ՀՌՈՒԹ. Chapter 2

1 Նոոմինի ամուսինը մի ազգական ունէր, մեծ կարողութեան տէր մի մարդ՝ Ելիմելէքի ազգից։ Նրա անունը Բոոս էր։ Նա այրի Նոոմինին տուն տուեց, որ բնակուի նրա մէջ։
2 Մովաբացի Հռութն ասաց Նոոմինին. Գնամ արտը եւ ում մօտ բարեհաճութիւն գտնեմ, նրա յետեւից հասկեր հաւաքեմ։ Նա ասաց նրան. Գնա՛, աղջի՛կս։
3 Նա գնաց եւ մտնելով արտի մէջ՝ հասկ էր հաւաքում հնձողների յետեւից. եւ այնպես պատահեց, որ նա ընկնի արտի այն մասը, որը Ելիմելէքի ազգական Բոոսինն էր։
4 Եւ ահա Բոոսը եկաւ Բեթղեհէմից եւ ասաց իր հնձուորներին. Տէրը ձեզ հետ։ Նրանք ասացին. Տէրը օրհնի քեզ։
5 Եւ Բոոսը հնձուորների վրայ նշանակուած ծառային ասաց. Ո՞ւմ աղջիկն է դա։
6 Հնձուորների վրայ նշանակուած ծառան պատասխանեց ու ասաց. Դա մովաբացի աղջիկն է, որ Նոոմինի հետ վերադարձաւ Մովաբի դաշտից եւ ասաց.
7 Թո՛ղ, որ հնձուորների յետեւից հասկաքաղ անեմ եւ խուրձերից ընկածները հաւաքեմ։ Եկել ու մնացել է այստեղ առաւօտից մինչեւ այժմ, մի փոքր դադար էլ չտուեց այս արտում։
8 Բոոսն ասաց Հռութին. Լսի՛ր, աղջի՛կս, հասկ հաւաքելու համար ուրիշ տեղ, ուրիշի արտը չգնաս, այստեղից ոչ մի տեղ չգնաս, այլ հէնց այստեղ, ինձ ծառայող աղջիկների մօտ մնա՛։
9 Թող քո աչքերը լինեն այն արտի վրայ, որտեղ հունձ են անում, եւ նրա՛նց յետեւից գնա։ Չէ՞ որ ես պատուիրել եմ իմ պատանիներին, որ քեզ չդիպչեն։ Եթէ ծարաւես, գնա՛ ամանների մօտ եւ խմի՛ր այդ պատանիների հանած ջրից։
10 Աղջիկն ընկաւ երեսի վրայ եւ մինչեւ գետին խոնարհուելով՝ երկրպագութիւն արեց ու ասաց. Ինչի՞ց է, որ քո բարեհաճութեանն արժանացայ, եւ դու հետաքրքրուեցիր ինձնով, թէեւ ես մի օտար կին եմ։
11 Բոոսը պատասխան տուեց եւ ասաց. Ինձ պատմել են այն ամէնը, ինչ որ արել ես դու քո սկեսրոջ համար ամուսնուդ մահուանից յետոյ. թէ ինչպէս թողել ես քո հօրն ու մօրը, քո ծննդավայրը եւ եկել ես այն ժողովրդի մօտ, որին առաջ չէիր ճանաչում։
12 Քո արածի համար թող Տէրը հատուցի քեզ, թող քո վարձը անպակաս լինի Իսրայէլի Տէր Աստծու կողմից, որին դու դիմել ես՝ նրա թեւերի տակ ապաստան գտնելու համար։
13 Հռութն ասաց. Տէ՛ր իմ, քո առաջ շնորհ գտայ, դու մխիթարեցիր ինձ, քանի որ քո աղախնի սրտից խօսեցիր. թող ես էլ քո աղախիններից մէկը լինեմ։
14 Բոոսը նրան ասաց. Ահա ճաշի ժամ է, մօտեցի՛ր այստեղ, կե՛ր հացից եւ պատառդ թաթախի՛ր քացախով պատրաստուած հիւթի մէջ։ Հռութը նստեց հնձուորների մօտ, Բոոսը նրա համար փոխինձ պատրաստեց, նա կերաւ, յագեցաւ, աւելացածը պահեց
15 եւ վեր կացաւ հասկ հաւաքելու։ Բոոսն իր պատանիներին պատուիրեց եւ ասաց. Թող խուրձերի միջից էլ հաւաքի, մի՛ ամաչեցնէք նրան,
16 այլ տարէ՛ք, կուտակուած խուրձերից էլ նրա առաջը գցէ՛ք, թո՛յլ տուէք ուտի եւ հասկ հաւաքի, մի՛ յանդիմանէք նրան։
17 Նա մինչեւ երեկոյ այդ արտի մէջ հաւաքեց, հաւաքածը ծեծեց, եւ դա մի տոպրակ գարի եղաւ։
18 Նա առաւ այն եւ քաղաք մտաւ։ Երբ սկեսուրը տեսաւ նրա հաւաքածը, Հռութը հանեց, նրան տուեց այն, ինչ պահել էր կշտանալուց յետոյ։
19 Սկեսուրը նրան ասաց. Ո՞րտեղ հաւաքեցիր այսօր եւ ո՞րտեղ եղար. օրհնեալ լինի նա, ով լաւութիւն արեց քեզ։ Եւ Հռութն իր սկեսրոջը յայտնեց, թէ որտեղ է եղել եւ ասաց, թէ Բոոս է այն մարդու անունը, որի մօտ ինքը եղել է այն օրը։
20 Նոոմինն իր հարսին ասաց. Օրհնեալ լինի նա Տիրոջից, որ իր գութը չպակասեցրեց ողջերից եւ մեռածներից։ Նոոմինը նրան ասաց. Նա մեզ մօտիկ մարդ է, նա մեր ազգականներից է։
21 Հռութն ասաց իր սկեսրոջը. Ճիշտ է, նա ինձ ասաց՝ Ինձ ծառայող աղջիկների մօտ մնա՛, մինչեւ որ վերջացնեն իմ հունձը։
22 Նոոմինն իր հարս Հռութին ասաց. Լաւ է, աղջի՛կս, որ նրան ծառայող աղջիկների հետ լինես, եւ չլինի, թէ մի այլ արտում քեզ ուրիշը հանդիպի։
23 Եւ Հռութը միացաւ Բոոսին ծառայող աղջիկներին ու հասկ հաւաքեց մինչեւ գարու եւ ցորենի հնձի վերջը եւ ապրում էր իր սկեսրոջ մօտ։