ԴԱՆԻԷԼ. Chapter 11

1 Պարսից Կիւրոս արքայի երրորդ տարում պատգամ յայտնուեց Դանիէլին, որը կոչւում էր Բաղդասար։Ճշմարիտ է պատգամը. մեծ ուժ եւ հանճար տրուեց նրան տեսիլքում։
2 Այդ օրերին ես՝ Դանիէլս, երեք շաբաթ սուգի մէջ էի։
3 Լաւ հաց չկերայ, միս եւ գինի չմտաւ իմ բերանը, իւղով չօծուեցի, մինչեւ որ վերջացան երեք շաբաթները։
4 Առաջին ամսի քսանչորսերորդ օրը ես կանգնած էի Տիգրիս, այն է՝ Դկլաթ մեծ գետի ափին։
5 Բարձրացրի աչքերս, եւ ահա փառահեղ հագնուած մի մարդ՝ մէջքին Ոփազի ոսկուց մի գօտի կապած.
6 նրա մարմինը ծովագոյն էր, նրա դէմքը փայլակի տեսք ունէր, նրա աչքերը կրակի ճառագայթների պէս էին, նրա բազուկներն ու զիստերը փայլուն պղնձի տեսք ունէին, եւ նրա խօսակցութեան ձայնը կարծես զօրքի ձայն լինէր։
7 Միայն ես՝ Դանիէլս տեսայ տեսիլքը. ինձ հետ եղող մարդիկ չտեսան տեսիլքը, այլ մեծ ահ տիրեց նրանց, եւ նրանք զարհուրած փախան։
8 Ես մենակ մնացի եւ տեսայ այդ մեծ տեսիլքը, բայց իմ մէջ էլ ուժ չմնաց, վայելչութիւնս ապականութիւն դարձաւ, եւ ուժս չվերագտայ։
9 Ես լսեցի նրա խօսքերի ձայնը եւ երբ լսում էի նրա խօսքերը, քարացել մնացել էի՝ դէմքս գետին խոնարհած։
10 Եւ ահա նա, ձեռքը ձգելով դէպի ինձ, կանգնեցրեց ինձ ծնկներիս եւ ձեռքիս թաթերի վրայ
11 եւ ասաց ինձ. Դանիէ՛լ, ա՛յր սիրելի, հասկացի՛ր խօսքերս, որ պիտի ասեմ քեզ եւ մնա՛ քո տեղում, որովհետեւ այժմ ես ուղարկուած եմ քեզ մօտ։ Երբ նա այս բաներն էր ասում ինձ, ես դողալով ոտքի ելայ։
12 Նա ասաց ինձ. Մի՛ վախեցիր, Դանիէ՛լ, որովհետեւ այն օրուանից, որ դու սիրտդ բացեցիր՝ խելամուտ լինելու եւ վիշտդ յայտնելու քո Աստծու առաջ, քո խօսքերը լսելի դարձան, եւ ես եկայ քո խօսքերի պատճառով։
13 Պարսից թագաւորութեան մի իշխան հակառակւում էր ինձ քսանմէկ օր, եւ ահա Միքայէլը՝ աւագ իշխաններից մէկը, եկաւ օգնելու ինձ. թողեցի նրան այնտեղ պարսից թագաւորութեան իշխանի հետ
14 եւ եկայ քեզ հասկացնելու, թէ վերջին օրերին ինչ դէպքեր պիտի պատահեն քո ժողովրդին, որովհետեւ տեսիլքդ գալիք օրերի համար է։
15 Եւ երբ նա այսպէս խօսում էր ինձ հետ, գետին ընկայ իմ երեսի վրայ եւ քարացել էի։
16 Եւ ահա նա, ինչպէս մարդու որդի, մօտենում էր իմ շրթունքներին. ես բացեցի բերանս, խօսեցի ու ասացի այն մարդուն, որ իմ դիմացն էր. Տէ՛ր, երբ դու երեւացիր ինձ, աղիքներս գալարուեցին, ուժ չկար մէջս.
17 եւ ինչպէ՞ս կարող է քո ծառան, տէ՛ր, խօսել իմ Տիրոջ հետ։ Ես այլեւս զօրութիւն չունեմ, եւ շունչ չմնաց իմ մէջ։
18 Նա էլ աւելի մօտեցաւ ինձ մարդու տեսքով, զօրացրեց ինձ եւ ասաց.
19 Մի վախեցիր, ա՛յր սիրելի, խաղաղութի՛ւն քեզ, զօրացի՛ր եւ քա՛ջ եղիր։ Երբ նա խօսում էր ինձ հետ, ես զօրացայ եւ ասացի. Թող խօսի տէրը, քանի որ դու զօրացրիր ինձ։
20 Նա ասաց. Գիտե՞ս թէ ինչու եկայ քեզ մօտ. այժմ վերադառնում եմ պատերազմելու պարսից իշխանի դէմ. ես գնում էի, իսկ յունաց իշխանը գալիս էր։
21 Բայց ես կը յայտնեմ քեզ, թէ ինչ է գրուած ճշմարիտ գրքերում. եւ նրանց դէմ ոչ մի այլ օգնական չունեմ, բացի ձեր Միքայէլ իշխանից։