ԵՐԵՄԻԱ. Chapter 11

1 Երեմիային ուղղելով իր խօսքը՝ Տէրն ասում է.
2 Լսեցէ՛ք այս ուխտի պայմանը եւ յայտնեցէ՛ք Յուդայի երկրի մարդկանց ու Երուսաղէմի բնակինչներին։
3 Եւ կ՚ասես նրանց. այսպէս է ասում Տէր Աստուածն Իսրայէլի. Թող անիծեալ լինի այն մարդը, որը չի ընդունի այս ուխտի պայմանը,
4 որ աւանդել եմ ձեր հայրերին այն օրը, երբ նրանց հանում էի Եգիպտացիների երկրից՝ երկաթէ հնոցից. ասում եմ. ՚ Ակա՛նջ դրէք իմ ձայնին եւ, ինչ որ պատուիրեմ ձեզ, կատարեցէ՛ք ըստ ամենայնի, ու դուք իմ ժողովուրդը կը լինէք, իսկ ես՝ ձեր Աստուածը։
5 Կը հաստատեմ իմ երդումը, որ երդուեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը, ինչպէս եւ այսօր, մեղր ու կաթ է բխեցնում։ Պատասխանեցի եւ ասացի. Այո՛, Տէ՛ր, թող այդպէս լինի։
6 Եւ Տէրն ինձ ասաց. Այդ բոլոր խօսքերը յայտարարի՛ր այդտեղ, Յուդայի երկրի քաղաքներում ու Երուսաղէմից դուրս եւ ասա՛. Լսեցէ՛ք այս ուխտի պատգամները եւ կատարեցէ՛ք դրանք։
7 Չէ՞ որ այն օրը, երբ ես նրանց հանեցի Եգիպտացիների երկրից, ու մինչեւ այսօր, ամէն առաւօտ կանուխ, ձեր հայրերին խստագոյնս խրատեցի եւ ասացի. ՚ Ակա՛նջ դրէք իմ ձայնին, բայց նրանք չլսեցին։
8 Ականջները շուռ տուեցին եւ բոլորը, իրենց յօժար սրտով, գնացին դէպի չարիքը։ Եւ որովհետեւ ինչ որ պատուիրեցի նրանց անել՝ չարեցին, իմ այս ուխտի բոլոր խօսքերը կը կատարեմ նրանց նկատմամբ։
9 Եւ Տէրն ինձ ասաց. Յուդայի երկրի մարդկանց եւ Երուսաղէմի այդ բնակիչների մէջ տեղ է գտել չարամտութիւնը։
10 Նրանք դարձ կատարեցին դէպի իրենց նախահայրերի մեղքերը, որոնք չէին կամենում հետեւել իմ խօսքերին։ Ահաւասիկ նրանք գնում են օտար աստուածների յետեւից, որպէսզի ծառայեն նրանց։ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ։
11 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում. Ահաւասիկ ես չարիք կը բերեմ նրանց վրայ, որից չպիտի կարողանան դուրս գալ։ Ինձ են կանչելու, բայց չեմ լսելու նրանց։
12 Յուդայի երկրի քաղաքներն ու Երուսաղէմի բնակիչները կը գնան, կը կանչեն իրենց աստուածներին, որոնց խունկ էին ծխում, բայց նրանցից փրկութիւն չի լինելու իրենց դժբախտութեան ժամանակ։
13 Քո աստուածները, Յուդայի՛ երկիր, թուով այնքան էին, որքան քո քաղաքները, եւ ըստ Երուսաղէմի փողոցների թուի, ամօթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք՝ Բահաղին խունկ ծխելու համար։
14 Իսկ դու մի՛ աղօթիր այդ ժողովրդի համար, խնդրանքներով մի՛ աղաչիր ու պաղատիր դրանց համար, որովհետեւ երբ իրենց դժբախտութեան ժամանակ կանչեն ինձ՝ ես չպիտի լսեմ։
15 Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծութիւն գործեց։ Միթէ աղօթքը եւ զոհերի միսը քեզնից կը վերացնե՞ն քո չարիքները, կամ թէ դրանցով դու կը փրկուե՞ս։
16 Տէրը քո անունը գեղատես ու վարսաւոր ձիթենի կոչեց։ Նրանց թլփատութեան ձայնից դու մեծ նեղութեան մէջ ես. անպէտքացան քո ոստերը։
17 Զօրութիւնների Տէր Աստուածը, որ քեզ տնկեց, Իսրայէլի տան եւ Յուդայի տան չարութիւնների պատճառով սպառնաց պատժել քեզ. նրանք իրե՛նք իրենց արեցին դա, որովհետեւ ինձ բարկացնելու համար Բահաղի՛ն խնկարկեցին։
18 Տէ՛ր, ճանաչե՛լ տուր ինձ, եւ ես կը ճանաչեմ. այն ժամանակ կը տեսնեմ նրանց գործերը։
19 Ես, իբրեւ անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացայ, որ իմ մասին չար խորհուրդ են արել եւ ասում են. Եկէք ոչնչացնենք ծառն իր պտղով եւ նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլեւս չյիշուի։
20 Զօրութիւնների՛ Տէր, դու, որ արդար ես վարւում, քննում ես երիկամներն ու սրտերը, թող ես տեսնեմ, որ վրէժխնդիր ես լինում նրանցից, քանզի քե՛զ յանձնեցի իմ դատը։
21 Դրա համար էլ Տէրն այսպէս է ասում Անաթոթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտռում՝ ասելով. Մեզ համար մի՛ մարգարէացիր, ապա թէ ոչ կը մեռնես մեր ձեռքով։
22 Ահա թէ ինչու այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. Ահաւասիկ ես պիտի պատժեմ նրանց. նրանց երիտասարդները սրով պիտի սպանուեն, եւ տղաներն ու աղջիկները սովից պիտի վախճանուեն։
23 Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետեւ Անաթոթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց պատժելու։