ՓԻԼԻՊԵՑԻՆԵՐ. Chapter 4

1 Ուրեմն, իմ սիրելի՛ եւ ցանկալի՛ եղբայրներ, որ իմ ուրախութիւնն ու պսակն էք, այսպէս հաստատո՛ւն մնացէք ի Տէր, սիրելինե՛ր։
2 Խնդրում եմ Եւոդիային եւ խնդրում եմ Սիւնտիքին, որ նոյն խորհուրդն ունենան ի Տէր։
3 Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազատ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որոնք աւետարանի համար պայքարեցին ինձ հետ Կղեմէսի եւ իմ միւս գործակիցների հետ միասին. նրանց անունները կեանքի գրքի մէջ են։
4 Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։
5 Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։
6 Հոգ մի՛ արէք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։
7 Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով։
8 Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք։
9 Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք։ Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ։
10 Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում։
11 Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։
12 Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել։ Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ՛ առատութեան մէջ լինել, թէ՛ զրկանք կրել։
13 Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց։
14 Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ։
15 Դուք էլ գիտէք, փիլիպեցինե՛ր, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ո՛չ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից,
16 որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ։
17 Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին։
18 Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի։
19 Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով։
20 Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։
21 Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս։
22 Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են։
23 Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են։
24 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամէն։