ԱՄՈՍ. Chapter 3

1 Լսեցէ՛ք այս պատգամը, որ Տէրը խօսեց Իսրայէլի ձեր այդ տանեւ բոլոր այն տոհմերի դէմ, որոնց հանեց Եգիպտացիների երկրից։
2 Երկրի բոլոր ազգերից միայն ձե՛զ ընտրեցի, այդ պատճառով էլ ձե՛զ պիտի պատժեմ ձեր բոլոր չարիքների համար։
3 Երկու մարդ միասին կը գնա՞ն երբեւէ, եթէ չճանաչեն իրար։
4 Առիւծը կը մռնչի՞ անտառում, եթէ նա որս չի արել, առիւծի կորիւնը ձայն կը տա՞յ իր որջից, եթէ նա ոչինչ յափշտակած չլինի։
5 Թռչունը գետին կ՚ընկնի՞ առանց թռչնորսի, գետնի վրայ թակարդը կը շրխկա՞յ, եթէ ոչինչ չի բռնուել։
6 Կը լինի՞, որ քաղաքում փող հնչի, եւ ժողովուրդը չխռովուի. քաղաքում չարիք կը պատահի՞, եթէ Տէրը չի արել այն։
7 Դրա համար Տէրը ոչինչ չի անի, եթէ իր գաղտնի խորհուրդը չյայտնի իր ծառայ մարգարէներին։
8 Եթէ առիւծը մռնչայ, ո՞վ է որ չի սարսռայ։ Եթէ Տէր Աստուածը խօսեց, ո՞վ է, որ չի մարգարէանայ։
9 Յայտնեցէ՛ք Ասորեստանի գաւառներում,Եգիպտացիների երկրի գաւառներում եւ ասացէ՛ք. Հաւաքուեցէ՛ք Սամարիայի լերան վրայեւ տեսէ՛ք բազում զարմանալի գործերն ու բռնութիւնը, որ կատարւում են այնտեղ։
10 Նրանք չիմացան իրենց պատահելիք եղեռնը, - ասում է Տէրը, - քանի որ նրանք անօրէնութիւն եւ թշուառութիւն էին գանձում իրենց գաւառներում։
11 Դրա համար այսպէս է ասում Տէրը Տիւրոսին. Այն երկիրը, որ քո շուրջն է, կ՚աւերուի, կը խորտակուի քո ամբողջ զօրութիւնը, եւ կը յափշտակուեն քո գաւառները։
12 Այսպէս է ասում Տէրը. Ինչպէս հովիւը կը կարողանայ առիւծի բերանից ազատել երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպէս պիտի փրկուեն իսրայէլացիները, որոնք ապրում են Սամարիայումնրանց ազգի դէմ դիմաց եւ դամասկացիների մէջ։
13 Քահանանե՛ր, լսեցէ՛ք եւ վկայութիւն տուէք Յակոբի այդ տանը, - ասում է Ամենակալ Տէրը,
14 քանի որ այն օրը, երբ Իսրայէլի ամբարշտութեան պատճառով պիտի պատժեմ նրան, վրէժ պիտի առնեմ նաեւ Բեթէլի զոհասեղանից, պիտի փշրուեն զոհասեղանի եղջիւրները եւ գետին ընկնեն։
15 Ես պիտի խորտակեմ ընդարձակ ապարանքներն ու ամարանոցները,պիտի անհետանան փղոսկրեայ ապարանքները, եւ շատ ուրիշ ապարանքներ պիտի ընկնեն, - ասում է Տէրը։