ԵՐԵՄԻԱ. Chapter 5

1 Երուսաղէմի փողոցներով այս ու այն կո՛ղմ շարժուեցէք, նայեցէ՛ք, իմացէ՛ք եւ փնտռեցէ՛ք նրա հրապարակներում.եթէ այնտեղ գտնէք մի մարդ, որ արդար գործ անի եւ լինի ճշմարտութեանը հետամուտ, ապա ես թողութիւն կը տամ նրա բնակիչներին, - ասում է Տէրը։ -
2 Եթէ նրանք նոյնիսկ ասեն, թէ կենդանի է Տէրը, իրաւ որ սուտ երդուած կը լինեն։
3 Տէ՛ր, աչքերդ յառած ճշմարտութեանը՝ տանջեցիր նրանց, բայց նրանք ցաւ չզգացին, ոչնչացրիր նրանց, բայց խրատ ընդունել չկամեցան, իրենց երեսներն ապառաժից աւելի կարծրացրին եւ չուզեցին դարձի գալ։
4 Եւ ես ասացի՝ թերեւս աղքատ լինելով՝ անկարող եղան ճանաչելու Տիրոջ ճանապարհներն ու Աստծու օրէնքները.
5 գնամ հարուստների մօտ եւ նրանց հետ խօսեմ. գուցէ նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրէնքները։ Բայց ահաւասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
6 Դրա համար էլ անտառի առիւծը կոտորեց նրանց, եւ գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչեւ տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառիւծը, եւ բոլորը, ովքեր այնտեղից դուրս կը գան՝ կ՚ընկնեն իբրեւ դիակ, քանզի իրենց ամբարշտութիւնները բազմացրին եւ իրենց անհնազանդութեան մէջ զօրացան։
7 Սրանցից որի՞ համար հաշտուեմ քեզ հետ. քո որդիներն ինձ լքեցին եւ չաստուածներով երդուեցին. ես կշտացրի նրանց, բայց նրանք շնացան ու պոռնկանոցներում օթեւանեցին։
8 Նրանք դարձան իգամոլ ձիեր, եւ ամէն մէկն իր ընկերոջ կնոջ վրայ էր վրնջում։
9 Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, -միթէ ես չե՞մ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրէժ չե՞մ լուծելու։
10 Բարձրացէ՛ք քաղաքի աշտարակների վրայ եւ կործանեցէ՛ք, բայց իսպառ մի՛ աւերէք. թողէ՛ք մնան նրա հիմքերը, որովհետեւ դրանք Տիրոջն են։
11 Յիրաւի, Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը չափազանց արհամարհեցին ինձ, - ասում է Տէրը։
12 Նրանք ստեցին իրենց Տիրոջը եւ ասացին. Բան չկայ, մեզ վրայ չարիքներ չեն գայ, սուր ու սով չենք տեսնի։
13 Մեր մարգարէները քամի էին, նրանք չունէին Տիրոջ պատգամը։Այդպէս էլ թող լինի նրանց։
14 Դրա համար էլ այսպէս է ասում Ամենակալ Տէր Աստուածը. Քանի որ այդ բանը բարբառեցին, ահաւասիկ իմ խօսքը քո բերանն եմ դնում իբրեւ կրակ, թող լափի նրանց՝ այդ ժողովրդին ինչպէս փայտ։
15 Ո՛վ Իսրայէլի տուն, - ասում է Տէրը,-ահա հեռուից ես ձեզ վրայ պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չէք լինի եւ խօսքը չէք հասկանայ։
16 Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։ Ամէնքն էլ զօրաւոր են.
17 ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, աւերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում էք, սրով հիմնիվեր կործանելու են։
18 Բայց այն օրն էլ, - ասում է քո Տէր Աստուածը, - ձեզ ձեր վախճանին չեմ հասցնելու.
19 եւ երբ ասելու լինեն՝ Մեր Տէր Աստուածն այս ամէնն ինչո՞ւ արեց մեզ, կ՚ասես նրանց. Քանի որ ինձ լքեցիք եւ ձեր երկրում ծառայեցիք օտար աստուածներին,այդպէս էլ օտարներին էք ծառայելու մի երկրում, որը ձերը չի լինելու։
20 Այդ մասին իմա՛ց տուէք Յակոբի տանը, թող լսելի դառնայ նաեւ Յուդայի տանը. ասացէ՛ք.
21 Լսեցէ՛ք այս բանը, յիմա՛ր եւ անմի՛տ ժողովուրդ, որ աչքեր ունէք, բայց չէք տեսնում, ականջներ ունէք բայց չէք լսում։
22 Միթէ ինձնից չէ՞ք երկնչում, - ասում է Տէրը, - իմ երեսից չէ՞ք դողում,ես, որ աւազը ծովին սահման կարգեցի յաւիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծուի, բայց չկարողանայ դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։
23 Այս ժողովուրդն անհնազանդ ու ըմբոստ սիրտ ունի. խոտորուեցին ու անցան գնացին։
24 Իրենց մտքում իսկ չասացին. Վախեցէ՛ք մեր Տէր Աստծուց, որը, ըստ մեր հնձի ժամանակի,նրանից առաջ եւ յետոյ, անձրեւ է տալիս մեզ եւ պահպանում է մեզ։
25 Մեր անօրէնութիւննե՛րը խախտեցին այդ կարգը, եւ մեր մեղքերը մեզնից հեռացրին բարիքները։
26 Արդարեւ, իմ ժողովրդի մէջ գտնուեցին ամբարիշտներ եւ, մարդկանց ոչնչացնելու համար, թռչնորսների թակարդների պէս որոգայթներ ու ցանցեր լարեցին եւ որսում էին։
27 Ինչպէս որոգայթներն են լի թռչուններով, այնպէս էլ նրանց տներն են լեցուն նենգութեամբ։
28 Դրա համար էլ նրանք հարստացան, մեծացան, գիրացան ու պարարտացան եւ չարութեամբ զանց առան իմ խօսքերը. արդար դատաստան չարին, որբի իրաւունքը չպաշտպանեցին, այրուն արդար դատով չդատեցին։
29 Այս ամենից յետոյ, - ասում է Տէրը, - միթէ ես չե՞մ պատժելու, կամ այդպիսի ազգից ես վրէժ չե՞մ լուծելու։
30 Յիմարութիւններ ու արհաւիրքներ կատարուեցին երկրի վրայ։
31 Մարգարէները սուտ մարգարէութիւն են անում, քահանաները ծափահարում են նրանց, եւ իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ էք անելու դրանից յետոյ։