ԱՆԳԷ. Chapter 2

1 Վեցերորդ ամսի քսանչորսին Դարեհ արքայի երկրորդ տարում, եօթներորդ ամսում, ամսի քսանմէկերորդ օրը,
2 Տէրը խօսեց Անգէ մարգարէի միջոցով եւ ասաց.
3 Ասա Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլին, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսուին եւ ժողովրդի բոլոր մնացորդներին.
4 Ո՞վ է ձեզանից տեսել այս Տունը իր նախկին փառքի մէջ եւ հիմա ինչպիսի՞ն էք տեսնում այն՝ կարծես ոչինչ չլինի ձեր առջեւ։
5 Իսկ արդ, զօրացի՛ր դու, Զորոբաբէ՛լ, - ասում է Տէրը, - զօրացի՛ր, մեծ քահանայ Յոսեդեկի որդի Յեսո՛ւ, եւ թող զօրանայ այդ երկրի ամբողջ ժողովուրդը, - ասաց Տէրը. - գործի՛ անցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, - ասում է Ամենակալ Տէրը։
6 Քաջալերուեցէ՛ք, - ասում է Ամենակալ Տէրը, - այն խօսքով, որ ես կնքեցի ձեզ հետ եգիպտացիների երկրից դուրս գալիս, եւ իմ հոգով, որ կայ ձեր մէջ։
7 Դարձեալ պիտի սասանի երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը
8 միաժամանակ պիտի ցնցեմ բոլոր ազգերին, այստեղ պիտի գան բոլոր ազգերի ընտիր-ընտիր ինչքերը, եւ ես պիտի լցնեմ այդ տունը փառքով, - ասում է Ամենակալ Տէրը։ -
9 Իմն է արծաթը, իմն է ոսկին, - ասում է Ամենակալ Տէրը, -
10 որպէսզի այդ Տան վերջին փառքը լինի աւելի մեծ, քան նախկին փառքը, - ասում է Ամենակալ Տէրը։ - Ես այս տեղին խաղաղութիւն պիտի տամ, - ասում է Ամենակալ Տէրը, - հոգո՛ւ խաղաղութիւն՝ որպէս փրկութիւն բոլոր նրանց, ովքեր կ՚աշխատեն վերականգնել այդ տաճարը։
11 Իններոդ ամսի քսանչորսին, Դարեհի երկրորդ տարում, Տիրոջ պատգամը հասաւ Անգէ մարգարէին եւ ասաց.
12 Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. հարցրու օրէնքը այդ քահանաներից եւ ասա՛.
13 Եթէ մի մարդ սրբագործուած միս տանի իր հագուստի քղանցքի մէջ, եւ իր հագուստը դիպչի հացին, կամ թանին, կամ գինուն, կամ իւղին, կամ բոլոր կերակուրներին, մի՞թէ դա կը սրբանայ։ Քահանաները պատասխանեցին եւ ասացին. Ոչ։
14 Եւ Անգէն ասաց. Եթէ հոգով պիղծն ու անսուրբը մօտենայ բոլոր այդ բաներին, մի՞թէ դա կը պղծուի։ Քահանաները պատասխանեցին եւ ասացին. Կը պղծուի։
15 Պատասխանեց Անգէն եւ ասաց. Այդպէս էլ այս ժողովուրդը, այդպէս էլ այս ազգը իմ առաջ, - ասում է Տէրը, - այդպէս էլ նրանց ձեռքերի բոլոր գործերը. ինչ որ մօտենայ այնտեղ, կը պղծուի՝ նախկինում իրենց արած յափշտակութիւնների պատճառով. եւ նրանք կը մորմոքան իրենց չար գործերի պատճառով, քանի որ դուք հրապարակաւ ատում էիք յանդիմանողներին։
16 Եւ արդ, մտածեցէք, թէ այս օրուանից եւ աւելի առաջ, երբ դեռ Տիրոջ այդ տաճարի քարը քարի վրայ չէր դրուել, ո՞վ էիք,
17 երբ ձեր ամանների մէջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը փոս էր լինում, ձեր հնձանների մէջ խաղող էիք լցնում՝ յիսուն մար գինի հանելու համար, բայց քսան էր լինում։
18 Հարուածեցի ձեզ անպտղութեամբ, խորշակով ու կարկտով, խորտակեցի ձեր ձեռքերի բոլոր գործերը բայց դուք չդարձաք դէպի ինձ, - ասում է Տէրը։
19 Մտածեցէ՛ք ձեր սրտում, թէ ինչ է լինելու այսօրուանից եւ յետոյ, իններորդ ամսուայ քսանչորսերորդ օրից, եւ այն օրուանից, երբ դրուեց Տիրոջ այդ տաճարի հիմքը։
20 Մտածեցէ՛ք ձեր սրտում, գուցէ այնպէս լինի, որ ձեր կալի, որթատունկի, թզենու, նռնենու եւ ձիթենու վրայ, բերք չլինի. այսօրուանից եւեթ ես պիտի օրհնեմ, որ լինի։
21 Տիրոջ պատգամը հասաւ նորից Անգէ մարգարէին ամսի քսանչորսին եւ ասաց.
22 Ասա՛ Յուդայի ազգից Սաղաթիէլի որդի Զորոբաբէլին. դարձեալ պիտի սասանեմ երկինքն ու երկիրը, ծովն ու ցամաքը,
23 պիտի կործանեմ թագաւորների գահերը, պիտի խորտակեմ թագաւորների զօրութիւնը, պիտի կործանեմ կառքերն ու հեծեալներին։ Երիվարներն ու նրանց հեծեալները պիտի ընկնեն իւրաքանչիւրն իր եղբօր սրով։
24 Այն օրը, - ասում է Ամենակալ Տէրը, - Սաղաթիէլի որդի Զորոբաբէլ, ես քեզ՝ իմ ծառային, պիտի վերցնեմ եւ հաստատեմ որպէս կնիք, քանի որ դու հաճոյ եղար ինձ, - ասում է Ամենակալ Տէրը։