ԴԱՆԻԷԼ. Chapter 2

1 Յուդայի երկրի Յովակիմ արքայի թագաւորութեան երրորդ տարում բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկաւ Երուսաղէմ
2 եւ պաշարեց այն։ Տէրը Յուդայի երկրի Յովակիմ արքային եւ Աստծու Տան սպասքի մի մասը տուեց նրա ձեռքը։ Նաբուքոդոնոսորը նրան տարաւ իր աստծու տունը՝ Սենաար, իսկ սպասքը դրեց իր աստծու գանձատունը։
3 Թագաւորը իր ներքինապետ Ասփանէզին ասաց, որ գերի իսրայէլացիների միջից, թագաւորական տոհմից եւ ազնուականներից
4 առանց արատի, դէմքով գեղեցիկ, ամէն իմաստութեան խելահաս, գիտութեանը հմուտ, խելացիութեամբ օժտուած եւ թագաւորական պալատում սպասաւորելու ունակ մանուկներ բերի եւ սովորեցնի նրանց քաղդէացիների լեզուն եւ դպրութիւնը։
5 Թագաւորը նրանց համար սահմանեց ամենօրեայ ուտելիքի բաժին արքայական սեղանից եւ այն գինուց, որ ինքն էր ըմպում, հրամայեց սնել նրանց երեք տարի եւ յետոյ կանգնեցնել թագաւորի առաջ։
6 Նրանց մէջ էին Յուդայի երկրի որդիներից Դանիէլը, Անանիան, Միսայէլը եւ Ազարիան։
7 Ներքինապետը Դանիէլին անուանեց Բաղդտասար, Անանիային՝ Սեդրակ, Միսայէլին՝ Միսակ եւ Ազարիային՝ Աբեդնագով։
8 Դանիէլը որոշեց չճաշակել թագաւորի սեղանից եւ ոչ էլ խմել այն գինուց, որ նա էր խմում, եւ խնդրեց ներքնապետին թոյլ տալ, որ ինքը չուտի։
9 Աստուած այնպէս արեց, որ Դանիէլը գութ եւ շնորհ գտաւ ներքինապետի մօտ։
10 Ներքինապետն ասաց Դանիէլին. Ես վախենում եմ իմ տէր արքայից, որ այդ կերակուրն ու ըմպելիքը սահմանեց ձեզ համար. թերեւս ձեր դէմքը աւելի դալուկ տեսնի, քան ձեզ հասակակից ուրիշ մանուկներինը, եւ դուք ինձ գլխով պարտական կը դարձնէք թագաւորի առաջ։
11 Դանիէլն ասաց Ամելասադին, որին ներքինապետը վերակացու էր նշանակել Դանիէլի, Անանիայի, Միսայէլի եւ Ազարիայի վրայ.
12 Արի՛ տասը օր փորձի՛ր քո ծառաներին, եւ թող մեզ ընդեղէն տան, որ ուտենք, եւ ջուր, որ խմենք։
13 Եւ կ՚երեւան քեզ մեր եւ այն մանուկների գոյները, որոնք ուտում են թագաւորի սեղանից։ Եւ ինչպէս որ դու տեսնես, ըստ այնմ էլ վարուի՛ր քո ծառաների հետ։
14 Ամելասադն անսաց նրանց ու փորձեց նրանց տասն օր։
15 Երբ վերջացան տասը օրերը, նրանց դէմքերը նրան աւելի լաւ երեւացին, իսկ նրանք մարմնով աւելի հզօր, քան բոլոր այն մանուկները, որոնք ուտում էին թագաւորի սեղանից։
16 Ամելասադը վերցնում էր նրանց ընթրիքն ու խմելու գինին եւ չորս մանուկներին ընդեղէն էր տալիս։
17 Աստուած նրանց խելք եւ իմաստութիւն տուեց ամէն տեսակի դպրութեան եւ իմացութեան մէջ։ Դանիէլը խելամուտ էր հասկանալու ամէն տեսակ տեսիլքներ ու երազներ։
18 Իսկ երբ ժամանակը լրացաւ, թագաւորը հրամայեց բերել նրանց։ Ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, եւ արքան խօսեց նրանց հետ։
19 Բոլորի մէջ չգտնուեց ոչ ոք, որ նման լինէր Դանիէլին, Անանիային, Միսայէլին եւ Ազարիային։
20 Եւ նրանք կանգնեցին թագաւորի առաջ։ Իմաստութեան ու գիտութեան այն բոլոր բաների մասին, որ թագաւորը հարցնում էր նրանց, այդ բոլորի մէջ նրանց գտնում էր տասնապատիկ առաւել, քան բոլոր գիտուններին ու մոգերին, որ նրա թագաւորութեան մէջ էին։
21 Եւ Դանիէլը մնաց մինչեւ Կիւրոս արքայի տարիները։