Ա ԵԶՐԱՍ. Chapter 9

1 Եզրասը վեր կացաւ Տիրոջ տաճարի գաւթից, գնաց Ելիասիբի որդի Յովհաննայի տունը, գիշերեց այնտեղ,
2 բայց ո՛չ հաց կերաւ եւ ո՛չ էլ ջուր խմեց, այլ միայն ողբաց ժողովրդի գործած անօրէնութիւնների եւ մեծ մեղքերի համար։
3 Ամբողջ Հրէաստանում եւ Երուսաղէմում մունետիկն ազդարարում էր, որ բոլոր նրանք, ովքեր վերադարձել են գերութիւնից, գան հաւաքուեն Երուսաղէմում,
4 իսկ նրանք, ովքեր երկու, երեք օրուայ ընթացքում չեն ներկայանայ, նրանք պիտի դատուեն առաջնորդների եւ ծերերի կողմից, պիտի առգրաւուի նրանց ունեցուածքը, եւ նրանց, իբրեւ օտարների, պիտի արտաքսեն գերեդարձների բազմութիւնից։
5 Եւ երեք օրուայ ընթացքում Երուսաղէմում հաւաքուեցին Յուդայի ազգի ու Բենիամինի ցեղի բոլոր մարդիկ, իններորդ ամսին, ամսի քսաներորդ օրը։
6 Ամբողջ բազմութիւնը, Եզրասի հետ միասին, նստեց Տիրոջ տան ընդարձակ գաւթում՝ սարսռալով եւ դողալով ձմռան ցրտից։
7 Եզրասը կանգնեց եւ ասաց նրանց. Դուք մեղք էք գործել, կին էք առել այլազգիների աղջիկներից եւ անօրէնութիւն էք աւելացրել Իսրայէլի վրայ։
8 Արդ, խոստովանեցէ՛ք եւ փա՛ռք տուէք մեր հայրերի Տէր Աստծուն,
9 կատարեցէ՛ք նրա կամքը, զատուեցէ՛ք եւ բաժանուեցէ՛ք երկրի բոլոր հեթանոսներից եւ ձեր այլազգի կանանցից։
10 Ամբողջ բազմութիւնը միասին բարձրաձայն աղաղակեց եւ ասաց.
11 Ինչպէս որ դու ասացիր, այնպէս էլ կ՚անենք. բայց մենք մեծ բազմութիւն ենք, ժամանակն էլ ձմեռ է, եւ մենք չենք կարող դիմանալ այս ցաւին ու նեղութիւններին, գործն էլ մէկ կամ երկու օրուայ բան չէ, մանաւանդ որ մեր մեղքերն էլ այս գործում մեծ են ու ծանր։
12 Դրա համար գործը յանձնարարեցէ՛ք իշխաններին եւ առաջնորդներին, թող ամէն տեղ ում տանն այլազգի կին կայ, ժամանակին գնան ու պահանջեն նրանից,
13 թող իւրաքանչիւր տեղի ծերերն ու դատաւորները վճռեն գործը եւ Տիրոջ բարկութիւնը հեռացնեն մեզնից մեր գործած այս մեծ չարիքների պատճառով։
14 Այս գործը յանձն առան Ազայէլի որդի Յովնաթանը եւ Թոկիայի որդի Եզեկիան, իսկ Մոսոլամոսը, Ղեւին ու Սաբատէոսը միացան նրանց,
15 եւ նրանք ամէն ինչ արեցին այնպէս, ինչպէս հրամայեցին գերութիւնից վերադարձածները։
16 Եզրասն անուն առ անուն ընտրեց քահանայ, իշխան եւ տոհմապետ մարդիկ. նրանք տասներորդ ամսի ամսամտին նստեցին խորհրդի՝ գործը քննելու եւ աւարտելու համար։
17 Մինչեւ առաջին ամիսը նրանք հաւաքեցին եւ բերեցին այն տղամարդկանց, որոնք ամուսնացած էին այլազգի կանանց հետ. բերեցին նաեւ նրանց կանանց։
18 Հաւաքուածների մէջ գտնուեցին քահանաներ, որոնք ունէին այլազգի կանայք եւ խառնակուել էին ամբարիշտների հետ.
19 դրանք Յոսեդեկի որդի Յեսովի եւ նրա եղբօր որդիներից էին. Մաթելան, Եղիազարոսը, Յորիբոսը եւ Յովադանը,
20 որոնք սկսեցին դուրս հանել իրենց այլազգի կանանց եւ մէկական խոյեր մատուցել առանց գիտութեան գործած իրենց մեղքերի թողութեան համար։
21 Յետոյ Եմմորի որդիներից՝ Անանիան, Բադդէոսը, Մանասը, Սամաէասը, Յերիէլը եւ Ազարիասը.
22 Փասուրի որդիներից՝ Ելիանասը, Մասսիասը, Իսմայէլը, Նաթանայէլը, Սկեթլեդոսը եւ Սալթոսը.
23 Ղեւտացիների որդիներից՝ Յոզապտոսը, Սեմիսը եւ Կոնոսը, որ նոյն ինքը Սալիտասն է, Փաթէասը, որ նոյն ինքը Յուդասն է, եւ Յոնասը։
24 Սաղմոսասաց պաշտօնեաներից՝ Ելիասիբոսը եւ Բաքուրոսը։
25 Դռնապաններից՝ Սալոիմոսը եւ Տոլբանէսը։
26 Իսրայէլացիներից՝ Փորոսի որդիներից՝ Յերամասը, Յեդդիասը, Մելքիասը, Միալէսը, Եղիազարոսը, Ասաբիասը եւ Բանեասը։
27 Եղիակիմի որդիներից՝ Մատթանիասը, Զաքարիասը, Յեզորիէլը, Յովադիոսը, Յերիմոթը եւ Այէդիասը։
28 Զաթոմի որդիներից՝ Ելիադասը, Ելիասիմոսը, Օթոնիասը, Արիմոթը, Սաբաթոսը եւ Զարգէասը։
29 Բեբէի որդիներից՝ Յովհաննէսը, Անանիասը, Յոզաբդոսը եւ Եմաթոսը։
30 Մանիի որդիներից՝ Ելամոսը, Սամումոսը, Յեդէոսը, Յասուբոսը, Յաստելոսը եւ Յերեմոթը։
31 Ադդիի որդիներից՝ Նաթոսը, Մոոսիասը, Զակունոսը, Նաիդասը, Մատաթիասը, Եսթէլը, Բալունոսը եւ Մանասէն։
32 Աննասի որդիներից՝ Ելիոնասը, Ասսէասը, Մելքիասը, Սաբէոսը, Սիմոնը եւ Քոսամէոսը։
33 Ասոմատի որդիներից՝ Աննէոսը, Մատաթիասը, Բանէուսը, Ելիփալատը, Մանասէն եւ Սեմէին։
34 Բաանի որդիներից՝ Երեմիասը, Մոմդիոսը, Իսմաերոսը, Յուէլը, Մամբդէն, Պէդիասը, Անոսը, Րաբասիոնը, Անասիբոսը, Մամնիտանեմոսը, Ելիասիսը, Բանուսը, Ելիալին, Սոմէիան, Սելեմիասը եւ Նաթանիասը։ Եզորի որդիներից՝ Այէմը, Եզրիէլը, Ազայէլը, Սամատոսը, Զամբրին եւ Յովսէփը։
35 Նաումի որդիներից՝ Զազիկեասը, Լաբադիասը, Եդեսիուէլը եւ Բենեսիասը։
36 Սրանք էին բոլոր այն տղամարդիկ, որոնք կին էին առել այլազգիներից եւ որոնք էլ ազատ արձակեցին իրենց կանանց եւ իրենց որդիներին։
37 Իսրայէլացի քահանաներն ու ղեւտացիները բնակուեցին Երուսաղէմում եւ նրա գաւառում եօթներորդ ամսի ամսամտին, իսկ իսրայէլացիները գնացին իրենց բնակութեան վայրերը։
38 Ամբողջ բազմութիւնը, միաբանուած, հաւաքուեց տաճարի դռան առջեւ, արեւելեան կողմը, ընդարձակ մի տեղ։
39 Նրանք ասացին Եզրաս քահանայապետին՝ Օրէնքի մեկնիչին, որ նա բերի Իսրայէլի Տէր Աստծու կողմից Մովսէսին տրուած օրէնքների գիրքը։
40 Եզրասը մէջտեղ բերեց օրէնքների գիրքը, ցոյց տուեց բոլոր տղամարդկանց ու կանանց եւ բոլոր քահանաներին։
41 Տաճարի դռան առջեւ, ընդարձակ հրապարակում, առաւօտից մինչեւ կէսօր նա կարդում էր Տիրոջ օրէնքները, բոլոր տղամարդկանց եւ կանանց համար, եօթներորդ ամսի ամսամտի օրերին, եւ ամբողջ բազմութիւնը լսում ու սովորում էր Տէր Աստծու Օրէնքը։
42 Եզրաս քահանան՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչը, կանգնում էր փայտակերտ բեմի վրայ, որ պատրաստել էին նրա համար։
43 Նրա մօտ, աջ կողմից, կանգնում էին Մատաթին, Սամուսը, Անանիասը, Ազարիասը, Ուրիասը, Եզեկիասը եւ Բաալսամոսը,
44 իսկ ձախ կողմից՝ Փալթէոսը, Միսայէլը, Մելքիասը, Լոթասը, Ուբոսը, Նաբարիասը եւ Զաքարիասը։
45 Եզրասը, Օրէնքի գիրքը ձեռքին, մեծ պատուով բազմում էր բոլորի առաջ, իսկ ամբողջ բազմութիւնը նստում էր նրա դիմաց։
46 Երբ նա բացեց Օրէնքի գիրքը, ամբողջ բազմութիւնը ոտքի կանգնեց։ Եզրասն օրհնեց բարձրեալ Տէր Աստծուն, զօրութիւնների Աստծուն եւ Ամենակալին,
47 իսկ ամբողջ բազմութիւնը միաձայն բացականչում էր՝ ամէն։ Բոլորն իրենց ձեռքերը բարձրացրած դէպի վեր՝ երեսնիվայր ընկնում էին գետին եւ երկրպագում Տէր Աստծուն։
48 Տիրոջ Օրէնքը ժողովրդին ուսուցանում էին նաեւ ղեւտացիները՝ Յեսուսը, Աննուսը, Ասրաբիասը, Յադինոսը, Յակուբոսը, Սաբատէոսը, Աւդէասը, Մաննէասը, Կալիտասը, Ազարիասը, Յոզաբդոսը, Անանիասը եւ Փիլաթասը։
49 Սրանք ժողովրդի համար կարդում եւ բացատրում էին Տիրոջ Օրէնքը։
50 Ատտարատէսը դիմելով Եզրաս քահանային՝ Տիրոջ Օրէնքի մեկնիչին եւ ղեւտացիներին, որոնք Օրէնքը սովորեցնում էին ժողովրդին, բոլորի առաջ ասաց նրանց.
51 Այս օրը սրբութեան օր է Տիրոջ համար, եւ դուք ազատ էք Տիրոջ Օրէնքը լսելուց.
52 ցրուեցէ՛ք, գնացէ՛ք եւ պարարտ մի՛ս կերէք, քաղցր ըմպելիքներ խմեցէ՛ք եւ ուղարկեցէ՛ք նաեւ նրանց համար, ովքեր չունեն.
53 եւ որովհետեւ Տիրոջ համար սուրբ է այս օրը, թող ոչ ոք տխուր չդարձնի այն, քանզի Տէր Աստուածն է, որ մեզ արժանացրեց փառքի։
54 Ղեւտացիները նոյնպէս ամբողջ ժողովրդին հրամայեցին եւ ասացին. Այս օրը սուրբ է, եւ թող ոչ ոք տխուր չդարձնի այն։
55 Ապա ասացին ժողովրդին. Ով ունի, թող ուտի, խմի, ուրախ լինի եւ տայ նաեւ նրան, ով չունի. թող բոլորն էլ այսօր շատ ուրախ լինեն, որովհետեւ դուք լսեցիք եւ սովորեցիք Տիրոջ Օրէնքը, դուք հաւաքուեցիք ժողովի, եւ մենք սովորեցրինք ձեզ։