Ա ԵԶՐԱՍ. Chapter 3

1 Դարեհ թագաւորը մեծ խրախճանք սարքեց, հրաւիրեց իր բոլոր իշխաններին եւ իր գերդաստանի ընդոծիններին, մարերի, պարսիկների եւ քաղդէացիների բոլոր մեծամեծներին,
2 եւ այն բոլոր նախարարներին, զօրապետներին եւ նրանց հետ նաեւ կառավարիչներին, որոնք գտնւում էին Հնդկաստանից մինչեւ Եթովպիայի շրջանները. այդ նախարարները հարիւր քսանեօթն էին։
3 Նրանք կերան, խմեցին, յագեցան եւ ուրախացան։ Երբ խրախճանքն աւարտուեց, Դարեհ թագաւորը մտաւ իր սենեակը, բազմեց իր գահին եւ քնեց։
4 Այն ժամանակ, երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագաւորը դեռ քնած էր, սենեակի ներսում կանգնել էին նրան սպասաւորելու համար եւ պահպանում էին նրան։ Նրանք սկսեցին իրար հետ խօսել եւ ասացին.
5 Եկէ՛ք իւրաքանչիւրս մի բան ասենք. եւ ով իր ընկերոջից աւելի իմաստուն եւ ուժեղ բան ասի, թող Դարեհ թագաւորը մեծամեծ պարգեւներ տայ նրան, թող նա մեծ ու անուանի լինի բոլորից,
6 թող նրան ծիրանի զգեստներ հագցնի, խմելու եւ ուտելու համար ոսկի սպասք տայ, նստելու եւ քնելու համար՝ ոսկեղէն գահաւորակ, թող նա ոսկեսանձ նժոյգ հեծնի, բեհեզեայ խոյրով թագ կապի նրա գլխին եւ ոսկէ մանեակ՝ նրա պարանոցին։
7 Թող նա իր իմաստութեան համար նստի Դարեհի երկրորդ աթոռին եւ կոչուի Դարեհի ազգական։
8 Այդ ժամանակ նրանցից իւրաքանչիւրը գրեց իր խօսքը։ Նրանք կնքեցին եւ դրեցին Դարեհ արքայի սնարին ու ասացին.
9 Երբ արթնանայ, այդ գրութիւնները կը տանք նրան. թող թագաւորն ու պարսիկ երեք մեծամեծ իշխաններ ընտրեն եւ ում խօսքը գտնեն առաւել իմաստուն, յաղթողի պարգեւը թող տան նրան։
10 Առաջինը գրեց եւ ասաց. Գինին է բոլորից յաղթողն ու զօրաւորը։
11 Երկրորդը գրեց եւ ասաց. Թագաւորն է բոլորից յաղթողն ու զօրաւորը։
12 Երրորդը գրեց եւ ասաց. Կանայք են բոլորից յաղթողն ու զօրաւորը, բայց ճշմարտութիւնը յաղթում է բոլորին։
13 Երբ թագաւորը արթնացաւ, վերցրեց գրութիւնները, որ տուեցին նրան, կարդաց
14 եւ մարդ ուղարկեց կանչելու պարսիկների ու մարերի բոլոր մեծամեծներին՝ նախարարներին, սպարապետներին, կառավարիչներին եւ իշխաններին։
15 Նստեցին մի դահլիճում եւ բոլորի առաջ կարդացին գրութիւնները։
16 Թագաւորն ասաց. Այստե՛ղ կանչեցէք պատանիներին, թող մեկնաբանեն իրենց խօսքերը։
17 Երբ կանչուած պատանիները եկան նրանց առաջ, բոլորը նրանց ասացին. Բացատրեցէ՛ք մեզ ձեր այս գրածները։
18 Առաջինը, որ գինու զօրութեան մասին էր գրել, սկսեց խօսել եւ այսպէս ասաց. Ո՜վ մարդիկ, մի՞թէ ամենից զօրաւորը գինին չէ. բոլոր մարդիկ, ովքեր խմում են այն, գինին յիմարեցնում է նրանց մտքերը.
19 թագաւորների ու տառապեալների միտքը նա դարձնում է նոյնը, այդպէս էլ տիրոջն ու ծառայինը, հարուստներինն ու աղքատներինը։
20 Գինին շեղում է բոլորի միտքը եւ դարձնում դէպի ուրախութիւն։ Նրանք երբեք չեն յիշում տրտմութիւն եւ որեւէ ցաւ,
21 քանզի գինին բոլորի սրտերը լցնում է զուարթութեամբ եւ մեծութեամբ.
22 երբ խմում են, էլ չեն յիշում թագաւորներին կամ իշխաններին եւ դառնում մեծախօս։ Մարդ երբ խմում է, չի յիշում անգամ սիրելիներին, եղբայրներին կամ թշնամիներին, շատ յաճախ սուր է հանում,
23 եւ երբ անցնում է գինու ազդեցութիւնը, չի էլ յիշում, թէ ինչ է արել։
24 Ո՛վ մարդիկ, մի՞թէ զօրաւորը գինին չէ, որ ստիպում է այս բոլորն անել։ Եւ այս ասելով՝ նա լռեց։