ՕՍԷԷ. Chapter 9

1 Մի՛ խնդար, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր ինչպէս երկրի ժողովուրդները,որովհետեւ պոռնկացար քո Աստծու դէմ, սիրեցիր կաշառքը ցորենի բոլոր կալերի վրայ։
2 Կալերն ու հնձանները չճանաչեցին նրանց,եւ գինին խաբեց նրանց։
3 Նրանք չեն բնակուի Տիրոջ երկրում. Եփրեմը կը բնակուի Եգիպտոսում, եւ նրանք ասորեստանցիների մէջ պիղծ բաներ պիտի ուտեն։
4 Տիրոջը գինի չնուիրեցին եւ նրա սիրտը չքաղցրացրին իրենց վրայ, նրանց զոհերը սգոյ հոգեճաշ կը դառնան նրանց, բոլոր նրանք, ովքեր կ՚ուտեն նրանից, կը պղծուեն, քանի որ իրենց հացը միայն իրենց կը մնայ եւ չի մտնի Տիրոջ Տան մէջ։
5 Ի՞նչ պիտի անէք տարեկան հաւաքի օրը եւ Տիրոջ տօնի օրը։
6 Դրա համար ահա կը գնան դէպի եգիպտացիների թշուառութիւնը. Մեմփիսը կ՚ընդունի նրանց, եւ Մաքմասը կը թաղի նրանց, կորստի կը մատնի նրանց արծաթը, եւ նրանց բնակարանում փուշ կը բուսնի։
7 Հասել են քո վրէժխնդրութեան օրերը, հասել են օրերը քո հատուցման, եւ Իսրայէլը կը չարչարուի ինչպէս յիմարացած մարգարէ, ինչպէս այսահար մի մարդ. քո անիրաւութիւնների շատութեան պատճառով վրայ հասաւ մոլորութիւնը։
8 Եփրեմը դիտորդ է Աստծու հետ, մարգարէն գայթակղութեան թակարդ է նրա բոլոր ճանապարհների վրայ. նրանք մոլորութիւն հաստատեցին Աստծու տան մէջ,
9 ապականուեցին ինչպէս բարձունքի օրերին. Տէրը կը յիշի նրանց անօրէնութիւնները եւ վրէժ կը լուծի նրանց մեղքերի համար։
10 Գտայ Իսրայէլին՝ ինչպէս խաղող անապատում,եւ տեսայ նրանց հայրերին՝ որպէս պահակ վաղահաս թզենու մէջ։ Նրանք մտան Բելփեգոր եւ օտարացան ամօթահար լինելով. գարշելիները դարձան սիրելիներ։
11 Եփրեմը թռչունի պէս թռաւ, եւ փառք չի լինի նրանց ծնունդներից, երկունքից եւ յղութիւնից։
12 Թէպէտեւ կը մեծացնեն իրենց որդիներին, սակայն զուրկ կը մնան մարդկանցից։Արդարեւ, վայ է նրանց, թէեւ իմ մարմինը նրանցից է։
13 Ինչպէս Եփրեմին տեսայ, նրանք իրենց որդիներին որպէս զոհ կանգնեցրին, եւ Եփրեմն սկսեց իր որդիներին դուրս բերել սպանդի։
14 Տո՛ւր նրանց, Տէ՛ր,- ի՞նչ ես տալու նրանց, - տո՛ւր նրանց անորդի արգանդ եւ ցամաքած ստինքներ։
15 Նրանց ամբողջ չարութիւնը Գաղգաղայում է, ուստի եւ այնտեղ ատեցի նրանց. իրենց չար ընթացքի համար իմ տնից կը հեռացնեմ նրանց եւ այլեւս չեմ սիրի նրանց. նրանց բոլոր իշխանները ապստամբներ են։
16 Ախտահարուեցին Եփրեմի արմատները, չորացան եւ այլեւս պտուղ չեն տայ, որովհետեւ նոյնիսկ եթէ ծնեն, կ՚ոչնչացնեմ նրանց որովայնների ցանկալի պտուղները։
17 Աստուած կը մերժի նրանց, քանի որ չլսեցին նրան, եւ նրանք մոլորուած կը լինեն ազգերի մէջ։