2 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 2

1 Եւ դու, որդեա՛կ իմ, զօրացի՛ր Քրիստոս Յիսուսի շնորհով։
2 Եւ ինչ որ լսեցիր ինձնից բազում վկաներով, աւանդի՛ր այն հաւատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին էլ ուսուցանել։
3 Վշտակի՛ց եղիր Քրիստոս Յիսուսի տառապանքներին որպէս նրա բարի զինուորը։
4 Ոչ ոք, զինուոր դառնալով, չի զբաղուի աշխարհիկ կեանքի գործերով, որպէսզի զօրավարին հաճելի լինի։
5 Եւ եթէ մէկը մրցամարտիկ է, պսակ չի ստանայ, եթէ ըստ օրէնքի չմարտնչի։
6 Եւ չարաչար աշխատող հողագո՛րծը նախ պէտք է վայելի պտղից։
7 Իմացի՛ր՝ ինչ ասում եմ։ Թող Տէրը քեզ իմաստութիւն տայ ամէն ինչում։
8 Յիշի՛ր մեռելներից յարութիւն առած Քրիստոս Յիսուսին՝ Դաւթի ցեղից, իմ քարոզած Աւետարանի համաձայն,
9 որի համար չարչարւում եմ եւ շղթայուած իսկ եմ, ինչպէս չարագործը. բայց Աստծու խօսքը շղթայուած չէ։
10 Դրա համար ամէն ինչի համբերում եմ ընտրեալների սիրուն, որպէսզի նրանք էլ հասնեն փրկութեան եւ երկնային փառքին, որ Քրիստոս Յիսուսի միջոցով է։
11 Ճիշտ է այս խօսքը, թէ՝
12 Այս բաները յիշեցրո՛ւ նրանց՝ վկայութիւն տալով Աստծու առաջ, որ բանակռիւներ չմղեն, որոնք ոչ մի բանի օգտակար չեն, այլ կործանում են լսողներին։
13 Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող։
14 Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ,
15 եւ նրանց խօսքերը քաղցկեղի նման ճարակ են գտնում։ Նրանց թւում են Հիմենոսը եւ Փիղետոսը,
16 որոնք շեղուեցին ճշմարտութիւնից եւ ասում են, թէ մեռելների յարութիւնը արդէն իսկ եղել է. նրանք կործանում են ոմանց հաւատը։
17 Բայց Աստծու հաստատուն հիմքը կանգուն է մնում եւ ունի այս կնիքը, թէ՝ Տէրը ճանաչեց նրանց, որ իրն են. նաեւ՝ Անիրաւութիւնից հեռու լինի ամենայն ոք, ով կրում է Տիրոջ անունը։
18 Մի մեծ տան մէջ ոչ միայն ոսկեայ եւ արծաթեայ անօթներ են լինում, այլ նաեւ՝ փայտեայ եւ խեցէ։ Կան այնպիսիք, որոնք պատուաւոր գործածութեան համար են, կան էլ, որ ոչ պատուաւոր գործածութեան համար են։
19 Եթէ մէկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կը լինի պատուաւոր անօթ՝ սրբագործուած եւ պիտանի իր Տիրոջը, պատրաստուած ամէն բարի գործի համար։
20 Երիտասարդական ցանկութիւններից փախի՛ր եւ գնա՛ արդարութեան, հաւատի, սիրոյ, խաղաղութեան եւ սրբութեան յետեւից նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղօթում են Տիրոջ անունով։
21 Բայց յիմար եւ անմիտ վէճերից խուսափի՛ր. իմացի՛ր, որ դրանցից կռիւներ են ծնւում։
22 Այսպէս ուրեմն՝ Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ՝
23 հանդարտութեամբ խրատելու համար հակառակողներին, որ թերեւս Աստուած նրանց ապաշխարութիւն տայ, որպէսզի ճանաչեն ճշմարտութիւնը
24 եւ զգաստանալով՝ ազատուեն Սատանայի որոգայթներից, որոնց մէջ բռնուած են նրա կամքը կատարելու պատճառով։