ԵՓԵՍԱՑԻՆԵՐ. Chapter 2

1 Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ,
2 որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ։
3 Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւնները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշների նման։
4 Բայց Աստուած, որ առատ է ողորմութեամբ, իր մեծ սիրով, որով սիրեց մեզ,
5 մինչ մեռած էինք մեր մեղքերի մէջ, մեզ կենդանացրեց Քրիստոսով (որովհետեւ շնորհով փրկուեցինք)։
6 Նրա հետ յարութիւն տուեց մեզ եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Յիսուսով,
7 որպէսզի գալիք բոլոր դարերում ցոյց տայ իր շնորհի անչափելի մեծութիւնը մեր նկատմամբ՝ քաղցրութեամբ ի Քրիստոս Յիսուս.
8 որովհետեւ Աստծու շնորհով փրկուածներ էք հաւատի միջոցով. եւ այս ձեզնից չէ, այլ պարգեւն է Աստծու,
9 ոչ էլ ձեր գործերից է, որպէսզի ոչ ոք չպարծենայ.
10 որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք։
11 Ուստի եւ՝ դուք յիշեցէ՛ք, որ մի ժամանակ հեթանոսներ էիք մարմնով, այսինքն՝ անթլփատ էիք (այդպէս էիք կոչւում մարմնի վրայ ձեռքով կատարուած թլփատութիւն չունենալու պատճառով),
12 քանի որ այն ժամանակ առանց Քրիստոսի էիք եւ հեռացած Իսրայէլի քաղաքացիութիւնից, օտարացած խոստման ուխտերից եւ ոչ մի յոյս չունէիք ու առանց Աստծու էիք աշխարհում։
13 Իսկ այժմ, Յիսուս Քրիստոսի միջոցով, դուք, որ մի ժամանակ հեռացած էիք, մերձաւորներ եղաք Քրիստոսի արեամբ,
14 որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. քանդեց իր մարմնի մէջ միջնորմը՝ թշնամութիւնը,
15 եւ հրամաններով տրուած պատուիրանների օրէնքը ջնջեց, որպէսզի իրենով երկուսին դարձնի մի նոր մարդ եւ խաղաղութիւն հաստատի
16 ու իր խաչով հաշտեցնի երկուսին մէկ մարմնի մէջ Աստծու հետ. քանզի թշնամութիւնն սպանեց իր խաչով։
17 Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ՝ հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն՝ մօտ եղողներիդ.
18 որովհետեւ նրանով է, որ երկուսս էլ արտօնութիւն ունենք մերձենալու Հօրը մէ՛կ Հոգով։
19 Ապա ուրեմն, օտար եւ պանդուխտ չէք, այլ՝ համաքաղաքացի սրբերին եւ ընտանի՝ Աստծուն,
20 կառուցուած առաքեալների եւ մարգարէների հիմքի վրայ, որի անկիւնաքարը Քրիստոս Յիսուսն է։
21 Նրա վրայ ներդաշնակութեամբ հաստատուած ամբողջ կառոյցը Տիրոջով վերաճում է մի սուրբ տաճարի,
22 որի մէջ դուք էլ նրա հետ կառուցւում էք որպէս բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով։