի. այլեւս նրանք չեն կարող թաքնուել։ Նրա զաւակը կորստեան մատնուեց իր եղբօր եւ դրացու ձեռքով.
12 չկայ քո որբը, որ ապրի, իսկ նրանց այրիներն ինձ վրայ էին յոյս դրել։
13 Այսպէս է ասում Տէրը. Ահա նրանք, որոնք պէտք չէ որ խմէին բաժակը, բայց խմելով հարբեցին, իսկ դու բոլորովին անպատի՞ժ պիտի մնաս. դու չե՛ս արդարանայ, այլ խմելով պիտի հարբե՛ս,
14 քանզի ես իմ անձով երդուեցի, - ասում է Տէրը, - որ Եդոմի ժառանգութեան մէջ դու ապականութեան, նախատինքի, անապատի ու անէծքի պիտի վերածուես, իսկ քո բոլոր քաղաքները յաւիտեանս աւերակ պիտի դառնան։
15 Լուր առայ Տիրոջից, որ սուրհանդակներ ուղարկեց ազգերի մօտ, թէ՝ Հաւաքուեցէ՛ք ու գնացէ՛ք նրա վրայ, պատերազմի՛ դուրս ելէք,
16 որովհետեւ ահա մի փոքր ժամանակ եւս՝ եւ ես ազգերի մէջ, մարդկանց մէջ քեզ կը դարձնեմ արհամարհուած։
17 Այդ բանը քո գլխին բերեց քո խայտառակութիւնը, քո սրտի լրբութիւնը քեզ ստիպեց ժայռերի մէջ ծակամուտ լինել եւ խլեց քո բարձրացած բլրի զօրութիւնը. բայց եթէ արծուի պէս բարձրացնես քո բոյնը, այնտեղից էլ կ՚իջեցնեմ քեզ, - ասում է Տէրը։
18 Եդոմն անապատ պիտի դառնայ, ամէն ոք, ով անցնի նրա միջով, պիտի զարմանայ ու սուլի նրա կրած բոլոր աղէտների համար։
19 Ինչպէս Սոդոմն ու Գոմորը եւ նրանց բնակիչները կործանուեցին, - ասում է Տէրը, - այնպէս էլ մարդ չպիտի նստի նրա մէջ, մարդու որդի չպիտի բնակուի նրա մէջ։
20 Ահա, իբրեւ առիւծ, թշնամին Յորդանանի միջից դուրս պիտի գայ դէպի Եթեմմա վայրը, որպէսզի արագօրէն հալածական դարձնեմ նրան այնտեղից։ Ո՞վ է այնտեղ ընտրեալը, որ այցի գամ նրան, կամ ո՞վ կը համարձակուի ելնել իմ դէմ, ո՞վ է այն հովիւը, որ կը կանգնի իմ առջեւ։
21 Լսեցէ՛ք, ուրեմն, Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդոմայեցիների մասին, եւ նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. Միթէ չե՞ն խփում հօտի վերջին ոչխարներին, որ գնան, կանգնած չմնան,եւ հօտը չցրուի։
22 Նրա կործանման ձայնից երկիրը ցնցուեց, բօթը հասաւ Կարմիր ծով, լսուեց նրա աղաղակը։
23 Ահաւասիկ թշնամին պիտի երեւայ ինչպէս արծիւ, պիտի սլանայ ու տարածի իր թեւերը նրա ամրոցների վրայ, եւ այդ օրը Եդոմի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս։
24 Դամասկոսի մասին
25 Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետեւ չար լուր լսեցին, տագնապի մատնուեցին ծովում, զայրացան եւ չեն կարողանում հանգստանալ։
26 Դամասկոսը վհատուեց, փախուստի դիմեց եւ կործանուեց. դողը բռնեց նրան, ցաւերն են այրում նրան, ինչպէս ծննդկանին։
27 Ինչպէ՞ս է, որ նա չխնայեց իմ քաղաքը, այն աւանը, որը ես սիրեցի։
28 Քո հրապարակներում պիտի ընկնեն երիտասարդները, բոլոր կռուող մարդիկ պիտի զոհուեն այն օրը, - ասում է Զօրութիւնների Տէրը։ -
29 Ես կրակ պիտի վառեմ Դամասկոսի պարսպի վրայ, որը պիտի ճարակի Ադերի որդիների ապարանքները։
30 Կեդարի մասին
31 Այսպէս է ասում Տէրը թագուհու ապարանքի մասին, որին հարուած հասցրեց բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան. Եկէք յարձակուեցէ՛ք Կեդարի վրայ եւ սպանեցէ՛ք Կեդէմի որդիներին։
32 Նրանց վրանները, նրանց ոչխարները պիտի խլեն, նրանց շորերը, նրանց ամբողջ կահկարասին, նրանց ուղտերի երամակները պիտի վերցնեն իրենց համար։ Աղաղա՛կ բարձրացրէք, որ չորս կողմից նրանց կորուստ է սպառնում։
33 Արա՛գ փախէք, ապրելու համար թաքստոցնե՛րը մտէք, ո՛վ ապարանքի բնակիչներ, որովհետեւ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան ձեր մասին խորհուրդ է խորհել, վճիռ է կայացրել ձեր դէմ։
34 Վե՛ր կաց, - ասում է Տէրը, - գնա՛ այն ազգի վրայ, որը խաղաղ ապրում է հանգստութեան մէջ, որը ո՛չ դռներ ունի եւ ո՛չ էլ նիգեր, ապրում է առանձին։
35 Թող նրանց ուղտերի երամակներն աւար դառնան, նրանց ոչխարների բազմութիւնները ձեռքից գնան, պիտի քշեմ, քամու բերանը պիտի տամ երեսները ածիլածներին, բոլոր կողմերից նրանց կործանում պիտի բերեմ, - ասում է Տէրը։ -
36 Ապարանքը յաւիտեան պիտի վերածուի ջայլամների բնակավայրի եւ անապատի, մարդ չպիտի բնակուի այնտեղ, հողածնի որդին այնտեղ չպիտի ապրի։
37 Ելամի մասին
38 Յուդայի երկրի արքայ Սեդեկիայի թագաւորութեան սկզբում Տէրը Երեմիա մարգարէի միջոցով խօսեց Ելամի մասին եւ ասաց.
39 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա խորտակուեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետութիւնը։
40 Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրայեւ նրանց ցրիւ եմ տալու այդ չորս հողմերին։ Չի լինելու մի ազգ, որի մօտ չհասնեն Ելամի թափառականները։
41 Նրանց պիտի սարսափեցնեմ իրենց թշնամիների առաջ, որոնք պահանջում էին նրանց հոգիները։ Նրանց վրայ պիտի բերեմ իմ բարկութիւնն ու ցասումը, - ասում է Տէրը, - եւ իմ սուրը պիտի արձակեմ նրանց յետեւից, մինչեւ որ այն սպառի նրանց։
42 Իմ աթոռը Ելամում պիտի դնեմ եւ այնտեղից պիտի վերացնեմ թագաւորներին ու մեծամեծներին, - ասում է Տէրը։ -
43 Բայց ես վերջին օրերին Ելամի գերեալներին պիտի վերադարձնեմ, - ասում է Տէրը։ Ելամի մասին այս խօսքը յայտնուել է Սեդեկիայի թագաւորութեան սկզբին։