ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ. Chapter 4

1 Տէրե՛ր, ծառաների հետ վարուեցէ՛ք ուղղամտութեամբ եւ արդարութեամբ. իմացէ՛ք, որ դուք էլ Տէր ունէք երկնքում։
2 Յաճա՛խ աղօթեցէք՝ աղօթքի մէջ արթուն մնալով գոհութեամբ։
3 Միաժամանակ աղօթեցէք եւ մե՛զ համար, որպէսզի Աստուած բացի մեր առաջ խօսքի դուռը՝ յայտնելու խորհուրդը Քրիստոսի, որի համար էլ կապանքների մէջ եմ,
4 որպէսզի յայտնի դարձնեմ նրան՝ խօսելով այնպէս, ինչպէս որ պէտք է խօսեմ։
5 Իմաստութեա՛մբ վարուեցէք դրսեցիների հետ՝ օգտագործելով ժամանակը։
6 Եւ ձեր խօսքը թող լինի միշտ լի Տիրոջ շնորհով, որպէս թէ աղով համեմուած լինի, որպէսզի դուք իմանաք, թէ ինչպէ՛ս պէտք է պատասխան տաք իւրաքանչիւրին։
7 Իսկ ինչ վերաբերում է ինձ, այդ բոլորի մասին ձեզ կը պատմի Տիւքիկոսը՝ սիրելի եղբայրը եւ հաւատարիմ պաշտօնեան եւ իմ ծառայակիցը ի Տէր.
8 նրան ձեզ մօտ ուղարկեցի այդ բանի համար, որպէսզի իմանաք մեր մասին, եւ նա մխիթարի ձեր սրտերը.
9 նրան ուղարկեցի հաւատարիմ եւ սիրելի եղբօր՝ Օնեսիմոսի հետ միասին, որ ձեզնից է։ Նրանք ձեզ կը պատմեն ամէն բան, որ կատարւում է այստեղ։
10 Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպէս նաեւ Բառնաբասի եղբօրորդի Մարկոսը (որի մասին հրահանգ ունէք, որ, եթէ ձեզ մօտ գայ, ընդունէք նրան).
11 ողջունում է նաեւ Յիսուսը՝ Յուստոս կոչուածը. սրանք թլփատուածներից են. սրա՛նք միայն գործակից եղան ինձ Աստծու արքայութեան համար եւ նոյնիսկ մխիթարութիւն եղան ինձ համար։
12 Ողջունում է ձեզ Եպափրասը՝ ձեզնից մէկը. Քրիստոս Յիսուսի այս ծառան միշտ տքնաջան աղօթում է ձեզ համար, որպէսզի մնաք կատարեալ եւ գործադրէք Աստծու կամքը ամէն բանի մէջ։
13 Վկայում եմ նրա մասին, որ շատ հոգածութիւն ունի ձեր եւ լաւոդիկեցիների համար եւ բոլոր նրանց համար, որ Երապոսլում են։
14 Ողջունում է ձեզ Ղուկասը՝ բժիշկը եւ սիրելին, ինչպէս նաեւ Դեմասը։
15 Ողջունեցէ՛ք այն եղբայրներին, որ գտնւում են Լաւոդիկիայում. եւ Նիմփային ու նրա տնական եկեղեցուն։
16 Եւ երբ այս թուղթն ընթերցուի ձեզ մօտ, այնպէս արէք, որ լաւոդիկեցիների եկեղեցում էլ ընթերցուի. եւ լաւոդիկեցիներին ուղարկուած թուղթն էլ դո՛ւք ընթերցեցէք։
17 Եւ ասացէ՛ք Արքիպպոսին. Զգո՛յշ եղիր այն սպասաւորութեան համար, որ ընդունեցիր Տիրոջով, որպէսզի այն կատարես։
18 Այս ողջոյնը իմ՝ Պօղոսիս ձեռքով է։ Իմ կապանքները պահեցէ՛ք ձեր մտքում։ Շնո՜րհ՝ ձեզ հետ։