ՏԻՏՈՍ. Chapter 3

1 Յիշեցրո՛ւ նրանց, որ իշխանութիւններին եւ պետութիւններին հնազանդուեն եւ հպատակուեն, բոլոր բարի գործերի համար պատրաստ լինեն.
2 ոչ ոքի չչարախօսեն, չլինեն կռուարար, այլ՝ հեզահամբոյր, բոլոր մարդկանց հանդէպ քաղցրութեամբ վերաբերուեն.
3 որովհետեւ մի ժամանակ մենք էլ էինք անմիտ, անհնազանդ, մոլորուած, ծառայում էինք ցանկութիւնների եւ պէսպէս անառակութիւնների. չարութեամբ եւ նախանձով էինք ապրում, ատելի էինք եւ ատում էինք միմեանց։
4 Իսկ երբ մեր Փրկիչ Աստծու քաղցրութիւնը եւ մարդասիրութիւնը յայտնուեց, -
5 ոչ այն արդարութեան գործերի համար, որ մենք արեցինք, այլ իր ողորմութեան համաձայն, - փրկեց մեզ վերստին ծննդեան աւազանի միջոցով եւ նորոգութեամբ Սուրբ Հոգու,
6 որ Աստուած թափեց մեր վրայ առատութեամբ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի միջոցով,
7 որպէսզի, նրա շնորհով արդարացուած, ժառանգներ լինենք յաւիտենական կեանքի յոյսով։
8 Ճիշտ է այս խօսքը, եւ ուզում եմ, որ դու հաստա՛տ մնաս սրանում, որպէսզի Աստծուն հաւատացողները ջանք թափեն բարի գործեր կատարելու, քանի որ ա՛յդ է բարի եւ օգտակար՝ մարդկանց համար։
9 Բայց հեռո՛ւ վանիր յիմար վէճերը, տոհմաբանութիւնները, հակաճառութիւններն ու օրէնքի շուրջ եղող կռիւները, որովհետեւ դրանք անօգուտ են եւ սնոտի։
10 Հեռացի՛ր հերձուածող մարդուց՝ մէկ կամ երկու անգամ նրան խրատելուց յետոյ.
11 իմացի՛ր, որ շեղուած է այդպիսին եւ մեղանչում է՝ ինքն իսկ դատապարտելով իրեն։
12 Երբ քեզ մօտ ուղարկեմ Արտեմասին կամ Տիւքիկոսին, շտապի՛ր գալ ինձ մօտ Նիկոպոլիս, քանի որ մտադիր եմ այնտեղ ձմեռել։
13 Օրէնսգէտ Զենոնին եւ Ապողոսին շուտով ճանապարհի՛ր, այնպէս որ նրանք ոչ մի բանի պակասը չզգան։
14 Եւ մերոնք էլ թող սովորեն հետամուտ լինել բարի գործերի, կարեւոր պէտքերի մէջ, որպէսզի անպտուղ չլինեն։
15 Ողջունում են քեզ բոլոր նրանք, որ ինձ հետ են։ Ողջունի՛ր հաւատի մէջ մեզ սիրողներին։ Շնո՜րհ՝ ձեզ բոլորիդ։