ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 4

1 Այս բանն եմ ասում. որքան ժամանակ որ ժառանգը երեխայ է, աւելին չէ, քան ծառան, թէպէտեւ ամէն ինչի տէր է։
2 Բայց նա խնամակալների եւ վերակացուների ձեռքի տակ է մինչեւ հօր սահմանած ժամանակը։
3 Նոյնպէս եւ մենք. մինչ երեխայ էինք, բնութեան տարերային ուժերին էինք ծառայում։
4 Իսկ երբ ժամանակը իր լրումին հասաւ, Աստուած ուղարկեց իր Որդուն, որը ծնուեց կնոջից եւ մտաւ օրէնքի տակ՝
5 փրկելու համար նրանց, որ օրէնքի տակ էին, որպէսզի մենք որդեգրութիւն ընդունենք։
6 Եւ որովհետեւ դուք որդիներ էք, Աստուած մեր սրտերի մէջ ուղարկեց իր Որդու Հոգին, որ աղաղակում է՝ Աբբա, Հայր։
7 Ուստի, ծառայ չես, այլ՝ որդի, եւ եթէ որդի ես, ապա եւ՝ ժառանգ Աստծու։
8 Այն ժամանակ, մինչ Աստծուն չէիք ճանաչում, ծառայում էիք նրանց, որոնք ի բնէ աստուածներ չէին.
9 իսկ այժմ որ ճանաչեցիք Աստծուն, մանաւանդ որ Աստուած էլ ճանաչեց ձեզ, ինչպէ՞ս էք վերադառնում նորից դէպի տկար ու խեղճ տարերային ուժերը, որոնց, նորից, ուզում էք ձեզ գերի դարձնել։
10 Պահում էք յատուկ օրեր, ամիսներ, եղանակներ եւ տարիներ։
11 Վախենում եմ, որ մի գուցէ ի զուր եմ աշխատել ձեզ համար։
12 Եղէ՛ք՝ ինչպէս ես, քանզի ես էլ ձեզ նման եղայ, եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ. դուք ինձ ոչ մի վնաս չէք տուել։
13 Դուք գիտէք, որ տկար մարմնով աւետարանեցի ձեզ առաջին անգամ,
14 եւ չանարգեցիք ու չարհամարհեցիք այն փորձութիւնները, որ կրում էի իմ մարմնի վրայ. այլ իբրեւ Աստծու հրեշտակ ընդունեցիք ինձ, իբրեւ Քրիստոս Յիսուս։
15 Իսկ արդ, ո՞ւր է ձեր երանութիւնը։ Վկայում եմ ձեզ. եթէ հնար լինէր, ձեր աչքերը կը հանէիք ու կը տայիք ինձ։
16 Հիմա ինչո՞ւ թշնամի դարձայ ձեզ, որ ճիշտը խօսեցի։
17 Նրանք բարի դիտաւորութեամբ չէ, որ հետաքրքրւում են ձեզանով, այլ ուզում են արգելք լինել ձեզ, որպէսզի նախանձախնդիր լինէք իրե՛նց համար։
18 Բայց լաւ է մի՛շտ նախանձախնդիր լինել բարի բաներին եւ ոչ թէ միայն այն ժամանակ, երբ ձեր մէջ եմ,
19 որդեակնե՛րս, դուք, որոնց համար վերստին երկունքի մէջ եմ, մինչեւ որ Քրիստոս կերպարանուի ձեր մէջ։
20 Կ՚ուզենայի այժմ լինել ձեզ մօտ եւ փոխել իմ խօսելու ձեւը, որովհետեւ տարակոյսի մէջ եմ ձեզ համար։
21 Ասացէ՛ք ինձ, դուք, որ ուզում էք լինել օրէնքի տակ, օրէնքը չէ՞ք կարդացել.
22 որովհետեւ գրուած է, թէ՝ Աբրահամը երկու որդի ունէր, մէկը՝ ծնուած աղախնից եւ մէկը՝ ազատ կնոջից։
23 Բայց նա, որ աղախնից էր, մարմնական ծնունդ էր, իսկ նա, որ ազատ կնոջից էր, ծնուել էր խոստման համաձայն։
24 Սա այլաբանութիւն է, որովհետեւ սրանք երկու կտակարաններն են. մէկը՝ Սինա լեռից՝ ծնուած ծառայութեան համար. դա Հագարն է.
25 քանզի Հագարը Սինա լեռն է Արաբիայում եւ համապատասխանում է ներկայ Երուսաղէմին, որ իր որդիներով հանդերձ ծառայ է։
26 Իսկ Վերին Երուսաղէմը, որը մեր բոլորի մայրն է, ազատ է.
27 որովհետեւ գրուած է.
28 Արդ, մենք, եղբայրնե՛ր, խոստման որդիներ ենք, Իսահակի նման։
29 Եւ ինչպէս այն ժամանակ նա, որ մարմնական ծնունդ էր, հալածում էր նրան, որ ըստ հոգու էր ծնուել, այդպէս է եւ այժմ։
30 Եւ ի՞նչ է ասում Գիրքը. Հեռո՛ւ վանիր այդ աղախնուն եւ դրա որդուն, որպէսզի այդ աղախնի որդին ազատի որդուն ժառանգակից չլինի։
31 Դրա համար, եղբայրնե՛ր, աղախնի որդիներ չենք, այլ՝ ազատի, այն ազատութեամբ, որով Քրիստոս մեզ ազատ դարձրեց։