ԵՍԹԵՐ. Chapter 9

1 Տասներկուերորդ ամսին, որ Ադարն ամիսն է, նրա տասներեքերորդ օրը եկաւ հասաւ արքունիքից գրուած հրովարտակը։ Այդ նոյն օրը կոտորւում էին նրանք, որոնք միահամուռ հակառակուել էին հրեաներին։
2 Նրանցից ոչ մէկը ամենեւին չէր ընդդիմանում հրեաներին, քանզի վախենում էին նրանցից
3 այն պատճառով, որ նրանց նախարարների վրայ կարգուած իշխանները, կուսակալները եւ արքունի պաշտօնեաները պատւում էին հրեաներին, քանի որ Մուրթքէի ահը կար նրանց վրայ։
4 Արքայի հրովարտակով իր ամբողջ թագաւորութեան մէջ Մուրթքէի անունը յիշատակելու հրաման էր տրուած։
5 Սուսա քաղաքում հրեաները կոտորեցին մօտ հինգ հարիւր մարդ.
6 Փարակնին եւ Նեստէնին, Դոփոնին եւ Փազգային,
7 Փարդաթային եւ Բարէային, Սարաբաքային եւ Մարմասիսին,
8 Արուփէսնին, Արսէսնին եւ Արբութեթանին,
9 որոնք որդիներն էին հրեաների թշնամի Համանի, որը Բերգէի որդի Ամադոթի որդին էր։
10 Այն օրը նրանք ոչինչ չյափշտակեցին։ Արքային ներկայացրին Սուսա քաղաքում կոտորուածների թիւը։
11 Արքան ասաց Եսթերին. Հրեաները Սուսա քաղաքում հինգ հարիւր մարդ են կոտորել. իսկ ի՞նչ ես կարծում, քաղաքից դուրս ինչքա՞ն աւելի շատ մարդ կոտորած կը լինեն։ Արդ, է՞լ ինչ ես կամենում, որ անեմ քեզ համար։
12 Եսթերն ասաց արքային. Թո՛ղ արքան հրեաներին թոյլ տայ, որ վաղն էլ այդպէս անեն, որ նրանք կախեն Համանի որդիներին։
13 Արքան հրաման տուեց այդպէս անել. Համանի որդիների մարմինները դուրս բերել եւ քաղաքում գտնուող հրեաների մօտ կախաղան հանել։
14 Ադար ամսի տասնչորսերորդ օրը հրեաները հաւաքուեցին Սուսայում ու կոտորեցին երեք հարիւր մարդ, բայց որեւէ բան չյափշտակեցին։
15 Իսկ նրա թագաւորութեան այլ վայրերում մնացած հրեաները հաւաքուեցին ու օգնում էին միմեանց։ Նրանք իրենց հանգիստ ու ապահով զգացին իրենց դէմ պատերազմողներից, որովհետեւ նրանցից կոտորեցին մօտ հինգ հազար հոգու
16 Ադար ամսի տասներեքին եւ ոչինչ չյափշտակեցին։ Նոյն ամսի տասներեքերորդ օրը նրանք հանգստացան եւ այդ օրը հռչակեցին հանգստեան օր, խնդութեան եւ ուրախութեան օր։
17 Սուսա քաղաքի հրեաները հաւաքուեցին տասնչորսերորդ օրը, բայց չհանգստացան. նրանք տասնհինգերորդ օրը հռչակեցին ցնծութեան եւ ուրախութեան օր։
18 Այս պատճառով էլ ամբողջ երկրում եւ բոլոր գաւառներում հրեաներն ուրախութեան տօն են անում Ադար ամսի տասնչորսերորդ օրը, որպէս բարութեան եւ ուրախութեան օր։ Նրանք նուէրներ են ուղարկում իրար՝ ամէն մարդ իր ընկերոջը։ Իսկ մայրաքաղաքներում ապրող բնակիչներն Ադար ամսի տասնհինգերորդ օրը նոյնպէս տօնում են, որպէս բարութեան եւ ուրախութեան օր։
19 Մուրթքէն այս դէպքերը գրի առաւ յիշատակարանների մատեաններում եւ ուղարկեց Արտաշէս արքայի իշխանութեան տակ գտնուող մօտիկ ու հեռաւոր հրեաներին,
20 որպէսզի այս օրերը՝ Ադար ամսի տասնչորսը եւ տասնհինգը, իբրեւ կարգ, հաստատեն ուրախութեան տօնի օրեր,
21 որովհետեւ այս երկու օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից։ Դա Ադար ամսին էր, երբ նրանց սուգը դարձաւ ուրախութիւն, եւ վշտերը փոխուեցին խնդութեան։ Այդ օրերը դարձնել են խնջոյքի օրեր,
22 ինչպէս նրանց գրել է Մուրթքէն,
23 թէ ինչպէս Ամադոթի որդի Համան Մակեդոնացին պատերազմ էր տուել իրենց դէմ, թէ ինչքան նա վիճակ էր գցել եւ օր նշանակել կոտորելու համար,
24 կամ ինչպէս էր մտել արքայի մօտ եւ ուզում էր Մուրթքէին կախաղան հանել տալ, թէ ինչքան չար գործեր էր ձեռնարկել հրեաների դէմ, թէ ինչքան չարիքներ եկան լցուեցին ու բազմացան նրա մէջ, եւ թէ ինչպէս ինքն ու իր որդիները հանուեցին կախաղան։
25 Սրա համար էլ ահա այս օրերը կոչուեցին փուրիմի օրեր, որովհետեւ, ըստ այս հրովարտակի խօսքերի, ժամանակը իրենց բարբառով կոչւում է փուրիմ։ Այն, ինչ որ այդ ժամանակ կատարուեց նրանց հետ, եւ ինչ որ եղաւ նրանց, Մուրթքէն հաստատեց որպէս կարգ։
26 Հրեաները դա ընդունեցին եւ յանձն առան. նրանք սովորեցնում էին նաեւ իրենց որդիներին ու նրանց յետնորդներին,
27 որպէսզի նրանք սերնդից սերունդ չփոխեն յիշատակի այդ ամիսն ու օրերը, քաղաքներում եւ գաւառներում տօնեն պահոց այդ օրերը, եւ նրանց յիշատակը չպակասի սերնդից սերունդ։
28 Ամինադաբի դուստր Եսթերը, նաեւ հրեայ Մուրթքէն գրեցին եւ հաստատեցին այս հրովարտակը, որպէսզի միշտ պահպանուի այդ տօնը։
29 Մուրթքէն ու Եսթերն առանձին-առանձին ընդունեցին այս կարգը, ուխտ արեցին եւ կատարեցին իրենց խորհուրդը։
30 Եսթերը երդումով հաստատեց այդ կարգը յաւիտենական ժամանակների համար, եւ այն գրուեց յիշատակարանների մատեանում։