2 ՊԵՏՐՈՍ. Chapter 3

1 Սիրելինե՛ր, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որով ձեր մաքուր մտքերն եմ արթնացնում յիշեցման համար.
2 յիշեցէ՛ք սուրբ մարգարէների կողմից նախապէս ասուած պատգամները, ինչպէս նաեւ ձեր առաքեալների կողմից ասուած Տիրոջ եւ Փրկչի պատուիրանները։
3 Բայց նախ այս բանն իմացէ՛ք, որ վերջին օրերին պիտի գան արհամարհողներ, ծաղրողներ, որոնք պիտի ընթանան ըստ իրենց ցանկութիւնների.
4 եւ պիտի ասեն. Ո՞ւր է նրա գալստեան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց յետոյ ամէն ինչ այն նոյն ձեւով է մնում, ինչպէս էր արարչագործութեան սկզբից։
5 Եւ այս բանը ուզողները մոռացութեան են տուել այն, որ ի սկզբանէ եղել է երկինքը, եւ երկիրը՝ ջրերից, եւ՝ ջրերը, որ մնում են հաստատ Աստծու խօսքով.
6 դրա համար էլ այն ժամանակուայ աշխարհը ապականուելով կործանուեց ջրհեղեղով։
7 Իսկ այժմ երկինք եւ երկիր պահուած են այդ նոյն խօսքով, վերապահուած են կրակին դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար։
8 Բայց այս եւս ձեզնից ծածկուած չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մէկ օրը՝ ինչպէս հազար տարի է, եւ հազար տարին՝ ինչպէս մէկ օր։
9 Տէրը չի ուշացնի իր խոստումը, ինչպէս կարծում են ոմանք, թէ ուշացած է, այլ համբերատար է ձեր հանդէպ. քանզի չի ուզում, որ որեւէ մէկը կորստեան մատնուի, այլ ուզում է, որ ամէնքը ապաշխարեն։
10 Բայց Տիրոջ օրը պիտի գայ ինչպէս մի գող, երբ երկինքը պիտի անցնի չքանայ շառաչիւնով, եւ տարերքը, հրով կիզուած, պիտի լուծուի, եւ երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրայ, յայտնի պիտի լինեն։
11 Եւ քանի որ այս ամէնն այսպէս պիտի լուծուի, ուրեմն ինչպիսի՜ մարդիկ պէտք է լինէք դուք. սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով՝
12 սպասելով եւ հասնել ջանալով Տիրոջ օրուայ գալստեան, երբ հրավառ երկինքը պիտի չքանայ, եւ տարերքը հրկիզուելով պիտի հալուի։
13 Բայց մենք, Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում։
14 Ուստի, սիրելինե՛ր, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցէք, որ Նա գտնի ձեզ անբիծ եւ անարատ, խաղաղութեան մէջ։
15 Եւ Տիրոջ համբերատարութիւնը փրկութի՛ւն համարեցէք, ինչպէս որ մեր սիրելի եղբայր Պօղոսն էլ գրեց ձեզ, ըստ Աստծուց իրեն շնորհուած իմաստութեան,
16 եւ ինչպէս որ իր բոլոր թղթերում էլ խօսում է դրանց մասին. դրանց մէջ կան ինչ-ինչ դժուարիմաց բաներ, որ անուսներն ու տատանուողները ծուռ են մեկնում. նրանք այդպէս են մեկնում նաեւ բոլոր Գրուածքները՝ իրենց անձերի կորստեան համար։
17 Դուք ուրեմն, սիրելինե՛ր, իբրեւ նախապէս տեղեակ դարձած մարդիկ, զգուշացէ՛ք, որ անառակ մոլորութեամբ տարուած՝ չկորցնէք ձեր վստահութիւնը։
18 Աճեցէ՛ք մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի շնորհով եւ գիտութեամբ։ Նրան փա՜ռք թէ՛ այժմ եւ թէ՛ մինչեւ յաւիտենութեան օրը։ Ամէն։