ԵՍԹԵՐ. Chapter 2

1 Այս դէպքերից յետոյ թագաւորի բարկութիւնը հանդարտուեց, եւ նա Ասթինէին այլեւս չյիշեց իսկ, որովհետեւ մտքում պահում էր այն, թէ ինչ էր խօսել նա։ Այսպէս մերժուելով՝ կինը շնորհազրկուեց։
2 Թագաւորի սպասաւորներն ասացին. Թող արքայի համար փնտռեն տեսքով գեղեցիկ կոյս աղջիկներ.
3 թող արքան հրամայի իր թագաւորութեան բոլոր երկրներում նշանակել գաւառապետներ, որոնք կ՚ընտրեն կոյս աղջիկներ եւ բերել կը տան Սուսա քաղաք՝ մի կուսանոց։ Նրանց կը յանձնեն արքունի ներքինուն, որը կանանց պահապանն է, եւ արքան կը հրամայի նրանց տալ իւղ, օճառ եւ այն ամէնը, ինչ պէտք է նրանց։
4 Թող Ասթինէի փոխարէն թագաորի այն կինը, որ հաճելի կը լինի արքային։ Արքային հաճելի թուացին այս խօսքերը, եւ նա այդպէս էլ արեց։
5 Սուսա քաղաքում կար Բենիամինի ցեղից մի հրեայ մարդ. նրա անունն էր Մուրթքէ. սա որդին էր Յայիրի, սա՝ Սեմէի, եւ սա՝ Կիսէի։
6 Մուրթքէն գերի էր բերուել Երուսաղէմից այն գերիների հետ, որոնց գերեվարել էր Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքան։
7 Նա դաստիարակել էր մի մանկան՝ իր հօրեղբայր Ամինադաբի դստերը, որի անունը Եսթեր էր։ Նրան վերցնելով իր հօրից ու մօրից՝ Մուրթքէն ուզում էր իրեն կնութեան առնել։
8 Աղջիկը տեսքով շատ գեղեցիկ էր։ Երբ թագաւորի հրամանը տարածուեց, Սուսա քաղաքում հաւաքուեցին բազմաթիւ աղջիկներ, որոնք Օգէի ձեռքի տակ էին։ Եսթերին տարան կանանց վրայ նշանակուած ներքինի Օգէի մօտ։
9 Աղջիկը նրան հաճելի թուաց եւ շնորհ գտաւ նրա առաջ։ Օգէն շտապեց նրան տալ իր բաժին օճառն ու այլ պարագաներ, նաեւ եօթը աղջիկներին, որոնք արքունիքից նրան նաժիշտ էին տրուած։ Նա Եսթերին, նոյնպէս եւ նաժիշտներին, աւելի էր խնամում, քան նրա միւս ընկերուհիներին։
10 Եսթերը չյայտնեց իր ազգութիւնն ու գաւառը, որովհետեւ Մուրթքէն նրան պատուիրել էր չյայտնել։
11 Մուրթքէն ամէն օր գնում էր շրջելու կանանց տան մօտ ու տեսնելու, թէ ինչ է պատահելու Եսթերին,
12 քանզի մօտեցել էր աղջկայ՝ թագաւորի մօտ մտնելու ժամանակը։ Արդէն լրանում էր տասներկու ամիսը, որովհետեւ աղջիկների մարմնական խնամքի ընթացքն այսպէս էր արւում. նրանք վեց ամիս օծւում էին անուշահոտ իւղերով, վեց ամիս էլ՝ անուշաբոյր խնկերով եւ կանանց լուացուելու օճառներով։
13 Եւ աղջիկը նոր միայն մտնում էր արքայի մօտ։ Ում որ ներքինին կամենում էր տալ արքայի ձեռքը, նա նրա հետ մտնում էր սենեակ՝ թագաւորի մօտ։
14 Երեկոյեան աղջիկը մտնում էր թագաւորի մօտ, իսկ ցերեկը վերադառնում իր ընկերուհիների եւ կանանց պահապան ներքինի Օգէի մօտ. նա մնում էր այնտեղ, մինչեւ որ նրան անունով կանչէին թագաւորի սենեակ։
15 Երբ լրացաւ Մուրթքէի հօրեղբայր Ամինադաբի դուստր Եսթերի՝ արքայի մօտ մտնելու ժամանակը, աղջիկը զանց չարեց ոչ մի բան, որ երբեւէ պատուիրել էր նրան կանանց պահապան ներքինին, որովհետեւ Եսթերը շնորհ էր գտնում բոլոր նրանց առաջ, ովքեր թէկուզ մի անգամ տեսնում էին նրան։
16 Եսթերն արքայի մօտ մտաւ տասներկուերորդ՝ Ադար ամսին, որ հայերէն Արեգ ամիսն է, նրա թագաւորութեան եօթներորդ տարում։
17 Եսթերն արքային շատ հաճելի թուաց, նա բոլոր կանանցից աւելի շնորհների արժանացաւ, եւ արքան նրա գլխին դրեց կանանց թագը։
18 Ապա թագաւորն իր բոլոր սիրելիների եւ իր զօրականների համար խնջոյք արեց եւ պատուեց Եսթերի հարսանիքը։ Նա հրամայեց թեթեւացնել բոլոր նրանց հարկերը, ովքեր իր թագաւորութեան ներքոյ էին։ Մուրթքէն խնամում ու կարգաւորում էր թագաւորի տունը։
19 Իսկ Եսթերը չյայտնեց իր հայրենի գաւառն ու երկիրը, որովհետեւ Մուրթքէն այսպէս էր պատուիրել. երկնչել Աստծուց եւ կատարել նրա հրամաններն այնպէս, ինչպէս նա անում էր առաջ, երբ իր մօտ էր։ Եւ Եսթերը չփոխեց իր սովորութիւնը։
20 Այդ ժամանակ տրտմեցին արքայի երկու ներքինիները, որոնք նրա դռան պահապաններն էին, որովհետեւ նրանք Մուրթքէին նախանձում էին, որ թագաւորը իրենցից առաւել պատւում էր նրան, եւ ցանկանում էին սպանել Արտաշէս արքային։
21 Այս բանը յայտնի եղաւ Մուրթքէին. նա յայտնեց Եսթերին, իսկ Եսթերն էլ յայտնեց արքային սպանութեան այդ մտադրութիւնը։
22 Արքան կշտամբեց երկու ներքինիներին ու նրանց կախաղան հանեց։ Թագաւորը հրամայեց ճշտութեամբ արձանագրել այս դէպքերը, եւ թէ ինչպէս իր նկատմամբ հաւատարիմ եղաւ Մուրթքէն։