ԵՐԵՄԻԱ. Chapter 44

1 Տէրը Երեմիայի միջոցով խօսեց բոլոր հրեաների մասին, որոնք բնակւում էին Եգիպտացիների երկրում, գտնւում էին Մագդողում, Տափնասում, Մեմփիսում եւ Պաթուրէս երկրում, ու ասաց.
2 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դուք ինքներդ գիտէք այն բոլոր չարիքները, որ բերեցի Երուսաղէմի վրայ եւ ամբողջ Հրէաստանի քաղաքների վրայ։
3 Ահա դրանք այսօր ամայի են բնակիչներից այն չարութիւնների պատճառով, որ նրանք կատարեցին ինձ դառնացնելու համար, քանզի գնացին խունկ ծխելու եւ պաշտելու օտար աստուածներին, որոնց դուք եւ ձեր հայրերը չէիք ճանաչում։
4 Ու ես միշտ էլ կանխաւ ձեզ մօտ ուղարկեցի իմ բոլոր ծառաներին՝ մարգարէներին եւ ասացի, թէ՝ Մի՛ անէք այդ պիղծ բաները, որ ես ատում եմ։
5 Բայց նրանք չլսեցին ինձ եւ չհնազանդուեցին, որ դարձի գան իրենց չարութիւններից, խունկ չծխեն օտար աստուածներին։
6 Եւ իմ բարկութիւնն ու զայրոյթը թափուեց ու բորբոքուեց Յուդայի երկրի քաղաքներում եւ Երուսաղէմի հրապարակներում, որոնք աւեր ու անապատ դարձան, ինչպէս այսօր են։
7 Արդ, այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուած. Ինչո՞ւ ձեր հոգիների առաջ մեծամեծ մեղքեր էք գործում, որ Յուդայի երկրի միջից ջնջէք ձեր տղամարդուն, կնոջն ու ծծկեր մանկանը, որ ձեզնից որեւէ մէկը չմնայ,
8 ձեր ձեռքի գործերով ինձ դառնութիւն պատճառէք եւ Եգիպտացիների երկրում, ուր դուք գնացել էք բնակուելու, խնկարկէք օտար աստուածներին, որ բնաջնջուէք եւ անէծքի ու նախատինքի առարկայ դառնաք աշխարհի բոլոր ազգերի մէջ,
9 որովհետեւ դուք մոռացութեան չտուեցիք ձեր հայրերի չար գործերը, Յուդայի երկրի թագաւորների չարութիւնները, նրանց կանանց չարութիւնները, ձեր չարութիւնները եւ ձեր կանանց չարութիւնները, որ նրանք կատարեցին Յուդայի երկրում եւ Երուսաղէմի հրապարակներում։
10 Մինչեւ այսօր նրանք յետ չկանգնեցին, չվախեցան եւ ոչ էլ հաւատարիմ մնացին իմ օրէնքին ու պատուիրաններին, որ դրեցի ձեր աչքի առաջ եւ ձեր հայրերի աչքի առաջ։
11 Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես իմ երեսը դարձնում եմ դէպի ձեզ՝ չարութեան համար, ոչնչացնելու համար ամբողջ Յուդայի երկիրը։
12 Պիտի առնեն Յուդայի երկրի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան Եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակուելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստեան մատնեն. պիտի սրի քաշուեն եւ սովից բնաջնջուեն, փոքրից մինչեւ մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնուեն նզովքի ու կորստեան, անէծքի ու նախատինքի։
13 Եւ նրանց, որ Եգիպտոսում են բնակւում, պիտի պատժեմ սրով, սովով ու մահով, ինչպէս պատժեցի Երուսաղէմին.
14 եւ Յուդայի երկրի մնացորդներից, որոնք բնակւում են Եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկուի, որ վերադառնայ Յուդայի երկիրը, ուր նրանք վերադառնալու եւ այնտեղ բնակուելու յոյսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն փրկուածներից։
15 Այն ժամանակ այն բոլոր տղամարդիկ, որոնք գիտէին, որ իրենց կանայք խունկ են ծխում օտար աստուածներին, նաեւ այնտեղ եղած բոլոր կանանց մեծ բազմութիւնն ու ամբողջ ժողովուրդը, որ բնակւում էր Եգիպտացիների երկրում, Պաթուրէսում, պատասխան տուին Երեմիային եւ ասացին.
16 Մենք չենք լսի քո այդ խօսքը, որ Տիրոջ անունից ասացիր մեզ,
17 բայց անպայման կը կատարենք ամէն բան, ինչ ելաւ մեր բերանից. խունկ կը ծխենք երկնքի թագուհուն, նրան նուէրներ կ՚ընծայենք, ինչպէս արել ենք մենք ու մեր հայրերը, մեր թագաւորներն ու մեր իշխանները Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում, երբ առատ էինք հացով, վայելքի մէջ էինք ու չարիք չէինք տեսնում։
18 Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց եւ նրան նուէրներ ընծայելուց, ամէն ինչի կարօտ մնացինք եւ սրով ու սովով կոտորուեցինք։
19 Երբ մենք, - աւելացրին կանայք, - երկնքի թագուհուն խունկ էինք ծխում եւ նրան նուէրներ ընծայում, ինչ է, առանց մեր ամուսինների իմացութեա՞ն էինք թխուածք ու կարկանդակներ պատրաստում կամ նուէրներ ընծայում նրան։
20 Ժողովրդի բոլոր զօրաւոր մարդկանց ու նրանց կանանց եւ ամբողջ ժողովրդին, որոնք իրեն այդպիսի պատասխան խօսք ասացին, Երեմիան պատասխանեց ու ասաց.
21 Արդեօք Տէրը չյիշե՞ց, նրա միտքը չընկա՞ւ այդ խունկը, որ դուք ու ձեր հայրերը, ձեր թագաւորները, ձեր իշխաններն ու երկրի ժողովուրդը ծխում էիք Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմի հրապարակներում։
22 Ձեր չար արարքների եւ ձեր արած գարշելի գործերի պատճառով Տէրը չկարողացաւ համբերել, եւ ձեր երկիրը, բնակիչներից զրկուած, դարձաւ աւերակ ու անապատ եւ նզովքի առարկայ, ինչպէս այսօր է։
23 Այն բանի համար, որ դուք դրանց խնկարկում էք եւ դրանով իսկ մեղանչում Տիրոջ հանդէպ, չէք լսում Տիրոջ ձայնը եւ չէք ընթանում ըստ նրա օրէնքների, ըստ նրա ցուցումների եւ հրամանների, դրա համար էլ ձեզ վիճակուեցին այդ չարիքները, ինչպիսիք այսօր էլ կան։
24 Եւ Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. Լսեցէ՛ք Տիրոջ պատգամները, Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ գտնւում էք Եգիպտացիների երկրում.
25 այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Դուք եւ ձեր կանայք ինչ որ ասացիք ձեր բերաններով, այն էլ արեցիք ձեր ձեռքերով. ասում էք թէ՝ Մեր դաւանածը պիտի դաւանենք, խունկ պիտի ծխենք երկնքի թագուհուն եւ նուէրներ ընծայենք։ Եւ դուք հաստատ մնացիք ձեր դաւանութեանը եւ ճշտօրէն կատարեցիք ձեր ուխտը։
26 Դրա համար էլ լսեցէ՛ք Տիրոջ պատգամը, Յուդայի երկրի բոլո՛ր մարդիկ, որ բնակւում էք Եգիպտացիների երկրում. Ահա ես երդուեցի իմ մեծ հոգով, - ասում է Տէր Աստուած, - որ եթէ իմ անունը նորից հնչի Յուդայի երկրի որեւէ մարդու բերանից, եթէ ասեն, թէ՝ Տէրը կենդանի է Եգիպտացիների այս ամբողջ երկրում,
27 ապա ես կը ծառանամ դրանց դէմ՝ դրանց չարչարելու եւ ոչ թէ բարութիւն անելու համար։ Եւ Յուդայի երկրի բոլոր մարդիկ, որ ապրում են Եգիպտացիների երկրում, պիտի կոտորուեն սրով ու սովով, մինչեւ որ նուազեն։
28 Իսկ սրից ազատուածները՝ սակաւաթիւ մարդիկ, Եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Յուդայի երկիրը։ Եւ Յուդայի երկրի բոլոր մնացորդները, որ բնակւում են Եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թէ ում խօսքն է հաստատուելու՝ ի՞մը, թէ՞ իրենցը։
29 Եւ սա թող ձեզ նշան լինի, - ասում է Տէրը, - որ այստեղ ես ձեզ պատժելու պիտի գամ, որպէսզի գիտենաք, որ իմ խօսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարուեն։
30 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես եգիպտացիների արքայ Վափառ փարաւոնին կը յանձնեմ իր թշնամիների ձեռքը, իր հոգին պահանջողների ձեռքը, ինչպէս որ Սեդեկիա արքային տուեցի իր թշնամու եւ իր հոգին պահանջողի՝ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի ձեռքը։