2 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 3

1 Այս բանն իմացիր, որ վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան,
2 երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր,
3 անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարոյ, անբարեսէր,
4 մատնիչ, յանդուգն, մեծամիտ, աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր,
5 մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից,
6 քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով.
7 կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը։
8 Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ։
9 Բայց նրանք աւելի առաջ գնալ երբեք չեն կարող, քանի որ իրենց յիմարութիւնը յայտնի կը լինի բոլորին, ինչպէս որ եղաւ այդ երկուսինը։
10 Իսկ դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը, սիրուն, համբերութեանը
11 եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից։
12 Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն։
13 Իսկ չար եւ խաբեբայ մարդիկ չարից այն կողմ էլ պիտի գնան. իրենք մոլորուած՝ պիտի մոլորեցնեն ուրիշներին։
14 Բայց դու հաստա՛տ մնա այն բանի մէջ, որ սովորեցիր եւ որին հաւատարիմ եղար. գիտես, թէ ումից ես սովորել,
15 որովհետեւ մանկուց գիտես Սուրբ Գրքերը, որոնք կարո՛ղ են իմաստուն դարձնել քեզ փրկութեան համար այն հաւատի միջոցով, որ Քրիստոս Յիսուսի մէջ է։
16 Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման, յանդիմանութեան, ուղղելու եւ արդարութեան մէջ խրատելու համար,
17 որպէսզի կատարեալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար։