Ա ԵԶՐԱՍ. Chapter 6

1 Դարեհ արքայի երկրորդ տարում Անգէ եւ Զաքարիա մարգարէները Իսրայէլի Տէր Աստծու անունով մարգարէութիւն էին անում Հրէաստանի եւ Երուսաղէմի մասին։
2 Այդ ժամանակ էլ Սաղաթիէլի որդի Զորոբաբէլը եւ Յոսեդեկի որդի Յեսուն սկսեցին կառուցել Տիրոջ տաճարը Երուսաղէմում՝ Տիրոջ մարգարէների հետ միասին, որոնք օգնում էին նրանց։
3 Նոյն ժամանակ նրանց մօտ եկան Սիսինը՝ Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանն ու նրանց ընկերները եւ ասացին նրանց.
4 Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տաճարը եւ նրա գաւիթները, կամ այդ ովքե՞ր են կամեցել այդ տաճարը կառուցել եւ աւարտել։
5 Տիրոջ կողմից, սակայն, շնորհ էր իջել քահանաների եւ հրեաների վրայ,
6 եւ նրանք չարգելեցին նրանց կառուցել, մինչեւ որ գրէին Դարեհ թագաւորին եւ հրաման առնէին նրանից։
7 Ահա այն նամակի պատճէնը, որ նրանք գրեցին եւ ուղարկեցին Դարեհ արքային.
8 Սիսինը՝ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանը, Սաթրուբազանը եւ նրանց հետ միասին Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներն ու կառավարիչները ողջունում են Դարեհ թագաւորին։
9 Թող յայտնի լինի քեզ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր, որ մենք գնացինք, հասանք Հրէաստան երկիրը, մտանք Երուսաղէմ քաղաքը, այնտեղ գտանք գերութիւնից վերադարձած հրեաներին եւ Երուսաղէմ քաղաքի նրանց քահանայապետներին,
10 տեսանք, որ նրանք կառուցում են Տիրոջ մեծաշուք եւ սքանչելի տաճարը կոփածոյ եւ խոշոր քարերով, որոնք պատերի մէջ կապում են փայտէ պահանգներով. գործը յաջողութեամբ առաջ է գնում նրանց ձեռքով, եւ նրանք ուզում են փառք ու պատուով արագ վերջացնել այն։
11 Այն ժամանակ մենք հարցրինք աւագներին եւ ասացինք. Ո՞ւմ հրամանով էք կառուցում այդ տունը, կամ ո՞ւմ խօսքով էք գցում նրա հիմքերը։
12 Հարցնում էինք, որպէսզի քեզ յայտնենք այդ մասին, մատնանշենք նրանց առաջնորդներին, գրենք այն մարդկանց անունները, որոնք այդ գործի գլխաւորներն են։
13 Նրանք մեզ պատասխանեցին ու ասացին. Մենք Տէր Աստծու ծառաներն ենք, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը։
14 Այս տաճարը շատ տարիներ առաջ կառուցուած է եղել Իսրայէլի մի հզօր ու մեծ թագաւորի ձեռքով,
15 բայց երբ մեր հայրերը դառնացրին Իսրայէլի Տէր Աստծուն եւ մեղք գործեցին նրա առաջ, Նրա, որ ստեղծել է երկինքն ու երկիրը, Տէրն էլ նրանց մատնեց բաբելացիների արքայի՝ քաղդէացիների թագաւոր Նաբուքոդոնոսորի ձեռքը։
16 Բայց Բաբելոնում Կիւրոսի թագաւորութեան հաստատուելու առաջին տարում, Կիւրոս արքան հրովարտակ գրեց եւ հրամայեց կառուցել այս տաճարը,
17 եւ ամբողջ կայքը, ոսկէ եւ արծաթէ այն սպասքը, որ Նաբուքոդոնոսոր արքան վերցրել էր Երուսաղէմի Տիրոջ տաճարից եւ տարել ու տուել էր պահելու իր կուռքերի գանձատանը, Կիւրոսը դարձեալ հանեց բաբելացիների կուռքերի գանձատնից եւ դրանք տուեց Զորոբաբէլին ու Սամանասարին։
18 Արքան պատուիրեց նրանց, որ այդ կայքն ու սպասքը բերեն Երուսաղէմ, դնեն Տիրոջ տաճարում եւ հրաման տուեց այս տաճարը կառուցել իր նախկին տեղում։
19 Երբ Սամանասարը վերադարձաւ Երուսաղէմ, այդ ժամանակ էլ գցեց այս տաճարի հիմքերը, եւ մենք այդ օրից մինչեւ այժմ կառուցում ենք այն ու դեռ չենք աւարտել։
20 Արդ, տէ՛ր մեր եւ թագաւո՛ր Դարեհ, հրամայի՛ր, որ մատենադարաններում, ուր պահւում են Կիւրոս թագաւորի յիշատակարանների գրքերը, փնտռեն
21 եւ գտնեն, որ Կիւրոս թագաւորի հրամանով եւ նրա խօսքով են Տիրոջ տունը կառուցում Երուսաղէմում, ապա վերահասու եղիր Կիւրոս թագաւորի հրամանին եւ այս բոլորի մասին տեղեկութիւն ուղարկիր մեզ։
22 Այն ժամանակ Դարեհ թագաւորը հրամայեց փնտռել թագաւորական մատենադարաններում, որոնք գտնւում էին Բաբելոնում։ Մարաստանի Բատանբարիտէն քաղաքում, ուր յիշատակարանների գրքեր կային, գտնուեց մի հրովարտակ, ուր գրուած էր այսպէս.
23 Կիւրոսի թագաւորութեան առաջին տարի. Կիւրոս արքան հրամայեց կառուցել Տիրոջ տունը Երուսաղէմում, ուր բաց կրակի վրայ զոհեր են մատուցում։
24 Նա հրամայեց տաճարը կառուցել այս չափերով. բարձրութիւնը՝ վաթսուն կանգուն, լայնութիւնը՝ վաթսուն կանգուն. երեք շարք կոփածոյ քարեր դնել, մի շարք նոր շինափայտ, եւ ծախսերը տալ արքունիքից։
25 Իսկ այն կայքը, ոսկեղէն եւ արծաթեղէն սպասքը, որ Նաբուքոդոնոսորը Բաբելոն էր բերել Տիրոջ տանից, որ գտնւում էր Երուսաղէմում, Կիւրոս թագաւորը հրամայեց տանել եւ դնել այնտեղ՝ իրենց առաջուայ տեղը։
26 Ի յաւելումն այս հրամանի, Դարեհ արքան գրում է այսպէս. Սիսինին՝ ամբողջ Ասորիքի եւ փիւնիկեցիների իշխանին, Սաթրուբազանին եւ ձեր միւս ընկերներին, որոնք Ասորիքի եւ փիւնիկեցիների գործակալներ են նշանակուած. հեռո՛ւ մնացէք այդ տեղից եւ մի՛ մօտեցէք Տիրոջ ծառայ այդ Զորոբաբէլին՝ հրեաների իշխանին, ինչպէս նաեւ հրեաների քահանայապետներին, որոնք միաբանուած կառուցում են Տիրոջ տունը իր տեղում։
27 Ես հրամայեցի, որ այդ տունը կառուցուի ամբողջապէս, եւ դուք օգնէք Երուսաղէմ վերադարձած հրեաներին, որպէսզի նրանք աւարտեն իրենց Տէր Աստծու տաճարը։
28 Ես հրամայեցի, եւ իմ պատուէրն է, որ այդ մարդկանց նպաստ տաք Ասորիքի կողմերի եւ փիւնիկեցիների հարկերից՝ Տիրոջ տան զոհաբերութիւնների համար, եւ թող իշխան Զորոբաբէլը ձեզնից վերցնի արջառներ, խոյեր եւ գառներ.
29 նմանապէս նաեւ՝ ցորեն, աղ, գինի ու ձէթ, եւ այդ բոլորը թող ճշտօրէն կատարուի տարէցտարի՝ ըստ այն չափերի եւ ժամկէտների, ինչպէս կը հրամայեն Երուսաղէմի քահանաները Տիրոջն սպասաւորելու ծախսերի համար։
30 Թող այդ ամէնը տրուի օր ըստ օրէ, անխափան, որպէսզի դարձեալ Տէր Աստծուն զոհեր մատուցեն յանուն թագաւորի ու նրա զօրքերի եւ աղօթեն թագաւորի կեանքի համար։
31 Ես հրամայեցի, որ նա, ով կը խուսափի կամ զանց կ՚առնի իմ հրամանը, թող պատժուի, անձամբ տանջանքների ենթարկուի, թող կախեն ու խոշտանգեն նրան եւ նրա ամբողջ ունեցուածքը դարձնեն արքունական սեփականութիւն,
32 քանի որ այն տեղի համար, որ կոչւում է Տիրոջ անունով, իմ թագաւորութեան մէջ բոլոր ազգերին հրամայուած էր տալ ամէն բան, իսկ նա համարձակուել է արգելել եւ չար խորհուրդներ է խորհել Տիրոջ տաճարի մասին, որ գտնւում Երուսաղէմում։
33 Ես՝ Դարեհ թագաւորը, հրամայեցի այս բոլորը կատարել մեծագոյն ճշտութեամբ եւ խստութեամբ։