ԵՐԵՄԻԱ. Chapter 48

1 Մովաբի մասին
2 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Վա՜յ Նաբաւին, որ կործանուեց, Կարիաթիմն ամօթահար եղաւ, գրաւուեց.ամօթահար եղաւ Մոսոգամբն ու պարտութեան մատնուեց։
3 Մովաբն այլեւս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են որոճում, թէ՝ Եկէք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձուի։ Հուրն է շրջում քո յետեւից։
4 Օրոնայիմից լսւում է գուժկանների բօթը. Մովաբն աւերուեց ու մեծ կոտորածի ենթարկուեց։
5 Գոյժ տուէք Զոգորին, քանզի Ալոթը ողբով լցուեց,
6 եւ լացով են բարձրանում Օրոնայիմի ճանապարհով։ Տագնապ ու կոտորածի բօթ լսեցի.
7 փախէ՛ք ու փրկեցէ՛ք ձեր անձերը ու կը լինէք ինչպէս անապատի ցիռ։
8 Յոյսդ դրել էիր քո ամրոցների վրայ, բայց պիտի վրայ հասնեն նեղութիւնները, ու դու պիտի բռնուես։ Քամոսը գերի պիտի գնայ իր քուրմերի ու իր իշխանների հետ։
9 Միանգամից կործանում պիտի հասնի բոլոր քաղաքներին, մի քաղաք իսկ չպիտի փրկուի, բնակիչը պիտի ոչնչանայ, դաշտեցին՝ բնաջնջուի։
10 Այսպէս է ասում Տէրը. Մի ծաղիկ տուէք Մովաբին որպէս նշան,որը տոչորուելով պիտի տոչորուի, իսկ նրա բոլոր քաղաքները անապատի պիտի վերածուեն բնակիչներ չլինելու պատճառով։
11 Թող անիծեալ լինի նա, ով Տիրոջ գործը ծուլութեամբ կը կատարի, թող անիծեալ լինի նաեւ նա, ով Տիրոջ սուրը արիւնից յետ կը պահի։
12 Իր մանկութիւնից ի վեր Մովաբը հանգի՜ստ էր, իր փառքին էր ապաւինել, ամանից աման չէր թափուել եւ գերութեան չէր գնացել, դրա համար էլ նրա համն իր մէջ էր մնացել, եւ բոյրը չէր չքացել։
13 Ահա թէ ինչու օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - ու ես մարդիկ պիտի ուղարկեմ նրա մօտ, որոնք պիտի կռացնեն նրան, նրա անօթները պիտի մանրեն ու նրա ամանները փշրեն։
14 Մովաբը պիտի ամաչի Քամոսից, ինչպէս Իսրայէլի տունն ամաչեց Բեթէլից՝ իր ապաւէնից։
15 Ինչո՞ւ էք ասում, թէ՝ Հզօր ենք, կռուի մէջ զօրեղ տղամարդ ենք։
16 Կորստեան մատնուեց Մովաբն իր քաղաքներով, եւ նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու, - ասում է արքան, որի անունը Զօրութիւնների Տէր է։
17 Մովաբի օրհասը մօտ է, եւ ձախորդութիւնները մեծ արագութեամբ նրա վրայ են գալիս։
18 Խղճացէ՛ք նրան ամէն կողմից. ամէնքդ, որ գիտէք նրա անունը, ասացէ՛ք.Ինչո՞ւ խորտակուեց գեղեցիկ ցուպը՝ մեծարանքի գաւազանը։
19 Խոնարհուի՛ր քո փառքից եւ նստի՛ր խոնաւութեան մէջ, ո՛վ դու դուստր, որ բազմել ես Դեբոնում, քանզի Մովաբը կորստեան մատնուեց, վրայ հասաւ քո ամրոցները կործանողը։
20 Դու, որ նստում ես Արովէրում, կանգնի՛ր ճանապարհներին, նայի՛ր եւ հարցրո՛ւ փախստականներին ու փրկուածներին, ասա՛՝ Ի՞նչ տեղի ունեցաւ։
21 Ամօթահար եղաւ Մովաբը, որովհետեւ կործանուեց։ Ճչա՛ եւ աղաղակի՛ր, գո՛յժ տուր Առնոնին, թէ Մովաբը կործանուեց։
22 Դատաստանն է սպառնում Միսորի երկրին՝
23 Քիլոնին, Յասսային, Մոփաթին, Դեբոնին եւ Նաբաւին, Դեբլաթեմի տանն
24 ու Կարիաթիմին, Գամողի տանը եւ Մաւոնի տանը,
25 Կարիաւոթին, Բոսորին եւ Մովաբի երկրի հեռաւոր ու մօտիկ բոլոր քաղաքներին։
26 Ջարդուեց Մովաբի եղջիւրը, եւ նրա յանդգնութիւնը խորտակուեց, - ասում է Տէրը։
27 Հարբեցրէ՛ք նրան, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ. Մովաբը թող ծափ տայ, որպէսզի ինքն էլ խայտառակ լինի։
28 Արդեօք Իսրայէլը քեզ համար ծաղրի առարկայ չէ՞ր՝ գողութեան մէջ բռնուած, երբ մարտնչում էիր նրա դէմ. նրա կողմից դու պիտի գերուես։
29 Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները եւ բնակուեցին քարերի ծերպերում. նմանուեցին քարերի ծերպերում եւ խոռոչների ճեղքերում բոյն դրած աղաւնիներին։
30 Լսեցի Մովաբի գոռոզութեան մասին, քանզի նա խիստ գոռոզացաւ իր վէսութեամբ, խրոխտութեամբ ու ամբարտաւանութեամբ, մեծամիտ դարձաւ նա։
31 Ես էլ իմացայ նրա արած գործերը, - ասում է Տէրը։ - Միթէ ըստ նրա կարողութեան չէի՞ն նրա բազուկները, բայց նա այդպէս չգործեց։
32 Ահա թէ ինչու ճի՛չ բարձրացրէք Մովաբի համար, ամէն կողմից ողբացէ՛ք Մովաբին, այն մարդկանց, որոնք խզում, փետում ու մրում են իրենց մազերը։
33 Պիտի հառաչեմ Յազերի լացով, պիտի լաց լինենք քեզ համար, ո՛վ դու Սաբեմի այգի։ Քո ճիւղերը տարածուեցին դէպի ծով, հասան մինչեւ Յազեր, քո մրգերին եւ քո այգեքաղին սպառնաց մահը։
34 Կարմելոսից եւ մովաբացիների երկրից վերացան ուրախութիւնն ու ցնծութիւնը։ Գինի կար քո հնձաններում. այսուհետեւ առաւօտները խաղող չպիտի ճմլեն, եւ երեկոները հնձանահարների ձայն չպիտի լսուի։
35 Եսեբոնի աղաղակը հասաւ մինչեւ Ելելա եւ մինչեւ Յասսա. նրանց քաղաքները, Սեգորից մինչեւ Օրոնայիմ, իրենց ձայնը բարձրացրին եւ գուժեցին մինչեւ Սալէս, որովհետեւ Եբերիմի ջուրն անգամ տաքանալով ցամաքեց։
36 Կորստեան պիտի մատնեմ Մովաբը, - ասում է Տէրը, - որ բագիններն էր բարձրանում եւ խնկարկում օտար աստուածներին։
37 Դրա համար էլ սիրտն իմ սրնգի պէս կանչ է արձակում Մովաբի վրայ, սիրտն իմ, իբրեւ շեփորի ձայն, ուղղուած է այն մարդկանց, որոնք ընկած են պատերի տակ։ Դրա համար էլ ինչ հարստութիւն որ ունէր, մարդկանց ձեռքով պիտի կորչի։
38 Բոլոր գլուխներն ամենուրեք պիտի սափրուեն, բոլոր մօրուքները կտրուեն, բոլոր ձեռքերին կտրուածքներ պիտի լինեն, բոլոր մարմինները պիտի լինեն քրձազգեաց։
39 Մովաբի բոլոր տանիքներին ու նրա հրապարակներում ամբողջովին լաց ու կոծ է լինելու։Ես փշրեցի Մովաբը ինչպէս մի աման, որ ոչ մի բանի պիտանի չէ, - ասում է Տէրը։
40 Ինչպէ՜ս կործանուեց, ողբացէ՛ք, ինչպէ՜ս դարձրեց նա իր թիկունքը. ամաչեց, ծաղրելի դարձաւ, եւ նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները։
41 Այսպէս է ասում Տէրը. Ահա արծուի նման թշնամին առաջ պիտի սլանայ եւ իր թեւերը տարածի Մովաբի վրայ։
42 Պիտի գրաւուի Կարիաւոթը, պիտի նուաճուեն նրա ամրոցները, եւ այն օրը Մովաբի զօրաւոր մարդկանց սիրտը պիտի դառնայ երկունքի մէջ գտնուող կանանց սրտի պէս։
43 Մովաբը, իբրեւ ժողովուրդ, պիտի կորչի, որովհետեւ նա յոխորտաց Տիրոջ դէմ։
44 Վիհ, սարսափ ու որոգայթ պիտի լինի քեզ համար, ո՛վ դու, որ բնակւում ես Մովաբում.
45 ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնուի որոգայթի մէջ, քանզի այն տարին, երբ պատժելու լինեմ Մովաբին, ամէն ինչ նրա գլխին պիտի բերեմ, - ասում է Տէրը։
46 Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկաւ, ու Սեհոն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին եւ փորձութեան ենթարկեց ամոնացիներին։
47 Վա՜յ քեզ, Մովա՛բ, որ կորցրիր Քամոսի ժողովրդին, քանզի նրա որդիներն ու դուստրերը գերեվարուեցին։
48 Բայց վերջին օրերը, - ասում է Տէրը, - Մովաբի գերեալներին պիտի վերադարձնեմ։ Մովաբի դատաստանը մինչեւ այստեղ է լինելու։