ԹՈՒՂԹ ԵԲՐԱՅԵՑԻՆԵՐԻՆ. Chapter 9

1 Առաջին ուխտն էլ ունէր պաշտամունքի կանոններ եւ երկրային սրբարան.
2 քանզի առաջին խորանը պատրաստուեց այսպէս. նրա մէջ կային աշտանակը, սեղանը եւ առաջաւորութեան հացը. այս մասը կոչւում է Սրբութիւն։
3 Եւ երկրորդ վարագոյրի յետեւում էր այն խորանը, որ կոչւում էր Սրբութիւնների Սրբութիւն,
4 որտեղ դրւում էր ոսկէ բուրվառը եւ ներսից ու դրսից ոսկով պատած կտակարանների արկղը, որի մէջ կար ոսկէ սափորը՝ լի մանանայով, եւ Ահարոնի գաւազանը, որ ծաղկեց, եւ ուխտի տախտակները.
5 եւ նրա վրայ կանգնած էին փառքի քերովբէները, որ հովանի էին անում քաւութեան սեղանի վրայ. դրանց մասին այժմ մէկ առ մէկ խօսելու կարիք չկայ։
6 Եւ այս ամէնը այսպէս էր դասաւորուած. քահանաները միշտ առաջին խորանն էին մտնում՝ պաշտամունք կատարելու.
7 իսկ երկրորդ խորանը տարին մէկ անգամ միայն քահանայապետն էր մտնում, եւ այդ անում էր ոչ առանց զոհի արեան,
8 որ մատուցում էր իր եւ ժողովրդի մեղքերի համար։ Սրանով Սուրբ Հոգին ցոյց էր տալիս, որ սրբարանի ճանապարհը յայտնուած չէ, քանի դեռ հաստատուն է մնում առաջին խորանը.
9 դա խորհրդանշան է ներկայ ժամանակի համար, երբ ընծայւում էին պատարագներ եւ զոհեր, որոնք չէին կարող կատարեալ դարձնել զոհաբերողների խղճմտանքը, այլ դրանք կապուած էին միայն կերակուրների, ըմպելիների
10 եւ պէսպէս լուացումների հետ, որոնք մարմնական ծիսակատարումներ էին՝ ի զօրու մինչեւ բարեփոխման ժամանակները։
11 Իսկ Քրիստոս, որ եկաւ որպէս գալիք բարիքների Քահանայապետ, անցնելով մեծ, կատարեալ եւ անձեռակերտ խորանով, այսինքն՝ ո՛չ այս աշխարհի արարածների կողմից շինուած,
12 ո՛չ էլ նոխազների եւ զուարակների արիւնով, մի անգամ ընդմիշտ իր իսկ արեամբ մտաւ սրբարան՝ յաւիտենական փրկութիւն ապահովելով.
13 որովհետեւ, եթէ ցուլերի եւ նոխազների արիւնը եւ երինջների շաղ տրուած մոխիրը մաքրում են պղծուածներին մարմնի մաքրութեան համար,
14 որչա՜փ եւս առաւել արիւնը Քրիստոսի, - որ յաւիտենական Հոգու միջոցով ինքն իրեն որպէս անարատ պատարագ մատուցեց Աստծուն, - կը մաքրի ձեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայէք կենդանի Աստծուն։
15 Ահա թէ ինչու նա նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան.
16 որովհետեւ, ուր որ կտակ կայ, կտակարարի մահը պէտք է հաստատուի,
17 քանի որ կտակը յետ մահու է ուժի մէջ. ապա թէ ոչ ինչպէ՞ս ուժի մէջ կը լինի այն, քանի դեռ կտակարարը կենդանի է։
18 Ուստի եւ առաջին ուխտը առանց արեան չէր նուիրագործուի.
19 երբ բոլոր պատուիրանները Մովսէսի կողմից ծանուցուեցին ժողովրդին, նա, վերցնելով ցուլերի եւ նոխազների արիւնը ջրի եւ կարմիր բրդի ու զոպայի հետ, ցանեց հէնց օրէնքի գրքի եւ ամբողջ ժողովրդի վրայ
20 եւ ասաց. Սա է արիւնը կտակի, որն Աստուած ձեզ պատուիրեց։
21 Ապա արիւնը նոյնպէս ցանեց խորանի եւ պաշտամունքի ամբողջ սպասքի վրայ։
22 Եւ գրեթէ ամէն ինչ արիւնով էր մաքրւում ըստ օրէնքի, եւ առանց արիւն թափելու թողութիւն չէր լինում։
23 Եթէ պէտք էր, որ երկնաւոր բաների օրինակները այսպիսի ծէսերով մաքրուէին, ապա բուն իսկ երկնաւորները պէտք է մաքրուէին դրանցից էլ աւելի լաւ զոհերով.
24 քանզի Քրիստոս ոչ թէ ճշմարտութեան օրինակ եղող ձեռակերտ սրբարանը մտաւ, այլ՝ բուն իսկ երկինքը, որպէսզի մեզ համար ներկայանայ Աստծու առաջ։
25 Ոչ թէ նրա համար, որ շատ անգամ ինքն իրե՛ն պատարագ մատուցի, ինչպէս քահանայապետը, որ Սրբութիւնների Սրբութիւնն էր մտնում ամէն տարի իրը չեղած արիւնով.
26 այլապէս նա բազում անգամ պէտք է չարչարուէր աշխարհի սկզբից ի վեր։ Բայց այժմ, դարերի վախճանին, նա մէկ անգամ ընդմիշտ յայտնուեց՝ իր անձի պատարագումով մեղքը ջնջելու համար։
27 Եւ ինչպէս որ մարդկանց սահմանուած է մէ՛կ անգամ մեռնել եւ այնուհետեւ՝ դատաստան,
28 նոյնպէս եւ Քրիստոս մէ՛կ անգամ որպէս պատարագ մատուցուեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի յայտնուի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հաւատով փրկուելու համար։