ԵՐԵՄԻԱ. Chapter 15

1 Տէրն ինձ ասում է. Եթէ Մովսէսն ու Սամուէլն իսկ իմ դիմաց կանգնեն, ես հոգով այդ ժողովրդի հետ չեմ լինի. այդ ժողովրդին հեռո՛ւ վանիր ինձնից, թող հեռանա՛։
2 Եւ եթէ պատահի, որ հարցնեն քեզ՝ ո՞ւր գնանք, կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէրը. Ովքեր մահուան համար են՝ թող գնան դէպի մահ, ովքեր սրի համար են՝ դէպի սուր, ովքեր սովի համար են՝ դէպի սով, իսկ ովքեր գերութեան համար են՝ դէպի գերութիւն։
3 Ես նրանցից վրէժ լուծելու համար պիտի դիմեմ չորս միջոցի, - ասում է Տէրը. - սրին՝ սպանելու համար, շներին՝ պատառոտելու համար, երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին՝ յօշոտելու եւ ոչնչացնելու համար։
4 Յուդայի երկրի թագաւոր Եզեկիայի որդի Մանասէի պատճառով եւ այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղէմում, նրանց պիտի մատնեմ աշխարհի բոլոր թագաւորութիւնների տանջանքին։
5 Ո՞վ կը խնայի քեզ, Երուսաղէ՛մ, կամ ո՞վ կը տրտմի քեզ համար, եւ կամ ո՞վ կը դառնայ դէպի քեզ՝ հարցնելու քո խաղաղութեան մասին,
6 քանզի դու երես թեքեցիր ինձնից, - ասում է Տէրը, - եւ յետ ես գնալու։ Իմ ձեռքը պիտի երկարեմ քեզ վրայ եւ պիտի կործանեմ քեզ։
7 Այլեւս նրանց չեմ լսի, պիտի ցրեմ ու սփռեմ նրանց. իմ ժողովուրդն անզաւակ մնաց դռներին, որովհետեւ ես կորցրի իմ ժողովրդին՝ նրանց չարութեան պատճառով, քանի որ նրանք չուղղուեցին։
8 Նրա չարիքներն աւելի բազմացան իմ շուրջը, քան ծովի աւազը։ Ե՛ւ նրանց վրայ, ե՛ւ իրենց մօր վրայ շարժեցի երիտասարդներին։ Միջօրէին նրանց շուրջը թշնամութիւն գցեցի. յանկարծակի դող ու տագնապ եկաւ։
9 Նա, որ եօթը զաւակ էր ծնել, զրկանքների մատնուեց, նրա հոգին նուաղեց. միջօրէին նրա արեւը մայր մտաւ. ամօթն ու նախատինքն են պատել նրան։ Նրանց մնացորդներին իրենց թշնամիների աչքի առաջ սրի պիտի մատնեմ, - ասում է Տէրը։
10 Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրեւ ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրեւ մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են,
11 քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որեւէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառուեց։
12 Թող որ նրանք յաջողութիւն գտնեն բարի բաների մէջ, Տէ՛ր, թէպէտ նրանց փորձութեան ժամին կամ նրանց նեղութեան ժամանակ ես իմ թշնամիների հանդէպ բարիք չեմ գործել։
13 Երկաթի զօրութիւնը կարո՞ղ է ճանաչուել, իսկ քո զօրութիւնը քաղաքի պղնձէ պարսպի զօրութեան պէս է։
14 Բոլոր մեղքերիդ պատճառով քո երկրի բոլոր սահմաններում քո գանձերը, իբրեւ փրկանք, տալու եմ օտարներին։
15 Քեզ ծառայեցնելու եմ քո թշնամիներին մի երկրում, որ դու չգիտես, քանզի իմ բարկութիւնից կրակ է վառւում, որ բորբոքուելու է ձեզ վրայ։
16 Դու գիտես, Տէ՛ր, յիշի՛ր ինձ, Տէ՛ր, այցելի՛ր ինձ, փրկի՛ր ինձ իմ թշնամիներից. ինձ համար մի՛ ուշացիր, գիտցի՛ր, քեզ համար որքա՜ն նախատինք կրեցի քո խօսքերն արհամարհողներից։
17 Մեռցրո՛ւ նրանց, եւ քո խօսքն ինձ՝ ուրախութիւն եւ իմ սրտի համար ցնծութիւն կը լինի, քանզի քո անունը ինձ վրայ է դրուած, ո՛վ Ամենակալ Տէր Աստուած։
18 Ծաղր անողների հետ ատեան չնստեցի, այլ երկիւղ կրելով քեզնից՝ նստում էի առանձին, որովհետեւ դառնութեամբ էի լցուած։
19 Ինչո՞ւ նրանք, որ ինձ տրտմութիւն են պատճառում, զօրանում են, իսկ իմ վէրքերն ահաւոր են. ինչպէ՞ս պիտի բժշկուեմ։ Փոխուեցի ու վերածուեցի անհամ ջրի, որի նկատմամբ չկայ հաւատ։
20 Դրա համար էլ այսպէս է ասում Տէրը. Եթէ նորից դարձի գաս,քեզ կը պատսպարեմ, եւ իմ աչքի առաջ կ՚ապրես. ու եթէ անարգի միջից դուրս հանես պատուականը,կը լինես ինչպէս իմ բերանը, ու եթէ նրանք վերադառնան դէպի քեզ, եւ ոչ թէ դու նորից դառնաս դէպի նրանց,
21 ես քեզ կը տամ այդ ժողովրդին իբրեւ պղնձէ ամուր պարիսպ. նրանք պիտի կռուեն քեզ հետ,բայց չեն կարողանայ սասանել քեզ,քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու եւ պահպանելու համար, - ասում է Տէրը, -
22 ես քեզ կ՚ազատեմ չար ձեռքերից, քեզ կը փրկեմ ժանտ ձեռքերից, - ասում է Տէր Աստուածն Իսրայէլի։