ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ. Chapter 12

1 Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմութիւն ունենք, դէ՛ն գցենք ամէն հպարտութիւն եւ ծանր մեղք, համբերատարութեամբ ընթանանք դէպի մրցասպարէզ, որ բացուած է մեր առաջ.
2 նայենք Յիսուսին՝ հաւատի զօրագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծու աթոռի աջ կողմում։
3 Ապա ուրեմն՝ մտաբերեցէ՛ք Յիսուսին, որ այսպէս համբերեց իր հանդէպ մեղաւորների ունեցած հակառակութեանը, որպէսզի չլինի թէ յոգնէք եւ յուսալքուէք,
4 դուք, որ կռուի մէջ դեռ արիւն թափելու չափ չհակառակուեցիք մեղքին
5 եւ մոռացաք այն յորդորը, որ ուղղուած է ձեզ իբրեւ որդիների.
6 Թէ խրատին համբերող էք, Աստուած ձեզ կը մօտենայ իբրեւ որդիների։ Ո՞րն է այն որդին, որին հայրը չի խրատում.
7 որովհետեւ, եթէ մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ էք եւ ոչ թէ հարազատ որդի.
8 յիրաւի, եթէ պատկառում ենք մեր մարմնաւոր հայրերից, որոնք մեզ խրատում են, որչա՜փ եւս առաւել պէտք է հնազանդուենք հոգիների Հօրը, որ ապրենք.
9 քանի որ սրանք մի փոքր ժամանակ եւ ըստ իրենց կամեցողութեան են խրատում, իսկ Նա՝ մեր օգտի համար, որպէսզի հաղորդակից լինենք նրա սրբութեանը։
10 Ամէն խրատ տուեալ պահին ուրախութիւն չի թւում, այլ՝ տրտմութիւն, բայց յետոյ արդարութեան խաղաղարար պտուղն է հատուցում նրանով դաստիարակուածներին։
11 Ուստի ամրացրէ՛ք թուլացած ձեռքերը եւ կթոտած ծնկները.
12 քայլեցէ՛ք ուղիղ արահետներով, որպէսզի, ով կաղ է, չգլորուի, այլ մանաւանդ՝ բժշկուի։
13 Բոլորի հետ ջանացէ՛ք ապրել խաղաղութեամբ եւ սրբութեամբ, առանց որի ոչ ոք Տիրոջը չպիտի տեսնի.
14 զգո՛յշ եղէք, չլինի, թէ որեւէ մէկը զրկուի Աստծու շնորհից. դառնութեան արմատը, աճելով, թող ոչ ոքի նեղութիւն չտայ, եւ նրանով շատերը չպղծուեն.
15 եւ չլինի, թէ որեւէ մէկը լինի պոռնիկ եւ պիղծ, ինչպէս Եսաւը, որը մի աման կերակրի դիմաց անդրանկութիւնը վաճառեց։
16 Գիտէք, որ, թէեւ նա յետոյ ուզեց ժառանգել օրհնութիւնները, բայց մերժուեց, քանի որ ապաշխարութեան հնարաւորութիւն չգտաւ, հակառակ նրան, որ արտասուքներով փնտռեց այն։
17 Դուք չէք մօտեցել շօշափելի լերանը, որ կրակով էր այրւում եւ պատած էր մէգով, մառախուղով, խաւարով եւ մթութեամբ,
18 ուր փողն էր հնչում եւ պատգամների ձայնը, այնպէս որ, ովքեր այն լսեցին, աղաչեցին, որ խօսքը չկրկնուի իրենց համար,
19 քանի որ չէին դիմանում այն հրամանին, թէ՝ թէկուզ եւ գազան մօտենայ լերանը, կը քարկոծուի։
20 Եւ այնպէս ահազդու էր տեսիլքը, որ Մովսէսն ասում էր. Սարսափում եմ եւ դողում։
21 Բայց դուք մօտեցել էք Սիոն լերանը եւ կենդանի Աստծու քաղաքին, երկնային Երուսաղէմին, հրեշտակների բիւրաւոր բանակներին,
22 երկնքում գրուած անդրանիկների հանդիսաւոր ժողովին, բոլորի դատաւոր Աստծուն, կատարելութեան հասած արդարների հոգիներին
23 եւ Յիսուսին՝ նոր ուխտի միջնորդին, եւ նրա արեան հեղումին, որ աւելի խօսուն է, քան արիւնն Աբէլի։
24 Զգո՛յշ եղէք, չլինի թէ հրաժարուէք Նրանից, ով խօսում է. որովհետեւ, եթէ նրանք երկրի վրայ Աստծու պատգամները տուող Մովսէսին մերժելով չազատուեցին, որչա՜փ եւս առաւել չպիտի ազատուենք մենք, եթէ թիկունք դարձնենք երկնքից խօսողին,
25 որի ձայնը երկիրը շարժեց այն ժամանակ, իսկ այժմ այս խոստումն է անում եւ ասում. Մի անգամ էլ պիտի շարժեմ ոչ միայն երկիրը, այլ նաեւ՝ երկինքը։
26 Եւ մի անգամ էլ -ը ցոյց է տալիս, որ շարժուած բաները պիտի փոփոխուեն, որպէսզի անշարժ բաները մնան հաստատուն։
27 Դրա համար, քանի որ անշարժ թագաւորութիւն ենք ընդունում, ամուր պահենք շնորհը եւ այդ շնորհով էլ ծառայենք Աստծուն՝ իրեն հաճելի ձեւով՝ ահով եւ դողով,
28 քանզի մեր Աստուածը ոչնչացնող կրակէ։