ԳԱՂԱՏԱՑԻՆԵՐԻՆ. Chapter 5

1 Ուրեմն, պի՛նդ կացէք եւ վերստին ծառայութեան լծի տակ մի՛ մտէք։
2 Ահա՛ւասիկ ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի։
3 Վկայում եմ թլփատուող ամէն մարդու, որ պարտաւոր է ամբողջ օրէնքը կատարել։
4 Դուք, որ օրէնքով էք արդարանում, Քրիստոսից կտրուած էք, շնորհից ընկած.
5 որովհետեւ մենք Հոգու միջոցով հաւատից ենք սպասում արդարութեան յոյսը.
6 քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատուած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլփատ լինելը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում։
7 Լաւ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կասեցրեց, որ չհնազանդուէք ճշմարտութեանը։
8 Այս թելադրանքը նրանից չէ, ով ձեզ կանչում է։
9 Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգուածը։
10 Իսկ ես վստահ եմ ձեր վրայ Տիրոջով, թէ ուրիշ կերպ չէք խորհում. եւ ով ձեր միտքը խռովում է, դատաստան կը կրի՝ ո՛վ էլ լինի։
11 Իսկ ես, եղբայրնե՛ր, եթէ թլփատութիւն էի քարոզում, ինչո՞ւ եմ դեռ հալածւում։ Ապա ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։
12 Երանի՜ թէ արմատախիլ լինէին նրանք, որ ձեր միտքը խռովում են։
13 Եղբայրնե՛ր, դուք կոչուած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը սոսկ մարմնի ցանկութիւնների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցէք միմեանց.
14 որովհետեւ ամբողջ օրէնքը այս մէկ խօսքի մէջ է ամփոփւում. Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ։
15 Իսկ եթէ միմեանց խածոտէք եւ յօշոտէք, զգո՛յշ եղէք, գուցէ թէ միմեանց ոչնչացնէք։
16 Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք,
17 քանի որ մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եւ քանի որ սրանք միմեանց հակառակ են, մի՛ արէք այն, ինչ ուզում էք։
18 Իսկ եթէ Հոգով էք առաջնորդւում, ապա օրէնքի տակ չէք.
19 որովհետեւ մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն,
20 կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ,
21 չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։ Այժմ ասում եմ ձեզ, ինչպէս որ առաջուց էլ ասում էի, թէ նրանք, որ այսպիսի բաներ են գործում, Աստծու արքայութիւնը չեն ժառանգելու։
22 Իսկ Հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն,
23 քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ։
24 Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկութիւններով հանդերձ։
25 Եթէ ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք։
26 Եւ սնապարծ չլինենք՝ միմեանց գրգռելով եւ միմեանց նախանձելով։