ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ. Chapter 7

1 Քանզի այս Մելքիսեդեկը թագաւոր էր Սաղեմի, բարձրեալ Աստծու քահանայ, որ Աբրահամին ընդառաջ ելաւ, երբ նա վերադառնում էր թագաւորների կոտորածից, եւ օրհնեց նրան.
2 եւ Աբրահամը ամէն ինչից տասանորդներ տուեց նրան. Մելքիսեդեկ նախ թարգմանւում է՝ արդարութեան թագաւոր, ապա՝ թագաւոր Սաղեմի, այսինքն՝ թագաւոր խաղաղութեան։
3 Նա անհայր, անմայր էր, առանց ազգատոհմի. ո՛չ օրերի սկիզբ ունէր եւ ո՛չ կեանքի վախճան. նմանուելով Աստծու Որդուն՝ նա կայ ու մնում է մշտնջենապէս քահանայ։
4 Արդ, տեսէ՛ք, թէ ինչպիսի մէկն էր սա, որին Աբրահամ նահապետն էլ տասանորդներ տուեց աւարից։
5 Եւ Ղեւիի զաւակներից նրանք, որ քահանայութիւն են ստանում, իրաւունք ունեն, ըստ օրէնքի, տասանորդ վերցնելու ժողովրդից, այսինքն՝ իրենց եղբայրներից, թէկուզ եւ վերջիններս Աբրահամի զաւակներ լինեն։
6 Իսկ նրանց ազգատոհմից չհամարուածը տասանորդ վերցրեց Աբրահամից եւ օրհնեց նրան, ով ընդունել էր խոստումը։
7 Արդ, ամէն հակաճառութիւնից վեր է այն, որ օրհնողն աւելի բարձր է, քան օրհնուողը։
8 Եւ այստեղ մահկանացու մարդիկ են տասանորդներ առնում, բայց այնտեղ՝ նա, ով վկայում է, թէ կենդանի է։
9 Եւ ինչպէս խօսքի կարգ է ասել, Ղեւին իսկ, որ տասանորդներ էր առնում, Աբրահամի միջոցով տասանորդ տալու ենթարկուեց,
10 որովհետեւ նա դեռ իր հօր կողում էր, երբ Մելքիսեդեկը նրան ընդառաջ ելաւ։
11 Իսկ արդ, եթէ կատարելութիւնը ղեւտացիների քահանայութեան միջոցով էր լինում (քանի որ ժողովուրդը նրանով էր օրէնք ստացել), ի՞նչ կարիք կար այլեւս, որ մի այլ քահանայ երեւան գար, ըստ Մելքիսեդեկի կարգի, չասելու համար՝ ըստ Ահարոնի կարգի,
12 որովհետեւ քահանայութիւն փոփոխուելով՝ պէտք էր, որ օրէնքի փոփոխութիւն էլ լինէր։
13 Եւ նա, ում մասին այսպէս է ասւում, պատկանում էր այլ ցեղի, որից ոչ ոք երբեք սեղանի ծառայութեան մասնակից չեղաւ։
14 Արդ, յայտնի իսկ է, թէ մեր Տէրը սերում է Յուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսէսը ոչինչ չի ասել։
15 Եւ առաւել եւս յայտնի է, թէ Մելքիսեդեկի նմանութեամբ երեւալու է մի այլ քահանայ,
16 որը ըստ մարմնաւոր պատուիրանի չէ, որ եղաւ քահանայ, այլ՝ ըստ անվախճան կեանքի զօրութեան։
17 Արդարեւ վկայուեց, թէ՝
18 Առաջին պատուիրանը արհամարհուեց իր տկարութեան եւ անօգտակարութեան պատճառով, -
19 քանզի օրէնքը կատարեալ ոչինչ չարեց, - եւ նրա տեղ մտաւ լաւագոյն մի յոյս, որով մօտենում ենք Աստծուն։
20 Այն չափով, որ Յիսուս երդումով քահանայ եղաւ (որովհետեւ կան ոմանք, որ առանց երդումի են քահանաներ կարգուել,
21 բայց սա՝ երդումով, նրա՛ ձեռքով, ով ասաց նրան.
22 այդ նոյն չափով Յիսուս երաշխաւոր եղաւ լաւագոյն մի ուխտի։
23 Եւ այսպէս, շատ քահանաներ եղան, որովհետեւ մահը արգելք էր լինում, որ նրանք տեւապէս քահանայ մնան։
24 Իսկ սա, յաւիտենական լինելու պատճառով, ունի անանց քահանայութիւն։
25 Ուստի եւ կարո՛ղ է իր միջոցով Աստծուն մօտեցողներին մէկընդմիշտ փրկել. քանի որ նա միշտ կենդանի է՝ բարեխօս լինելու նրանց համար։
26 Արդարեւ, մեզ պէտք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատուած մեղաւորներից եւ բարձրացած աւելի վեր, քան երկինքները,
27 որը, ինչպէս այլ քահանայապետներ, պէտք չունի նախ իր մեղքերի համար զոհեր մատուցելու եւ ապա՝ ժողովրդի մեղքերի համար. իսկ Քրիստոս մէկ անգամ առ միշտ կատարեց այդ բանը, քանի որ ինքը իրե՛ն պատարագ մատուցեց։
28 Օրէնքը քահանայապետներ է կարգում տկարութիւններով պատած մարդկանց, իսկ երդման խօսքը, որ օրէնքից յետոյ է գալիս, կարգում է Որդուն, որ յաւիտեան կատարեալ է։