ԵՓԵՍԱՑԻՆԵՐ. Chapter 3

1 Ահա թէ ինչու ես՝ Պօղոսը, ձեզ՝ հեթանոսներիդ համար Յիսուս Քրիստոսի բանտարկեալն եմ։
2 Թերեւս դուք լսած լինէք Աստծու շնորհի տնտեսութեան մասին, որ տրուեց ինձ ձեզ համար.
3 որովհետեւ յայտնութեա՛մբ ցոյց տրուեց ինձ խորհուրդը, ինչպէս աւելի վերեւ գրեցի ձեզ համառօտակի,
4 որպէսզի կարող լինէք ընթերցել եւ տեսնել իմ իմացութիւնը Քրիստոսի խորհրդի մէջ,
5 խորհուրդ, որ այլ սերունդների մարդկանց որդիներին ցոյց չտրուեց, ինչպէս այժմ այն յայտնուեց իր սուրբ առաքեալներին եւ մարգարէներին Սուրբ Հոգու միջոցով,
6 որպէսզի հեթանոսները Քրիստոս Յիսուսի միջոցով ժառանգակից, նոյն մարմնի անդամ եւ նրա խոստմանը հաղորդակից լինեն Աւետարանով։
7 Եւ այդ Աւետարանին ես սպասաւոր եղայ ըստ Աստծու շնորհի այն պարգեւների, որ տրուեցին ինձ նրա զօրութեան ներգործութեամբ
8 (ես, որ յետինն եմ բոլոր սրբերի, ինձ տրուեց այս շնորհը)՝ աւետարանելու հեթանոսներին Քրիստոսի անքնին մեծութիւնը
9 եւ բոլորին լուսաւորելու, որպէսզի գիտենան, թէ ի՛նչ է այն խորհրդի տնտեսութիւնը, որ ծածկուած էր ի յաւիտենից Աստծու մօտ, որ ստեղծեց ամէն ինչ,
10 որպէսզի եկեղեցու միջոցով յայտնի լինի այժմ երկնային իշխանութիւններին եւ պետութիւններին Աստծու բազմապատիկ իմաստութիւնը,
11 նրա յաւիտենական նախասահմանութեան համաձայն, որ նա իրագործեց Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։
12 Մենք էլ համարձակութիւն եւ արտօնութիւն ունենք մերձենալու Աստծուն այն վստահութեամբ, որ ունենք Յիսուս Քրիստոսին հաւատալով։
13 Ուստի աղաչում եմ, որ չընկճուէք ձեզ համար մեր կրած նեղութիւնների պատճառով, նեղութիւններ, որ մեր փառքն են։
14 Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ,
15 որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ,
16 որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս.
17 այնպէս որ, ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք.
18 եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը,
19 այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծու լրիւ ամբողջութեամբ։
20 Ուրեմն, նրան, որ կարո՛ղ է աւելին անել, առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, -
21 նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։