1 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 3

1 Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի։
2 Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէ՛կ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ,
3 ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին,
4 որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ
5 (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կը լինի),
6 ոչ նորադարձ, որպէսզի, գոռոզանալով, Սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի.
7 այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաե՛ւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ Սատանայի որոգայթների մէջ։
8 Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ,
9 այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով։
10 Նախ իրենք թող փորձի ենթարկուեն եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն։
11 Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում։
12 Սարկաւագները թող մէ՛կ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն,
13 որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կ՚ունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ։
14 Քեզ գրում եմ այս բանը, որովհետեւ յոյս ունեմ, որ շուտով կը գամ։
15 Իսկ եթէ ուշանամ, դու կ՚իմանաս, թէ ինչպէս պէտք է վարուես Աստծու տան մէջ, որ կենդանի Աստծու եկեղեցին է՝ սիւն եւ հաստատութիւն ճշմարտութեան։
16 Եւ յայտնապէս մեծ է աստուածապաշտութեան խորհուրդը, որ յայտնուեց մարմնով, արդարացաւ Հոգով, երեւաց հրեշտակներին, քարոզուեց հեթանոսների մէջ, հաւատալի եղաւ աշխարհում եւ երկինք վերացաւ փառքով։