ԵՐԵՄԻԱ. Chapter 51

1 Այսպէս է ասում Տէրը. Ահա ես Բաբելոնի վրայ եւ նրա բնակիչների վրայ պիտի բերեմ զայրոյթով լցուած մի սիրտ,կործանարար հողմ ու խորշակ։
2 Անարգողներ պիտի ուղարկեմ Բաբելոն. թող նախատեն նրան եւ ապականեն նրա երկիրը, քանզի Բաբելոնի վրայ նրա չարչարանքի օրը ամէն կողմից վայն է գալու։
3 Ով լարելու է, թող լարի իր աղեղը, եւ ով զէնք ունի, թող վերցնի այն։ Մի՛ խնայէք նրա երիտասարդներին, ոչնչացրէ՛ք նրա ողջ զօրութիւնը։
4 Վիրաւորները պիտի թափուեն քաղդէացիների երկրում, իսկ նրա շուրջը՝ խոցուածները,
5 քանզի Իսրայէլը եւ Յուդայի երկիրը իրենց Աստծուց եւ Տէր Ամենակալից չայրիացան, թէեւ նրանց երկիրն Իսրայէլի սրբերի դէմ անօրէնութիւններով լցուեց։
6 Փախէ՛ք Բաբելոնի միջից, թող ամէն մէկն իրեն փրկի, որպէսզի չկործանուէք նրա անիրաւութիւնների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տէրը նրանից վրէժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։
7 Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, դրա համար էլ շարժուեցին ազգերը,
8 եւ Բաբելոնը յանկարծակի վայր ընկաւ ու փշրուեց։ Ողբացէ՛ք նրա վրայ, նրա վէրքերին դե՛ղ արէք. թերեւս բժշկուի։
9 Բժշկեցինք Բաբելոնին, բայց նա չբժշկուեց,թողնենք նրան եւ իւրաքանչիւրս գնանք մեր երկիրը, որովհետեւ նրա դատաստանը մինչեւ երկինք հասաւ, բարձրացաւ մինչեւ աստղերը,
10 եւ Տէրը նրա գլխին պատիժ բերեց։ Եկէ՜ք Սիոնում պատմենք մեր Տէր Աստծու գործերը։
11 Պատրաստեցէ՛ք աղեղները, լցրէ՛ք կապարճները, քանի որ Տէրն արթնացրեց մարերի թագաւորի հոգին, քանի որ նրա բարկութիւնը Բաբելոնի վրայ է, պիտի ջնջի նրան, քանզի Տիրոջ վրէժխնդրութիւնն է դա, նրա տաճարի վրէժխնդրութիւնը։
12 Բաբելոնի պարիսպների վրայ դրօ՛շ կանգնեցրէք, պահապաննե՛ր կարգեցէք, արթնացրէ՛ք առաջապահներին, զէնքերը պատրաստեցէ՛ք, քանզի Տէրը ձեռնամուխ եղաւ անելու այն, ինչ ասել է Բաբելոնի բնակիչների մասին,
13 որոնք ապրում են յորդառատ ջրերի մօտ եւ նստում անթիւ գանձերի վրայ։ Հասել է քո վախճանը, արդարեւ այն ստուգապէս քո փորն է մտել։
14 Զօրութիւնների Տէրը երդուեց իր բազկով, թէ՝ Քեզ լցնելու եմ զօրքով, ինչպէս մորեխով, եւ նրանք, որ քո մէջ են իջնելու, աղաղակ են բարձրացնելու քեզ վրայ։
15 Նա իր զօրութեամբ ստեղծեց երկիրը, իր իմաստութեամբ հիմնեց տիեզերքը, իր հանճարով տարածեց երկինքը,
16 իր հրամանով երկնքում տեղաւորեց շառաչող ջրերի առատութիւնը. նա երկրի ծագերից ամպեր է հանում վեր, փայլատակումներ առաջացնում անձրեւների ժամանակ, լոյս է հանում իր շտեմարաններից։
17 Իւրաքանչիւր մարդ խելակորոյս դարձաւ, բոլոր ոսկերիչներն իրենց կուռքերի պատճառով ամօթահար եղան, որովհետեւ սուտ բաներ ձուլեցին, նրանց մէջ հոգի չկայ.
18 սնոտի ու խայտառակ գործեր են. երբ ես իրենց այցելութեան գնամ.կորստեան են մատնուելու։
19 Այդպիսին չէ Յակոբի բաժինը. նրա բաժինը նա է, ով ստեղծեց ամենայն ինչ, եւ նրա անունը Զօրութիւնների Տէր է։
20 Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զէնքերը, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քեզնով վերացնեմ թագաւորներին,
21 ոչնչացնեմ նրանց այրուձին, քեզնով պիտի ոչնչացնեմ նրանց կառքերն ու հեծեալներին։
22 Քո միջոցով պիտի ոչնչացնեմ տղամարդուն ու կնոջը, քեզնով ծերին ու երիտասարդին պիտի ոչնչացնեմ, քեզնով պիտի ոչնչացնեմ կտրիճին ու կոյսին։
23 Քո միջոցով պիտի ոչնչացնեմ հովուին ու նրա հօտը, քեզնով հողագործին ու նրա հողագործութիւնը պիտի ոչնչացնեմ,
24 քեզնով պիտի ոչնչացնեմ քո զօրավարներին ու զօրագլուխներին։
25 Բաբելոնին եւ քաղդէացի բնակիչներին պիտի պատժեմ այն բոլոր չարիքների համար, որ ձեր աչքի առաջ գործեցին Սիոնի նկատմամբ, - ասում է Տէրը։ -
26 Ահա ես քո դէմ եմ, ո՛վ դու ապականիչ լեռ, - ասում է Տէրը, - դու, որ ապականում էիր ամբողջ երկիրը. իմ ձեռքը քեզ վրայ եմ երկարելու եւ քեզ ժայռերից ներքեւ եմ գլորելու, քեզ վերածելու եմ խանձուած լերան։
27 Եւ այլեւս քեզնից չեն վերցնելուո՛չ անկիւնաքար, ո՛չ էլ հիմքի քար,որովհետեւ դու յաւիտեան պիտի լինես ապականութեան մէջ, - ասում է Տէրը։
28 Դրօ՛շ բարձրացրէք երկրի վրայ, փո՛ղ փչեցէք բոլոր ազգերի մէջ, զօրագնդե՛ր կանչեցէք նրա դէմ։ Իմ կողմից հրամա՛ն տուէք Այրարատեան թագաւորութիւններին եւ ասքանազեան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրէք, յարձակուեցէ՛ք նրանց վրայ։ Շարժուեց ու տանջուեց երկիրը, որովհետեւ Բաբելոնի վրայ հասաւ Տիրոջ խորհուրդը, եւ երիվարները հասան ինչպէս մորեխի բազմութիւն։
29 Նրա վրա՛յ հրաւիրեցէք ազգերին եւ մարերի թագաւորին, նրանց զօրավարներին ու նրանց բոլոր զօրագլուխներին,երկրի բոլոր իշխանութիւններին՝
30 աւերածութեան ենթարկելու համար բաբելացիների երկիրը, որպէսզի այնտեղ բնակութիւն չլինի։
31 Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից յետ կանգնեցին, մնացին պաշարման մէջ, բեկուեց նրանց զօրութիւնը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնուեցին նրանց տները, ջարդուեցին դրանց փականքները։
32 Փախչողը փախչողի պիտի պատահի, գուժկանը պիտի հանդիպի գուժկանի՝ բօթը տալու բաբելացիների թագաւորին, թէ նրա քաղաքը գրաւուած է,
33 ելքերը բռնուած են չորս կողմից, բնակիչները կրակի մէջ այրուել են, իսկ պատերազմող մարդիկ խոյս են տուել դէպի դարպասները։
34 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Բաբելացիների տունը պիտի կալսուի հասած օրանի նման, մի քիչ եւս՝ եւ կը գայ նրա հնձի ժամանակը։
35 Կերաւ ինձ, հասաւ ինձ վրայ, բաժանեց ինձ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան, ինձ դարձրեց կարծես մի դատարկ աման, վիշապի նման ինձ կուլ տուեց, իր փորը լցրեց իմ փափկութիւններով։
36 Թող հեռանան իմ տանջանքները, եւ ինձ հասած տառապանքները հասնեն Բաբելոնին. այսպէս պիտի ասի Սիոնի բնակիչը։Իմ արիւնը քաղդէացի բնակիչների վրա՛յ թող լինի. - այսպէս պիտի ասի Երուսաղէմը։
37 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին եւ պիտի առնեմ քո վրէժը, պիտի աւերեմ նրա ծովը եւ ցամաքեցնեմ նրա աղբիւրները։
38 Բաբելոնը բլուրների պիտի վերածուի, վիշապների բնակավայրի, աւերածութեան ու սուլոցի պիտի ենթարկուի, բնակելի չպիտի լինի։
39 Նրանց բոլոր որդիները պատրաստուեցին իբրեւ առիւծներ, իբրեւ առիւծի կորիւններ.
40 իրենց տաք խշտիների մէջ՝ նրանց արհաւիրք եմ բերելու, հարբեցնելու եմ նրանց, որ թմրեն ու ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան, - ասում է Տէրը։ -
41 Իջեցրո՛ւ, մորթելո՛ւ տար նրանց ինչպէս ոչխարների, ինչպէս խոյերի ու այծերի։
42 Ինչպէ՜ս պարտութեան մատնուեցիր, ո՛վ Սիսակ, ինչպէ՜ս որսի պէս բռնուեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպէ՜ս Բաբելոնն ամայացաւ հանուր ազգերի մէջ։
43 Իր ալիքների գոչիւնով ծովը բարձրացաւ Բաբելոնի վրայ, եւ նա ծածկուեց։
44 Նրա քաղաքները դարձան աւեր, անջուր երկիր ու անապատ, ուր ոչ ոք չի բնակուի, ուր մարդու որդին կանգ չի առնի։
45 Բաբելոնում վրէժխնդիր պիտի լինեմ Բէլից, եւ ինչ որ նա կուլ տուեց,նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլեւս նրա մօտ չեն հաւաքուի։ Բաբելոնի պարիսպներն էլ պիտի խորտակուեն։
46 Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամէն մէկդ ձեր ա՛նձը փրկեցէք Տիրոջ ցասումից ու բարկութիւնից։
47 Թող երբեք չահաբեկուեն ձեր սրտերը, մի՛ վախեցէք այն լուրերից, որ կը լսէք երկրում, որովհետեւ նոյն տարում պիտի գայ մի լուր, իսկ յաջորդ տարում՝ այլ լուր, եւ անիրաւութիւն պիտի լինի երկրում, խայտառակութիւն՝ խայտառակութեան վրայ։
48 Դրա համար էլ, ահա, օրեր պիտի գան, - ասում է Տէրը, - երբ ես պիտի պատժեմ բաբելացիների կուռքերին, եւ նրա ողջ երկիրն ամօթով պիտի մնայ, նրա բոլոր վիրաւորները պիտի ընկնեն նրա մէջ։
49 Այն ժամանակ Բաբելոնի վրայ պիտի ցնծան երկինք ու երկիր եւ նրանցում եղած ամէն ինչ, քանի որ հիւսիսից պիտի գան նրան թշուառացնողները, - ասում է Տէրը, -
50 եւ ամբողջ երկրի վիրաւորները պիտի ընկնեն Բաբելոնում։
51 Ելէ՛ք այդ երկրից, ո՛վ փրկուածներ, մի՛ մնացէք, յիշեցէ՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռաւորներ, եւ թող Երուսաղէմը ձեր միտքը գայ։
52 Ամօթահար եղանք, որովհետեւ լսեցինք մեր նախատինքը, մեր անարգանքը ծածկեց մեր երեսը, այլազգիները Տիրոջ Տան մէջ մեր սրբարանները ներխուժեցին։
53 Դրա համար էլ, ահա, օրեր են գալու, - ասում է Տէրը, - ու ես վրէժխնդիր եմ լինելու նրա կուռքերից, ամբողջ երկրում ընկնելու են վիրաւորները։
54 Եւ եթէ Բաբելոնը երկնքի պէս վեր բարձրանայեւ ամրացնի իր բարձր զօրութիւնը, միեւնոյն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար, - ասում է Տէրը։
55 Բօթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է քաղդէացիների երկրում,
56 քանզի Տէրն աւերեց Բաբելոնը եւ այնտեղից չքացրեց նրա բարձր ձայնը՝ նրա ալիքների գոչիւնը, կարծես բազում ջրեր ձայնեցին նրա կործանման մասին։
57 Բաբելոնի վրայ հասաւ թշուառութիւնը, նրա սպառազէնները բռնուեցին, նրա աղեղնաւորները զարհուրեցին։ Չէ՞ որ Աստուած հատուցանող է, Տէրն ինքը պիտի հատուցի նրա պատիժը
58 եւ սաստիկ հարբեցնի նրա զօրավարներին ու նրա իմաստուններին, նրա իշխաններին, նրա զօրագլուխներին ու նրա զօրաւոր մարդկանց. նրանք պիտի ննջեն յաւիտենական քնով եւ չարթնանան, - ասում է արքան, որի անունը Տէր Ամենակալ է։ -
59 Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանուելով պիտի կործանուի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրուեն, ժողովուրդները զուր չարչարուեցին, եւ ազգերն սկզբից եւեթ պիտի ոչնչանային։
60 Այն խօսքը, որ Տէրը պատուիրեց Երեմիա մարգարէին՝ ասելու Մաասիայի որդի Ներիայի որդի Սարեային, երբ սա Յուդայի երկրի Սեդեկիա արքայի կողմից, նրա թագաւորութեան չորրորդ տարում, գնում էր Բաբելոն։ Սարեան նրա գանձապետն էր։
61 Երեմիան մի մատեանի մէջ նկարագրեց այն բոլոր չարիքները, որ գալու էին Բաբելոնի վրայ, այսինքն՝ Բաբելոնի մասին գրուած այս բոլոր բաները։
62 Երեմիան ասաց Սարեային. Երբ Բաբելոն գնաս եւ նայես ու կարդաս այս բոլոր բաները,
63 կ՚ասես. Տէ՛ր, դու խօսեցիր այս վայրի մասին, որ բնաջինջ անես սա, որ այստեղ այլեւս բնակիչ չմնայ՝ մարդուց մինչեւ անասուն, որ յաւիտեան ամայութիւն լինի։
64 Իսկ երբ վերջացնես այդ մատեանի ընթերցումը, քար կը կապես դրան, կը գցես Եփրատի մէջ
65 ու կ՚ասես. Թող Բաբելոնն այսպէս ընկղմուի ու չբարձրանայ այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրայ։Երեմիա մարգարէի խօսքերը մինչեւ այստեղ են հասնում։