1 ՏԻՄՈԹԷՈՍ. Chapter 4

1 Եւ Սուրբ Հոգին յայտնապէս ասում է, թէ վերջին ժամանակներում ոմանք պիտի հեռանան հաւատից եւ իրենց ուշադրութիւնը պիտի դարձնեն մոլորեցնող ոգիների վրայ եւ դեւերի վարդապետութիւնների վրայ՝
2 տարուած ստախօսների կեղծաւորութեամբ, որոնց խղճմտանքը խարանուած է,
3 որոնք արգելում են ամուսնանալ եւ հեռու են պահում այն կերակուրներից, որ Աստուած ստեղծեց, որպէսզի հաւատացեալները եւ ճշմարտութեան վերահասու եղողները գոհութեամբ վայելեն.
4 որովհետեւ Աստծու բոլոր ստեղծածները լաւ են, եւ խոտան բան չկայ, մանաւանդ երբ դրանք գոհութեամբ են ընդունւում.
5 քանի որ Աստծու խօսքով եւ աղօթքով ամէն բան մաքրւում է։
6 Այս խրատը տալով եղբայրներին՝ Քրիստոս Յիսուսի մի բարի պաշտօնեայ կը լինես՝ սնուած հաւատի խօսքերով եւ այն բարի վարդապետութեամբ, որին հետամուտ իսկ եղար.
7 բայց պիղծ խօսքերից եւ պառաւական առասպելներից հրաժարուի՛ր. եւ դու քեզ մարզի՛ր աստուածապաշտութեամբ,
8 որովհետեւ մարմնի մարզումը քիչ բանի է օգտակար, մինչ աստուածապաշտութիւնը օգտակար է ամէն ինչի. եւ նա ունի կեանքի աւետիսը, ա՛յս կեանքի եւ հանդերձեալի։
9 Ճիշտ է այս խօսքը եւ արժանի է ամենայն ընդունելութեան,
10 որովհետեւ այս բանի համար իսկ տքնում ենք եւ նախատինքներ կրում. քանի որ մեր յոյսը դրել ենք կենդանի Աստծու վրայ, որ Փրկիչն է բոլոր մարդկանց, մանաւանդ՝ հաւատացեալների։
11 Պատուիրի՛ր այդ եւ ուսուցանի՛ր.
12 թող ոչ ոք քո երիտասարդութիւնը չարհամարհի, այլ օրինա՛կ եղիր հաւատացեալներին խօսքով, վարմունքով, սիրով, հաւատով, մաքրութեամբ։
13 Մինչեւ իմ գալը, հետամտի՛ր Աստծու խօսքը ընթերցել, յորդորել եւ ուսուցանել հաւատացեալներին։
14 Զանց մի՛ առ այն շնորհը, որ քո մէջ է, որ տրուեց քեզ մարգարէութեամբ, երէցների ձեռնադրումով։
15 Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին։
16 Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ։